Բարդ լիցենզիան կբարդացնի մեր եւ ձեր կյանքը

20/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«Վեբ» ընկերությունն առաջիններից է, որ բիզնես գործունեություն է սկսել տվյալների փոխանցման շուկայում: Դեռ 1996-ին այս ընկերությունը փորձում էր «ԱրմենՏելի» մենաշնորհը շրջանցելու ձեւեր գտնել եւ մասնակի օգտվում էր գերմանական «Դեզի» կազմակերպության կողմից Հայաստանում գիտական մտքի զարգացման համար Ֆիզիկայի ինստիտուտին տրված ալեհավաքի հնարավորություններից:

Ի վերջո, գիտական աշխարհն ընդվզեց, որ գիտական մտքի զարգացման համար ստիպված են ինտերնետ կապի համար վճարել «Վեբ» ընկերությանը: Իսկ ահա «Վեբն» էլ պարզաբանում էր, որ ալեհավաքի սպասարկման ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է ալեհավաքի որոշ հնարավորություններ օգտագործել կոմերցիոն նպատակներով: Սակայն խնդիրն այն էր, որ «Վեբը» չէր կարող ներքին շուկայում ծառայություններ մատուցել. սա արդեն տվյալների փոխանցման մենաշնորհի խախտում էր: Միակ գնորդն այս պարագայում գիտահետազոտական միավորներն էին: Ինչպես ասում են՝ ժամանակները փոխվել են եւ հնացած վեճի համար էլ տեղ չի մնացել: Նվեր ստացած ալեհավաքն էլ իր հնարավորություններով վերջին սերնդի նմուշ է համարվում: Իսկ «Վեբ» ընկերությունը, ժամանակին համահունչ, անցել է նոր տեխնոլոգիաների: Արդեն ունի սեփական 4 ալեհավաք, որով էլ պայմանավորված՝ 4-5 անգամ կրճատվել են տվյալների ուղարկման ծախսերը: Սակայն էժան ինտերնետ ունենալու համար դեռ վաղ է ուրախանալ: Պետական հերթական միջամտությունը պետական տուրքի նոր շեմ է առաջարկել ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորներին: Դժվար թե գտնվի մի օպերատոր, որը պատրաստվի պետական բյուջեն հարստացնել սեփական եկամուտների հաշվին: Որպես կանոն, այս ծախսն էլ կներառվի առաջարկվող ծառայությունների գնի մեջ:

«Վեբ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնոյանը նշում է, որ ինտերնետ ծառայություններ մատուցելու համար նախկինում ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից ստանում էին պարզ լիցենզիա, որի համար վճարում էին տարեկան 100 հազար դրամ: «Հիմա լիցենզիայի տրամադրման գործառույթը ստանձնած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորներին պարտադրում է ստանալ հանրային ցանցերի միջոցով ծառայություններ մատուցողի լիցենզիա: Այս տիպի լիցենզիան նախատեսված է մեծ օպերատորների համար, ինչպիսին «ԱրմենՏելն» ու «Վիվա Սելլն» են, որոնք տալիս են ձայնային, բարդ ծառայություններ: Պարզաբանում ստանալու համար մի քանի անգամ դիմել ենք պետական կարգավորողին, թե որն է լիցենզիայի տիպի փոփոխման պատճառը: Մեզ պատասխանել են, որ օպերատորի բարդ լիցենզիայի ստացումը պարտադիր պայման է: Թեպետ մենք համաձայն չենք, որ տրամադրում ենք բարդ ծառայություններ, սակայն, որքան էլ զարմանալի է, բոլորն էլ գնացել եւ ստացել են նոր լիցենզիան: Նոր լիցենզիայի տարեկան տուրքը մոտ 3մլն դրամ է սահմանված, որը ոչ բոլոր ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են ի վիճակի վճարել: Հիմա էլ կարգավորողին առաջարկել են փոփոխել պետական տուրքի շեմը: Սակայն գումարը չէ, որ պետք է փոփոխել, պետք է հստակ սահմանել, թե ո՞վ՝ ի՞նչ լիցենզիայով պետք է աշխատի: Ինտերնետ ծառայության դեպքում բարդ լիցենզիա պահանջելը սխալ է: Այն կբարդացնի թե՛ մեր եւ թե՛ նրանց կյանքը: Բացի այդ, բարդ լիցենզիան պարտադրում է տեղեկատվություն տրամադրել կարգավորողին: Ինտերնետ ծառայություն մատուցողի համար սա անհասկանալի է: Ենթադրենք՝ մի նոր հանգույց ենք տեղադրել մի տեղ, սա նշանակում է, որ այս սարքի նախագիծը եւ այս սարքի հետ էլ կապված ինքնարժեքը պետք է շտապ ներկայացնենք հանձնաժողովին: Վաղը հնարավոր է՝ նույն սարքը հանես եւ տեղադրես այլ վայրում, այլ ուղղությամբ: Անհեթեթ վիճակ է ստեղծվում: Մի կողմից չեն կարող վերահսկել, մյուս կողմից էլ՝ ցանկացած պահի կարող են տարբերություններ գտնել ներկայացրած նախագծերի ու փաստացի ունեցածի միջեւ: Սրանք լծակներ են, որոնց միջոցով հանձնաժողովը կարող է ուժ գործադրել»,- մեկնաբանում է Ա. Տոնոյանը:

«Վեբ» ընկերության ունեցած հնարավորությունների մասին տնօրենն ասում է, որ ունեն սեփական օպտիկամանրաթելային ցանցը, որը ծածկում է գրեթե ողջ մայրաքաղաքը: Իսկ գծի թողունակության հնարավորությունները գրեթե անսահմանափակ են գնահատվում: Ինտերնետ ծառայությունների մատուցման գրեթե բոլոր տարբերակներն էլ առաջարկում է այս կազմակերպությունը. մալուխային, DSL ցանցով, հեռախոսագծով, ռադիոկապով, արբանյակով: Գներն էլ ածանցվում են տրամադրած ծառայությունների որակից: Մալուխային ցանցով լավ ինտերնետ ունենալու նվազագույն նախապայմանն արժե մոտ 600 հազար դրամ: Այս ծառայությունից հիմնականում օգտվում են առեւտրային մեծ կազմակերպությունները: DSL ցանցով միացումը միանվագ 60 հազար դրամ է, իսկ ամսական բաժանորդավարձը մեկ օգտագործողի համար 36 հազար դրամ է կազմում: Սովորական քաղաքացիներին կարող է բավարարել հեռախոսագծով ինտերնետին միացումը, որը ներկայումս բավականին էժան պայմաններով է առաջարկվում: Ա. Տոնոյանի գնահատմամբ՝ Հայաստանում ինտերնետին միացումն ավելի էժան է, քան արտերկրում: «Վեբ» ընկերության աշխատակազմը բաղկացած է 36 հոգուց: Չափազանց առաջատար այս ոլորտը մարդկային մեծ ռեսուրսներ չի պահանջում: Այլ ունի լավ գիտելիքներ ունեցող մասնագետների եւ անընդհատ ներդրումների կարիք: «Տեղական ներդրողներին կողմնորոշելու առումով պետական կարգավորողը պետք է մասնակցություն ունենա եւ ոչ թե հետաքրքրվի միայն վերջնարդյունքով»,- հանձնաժողովի համար որպես ի գիտություն՝ առաջարկում է մեր զրուցակիցը:

Հին ընկերոջից` «ԱրմենՏելից» դժգոհելու խնդիր «Վեբն» էլ ունի: Դանդաղկոտ են ու անպատասխան են թողնում սովորական գործնական նամակագրությունը: