Այս օրերին հեռուստատեսային ամբողջ եթերը ողողված է նախընտրական գովազդներով, եւ հասարակությունն ակտիվորեն քննարկում է ընտրությունների թեման: Տաքսու վարորդները նույնպես փորձում են գնահատական տալ նախընտրական իրադարձություններին: Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են: Մեր այս հարցին վարորդները, որպես կանոն, հարցով էին պատասխանում. «Իսկ դուք ո՞ր կուսակցությունից եք»:
«Էս ընտրությունները մարազմատիկ են լինելու»
Վարորդ Ռուբենը վստահեցնում է, որ իր ուղեւորներից շատերը կուսակցական են. «Գլուխս արդուկում են, թե մեր կուսակցությունն էս ա անելու, էն ա անելու: Ե՞րբ պիտի ընտրվեն, պրծնեն, գլուխներս դինջանա: Դրա համար, որ հարցրեցիք, մտածեցի՝ քարոզչություն եք անում»,- ասում է նա ու փորձում վերլուծել ներքաղաքական մթնոլորտը: «Էս ընտրությունները մարազմատիկ են լինելու, խոսքերս լավ հիշեք: Տեսեք, թե ինչ ագրեսիվ պայքար ա սկսվել: Ես ամեն օր փորձում եմ հետեւել նորություններին ու ապշում եմ, երբ հայտարարում են, թե էսինչ դեպքն ա գրանցվել: Փորձի համար մի շաբաթ պարտադիր նայեք լուրերը ու կտեսնեք, որ ամեն օր մի դեպք լինում ա: Մի օր մեկի վրա կրակում են, մյուս օրը մեկի ավտոն կամ շտաբն են պայթեցնում, ձերբակալում, ծեծում, սպանում են: Ես պատկերացնում եմ, թե մայիսի 7-8-ի կողմերը ինչ «փլավներ են եփվելու»: Ամենաահավորն էն ա, որ ոչ մի անգամ չի եղել, որ էդ նույն լուրերով լսենք, որ էսինչ հանցագործությունը բացահայտվել ա: Օրինակ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբները որ պայթեցրին, չէ՞ որ էնտեղ խաղաղ բնակիչներն էլ տուժեցին: Մենակ էդ վախը հերիք էր, մարդը կարար շաքար ստանար, չէ՞: Հիմա նենց են խոսում, որ` ի՞նչ ա եղել, որ, ամեն ինչ նորմալ ա: Ասում են, որ իրավապահ մարմինները կբացահայտեն, բայց մենք հո գիտե՞նք, որ էդ գործն էլ ա քնելու, Գյումրիի քաղաքապետի գործն էլ ա քնելու, բոլոր հանցագործություններն էլ ժամանակի հետ մոռացվում են»,- ասում է Ռուբենն ու խոստովանում, որ ինքը որպես ՀՀ քաղաքացի՝ վախենում է: «Վախենում եմ, որովհետեւ երկու ուսանող երեխա ունեմ: Ընտրությունների օրը չեմ թողնելու տանից դուրս գան: Էն օրը մտածում եմ, ասում եմ` բա որ գնանք ընտրելու, ու էդ պահին մեկը մյուսի վրա կրակեց, կամ տեղամասում մի կռիվ լինի: Եթե մեզ մի բան եղավ, ո՞վ ա մեր գլխի տերը, իրավապահնե՞րը: Իրավապահները թափովների գլխին են կանգնած, որ կոծկեն, ոչ թե բացահայտեն: Ամեն օր տանից դուրս գալուց առաջ երեխեքիս ասում եմ` զգույշ կլինեք: Ինստիտուտներում էլ են էդ ընտրությունների համար կռվողները լիքը: Տղես ասում ա, որ լիքը ջահել-ջուհուլ երեխեք մտնում են էդ կեղտոտ խաղերի մեջ: Ջահել են, տաքարյուն, մի երկու բառով իրար չեն հասկանա ու վեճի կբռնվեն: Որ մի բան լինի՝ ոտքով-գլխով կկորեմ: Ընդհանրապես ես իրանց արգելել եմ էդ կուսակցական ու քաղաքական կեղտոտ խաղերի մեջ մտնել»,- ասում է Ռուբենն ու մեր իշխանություններին կոչ անում գոնե ձեւի համար հանցագործության մի դեպք բացահայտել եւ պատժել կատարողին: «Գոնե իրենց հեղինակության համար թող բացահայտեն, որ ժողովրդի աչքին մի քիչ մաքուր երեւան, թե չէ՝ էս բեսպրեդելն էլ սահման չի ճանաչում»:
Քաղաքը կեղտոտում են իրենց նկարներով
Վարորդ Սարգիսը նյարդայնացած է քաղաքի պատերը կեղտոտող նախընտրական գովազդային պլակատներից. «Էդ ի՞նչ են անում, սաղ քաղաքը կեղտոտում են՝ Դաշնակցությունը, Արտաշես Գեղամյանը, բա Ստեփան Դեմիրճյանը, որ սահմանադրական ճանապարհից է խոսում, ամոթ չե՞ն անում, անունով՝ օպոզիցիա են: Այ մարդ, դրանցից ո՞ր մեկն ա ընտրություններից հետո էդ կեղտը մաքրելու պատերից, թե՞ մինչեւ մյուս ընտրություններն էլի իրանց դեմքերն ենք տեսնելու: Տես, քուր ջան, օրինակ, Հանրապետական կուսակցությունը, էդ մարդիկ քաղաքը չեն կեղտոտում, մեծ գովազդներ են տեղադրում կամ խանութների ապակիներին են սկոտչով կպցնում, ընտրությունները կպրծնեն՝ կհանեն դրանք, պատերը էլի մաքուր կմնան: Հենց թեկուզ դրա համար ես Հանրապետական կուսակցությանն եմ ընտրելու: Մենակ դրա համար՝ չէ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանին շատ էինք հարգում, տեսա՞ք՝ թաղմանն ինչ էր կատարվում: Ժողովուրդը գնահատում էր: Հիմա էլ Սերժ Սարգսյանն ա էդ կուսակցության գլխին, մարդը տիրապետում ա սաղ հարցերին, հենց ընենց չի խոսում: Երեւի հենց ինքն էլ չի թողնում, որ քաղաքի տեսքը փչացնեն: Մենակ չեմ հասկանում՝ էդ քաղաքապետն ու իրավապահ կոչվածները խի՞ էդ նկարներ կպցնողների հախից չեն գալիս, չեն արգելում»:
«Չունեւորին ընտրելով՝ մենք մեր գլխին սարքելու ենք»
Վարորդ Կարենը 2000 թվականից սկսած բնակվել է Ռուսաստանում եւ անցյալ տարի է վերադարձել Հայաստան: «Հետո էլ մարդկանց մեղադրում են Հայաստանից փախնելու համար: Էստեղ կյանքը սարսափելի դժվար է: Անկեղծ եմ ասում, ախր մարդը մի կյանք է ապրում եւ ուզում է մի քիչ մարդավարի ապրել: Ռուսաստանում էլ շատ էի աշխատում, առավոտից իրիկուն տանջվում էի, բայց ընտանիքիս շատ լավ պահում էի, ինձ լավ էի զգում: «Գազել» էի քշում, հոգնած-ջարդված գնում էի տուն, վաննան տաք ջրով լցնում էի ու մի 5-10 րոպե ջրի մեջ հանգստանալով՝ մի բաժակ գարեջուր էի խմում, հոգնածությունս լրիվ անցնում էր: Էդ մի վաննան մարդու մարմինը հանգստացնում էր, իսկ էստեղ ոչ մի պայման չկա, որ մարդն իրեն մի քիչ լավ զգա: Ջուրն ի՞նչ ա, որ մեր սարերից եկող, բնության տված ջուրը մարդու վրա ծախում են: Ատոմակայանի հոսանքը մեր վրա 25 դրամ են հաշվում, իսկ վրացիներին 15 դրամով են տալիս: Հասկանո՞ւմ եք, հայ մարդն իրեն լավ չի զգում իր երկրում, մանավանդ, որ դուրս ես գալիս ու տեսնում ես, թե ուրիշ երկրում էդ երկրի քաղաքացու համար պետությունն ինչ պայմաններ ա ստեղծում: Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ ռուս մարդն իրեն իր երկրի տերը զգա, անգամ օտարազգի մարդիկ են էնտեղ իրենց լավ զգում, իսկ Հայաստանում ճնշվում ես, ամեն ինչի համար պայքարում ես` օդի, ջրի, լույսի…»,- բարկացած ասում է Կարենն, ով Ռուսաստանից վերադառնալուն պես մեքենա է գնել եւ սկսել է տաքսի քշել: «Ես գնալու եմ ընտրությունների, բայց ընտրելու եմ նոր մարդկանց, ովքեր իշխանության մեջ չեն եղել, որովհետեւ էն լծակները, որ իրենք ունեին՝ կարող էին օգտագործել, որ մեր վիճակը լավացնեն: Կարող է «Բարգավաճ Հայաստանին» ընտրեմ, որովհետեւ ես էսպես եմ մտածում. Գագիկ Ծառուկյանը հարուստ է ու, եթե գա իշխանության` չի թալանի: Չգիտեմ, ինձ էդպես է թվում, որ չունեւոր մարդուն ընտրելով՝ մենք մեր գլխին սարքելու ենք, որովհետեւ ընտրվելուց հետո մենակ զբաղվելու է իրեն ու իր հարազատներին հարստացնելով: Կարծում եմ, պետք է նոր մարդկանց ընտրենք, թե չէ նրանց, ովքեր եղել են իշխանության մեջ, արդեն 5 մատի պես ճանաչում ենք»,- վստահեցնում է Կարենն ու դժգոհում, որ մարդիկ ընդդիմադիր գործիչներին ճանաչելու հնարավորություն չունեն: «Ճիշտ է, ես մեկ տարի է, ինչ եկել եմ, բայց անկեղծ եմ ասում, որ չգիտեմ, թե ովքեր են ընդդիմություն ներկայացնում: Գիտեմ, որ Կարեն Դեմիրճյանի տղան էլ է պայքարում, բայց մյուսներին չեմ ճանաչում: Ես հիշում եմ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի միավորումը, երբ մեր մեջ հույս կար էլի: Ես էլ եմ մասնակցել էդ հավաքներին ու շատ էի հարգում, հատկապես Վազգենին: Հիմա, երբ նայում եմ ԱԺ նիստերը, շշմում եմ, որ էդ տեռորից հետո, ովքեր էնտեղ էին, հանգիստ իրենց համար նստել են իրենց աթոռներին: Նենց տպավորություն է, կարծես ոչ մի բան էլ չի եղել»:
Ո՞վ է հավատում նրա հեքիաթներին
Վարորդ Ներսեսի կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող թեկնածուները կարծում են, թե հասարակ մարդն այնքան անգրագետ է, որ կարելի է նրան խաբել: «Օրինակ, հիմա բոլորն ասում են, թե մեր նախընտրական ծրագրերում էսպիսի կետ ենք գրել, որ ընտրվելուց հետո սա ենք անելու, նա ենք անելու… Էն օրը լսում էի «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որ հաղորդավարին վրա էր տալիս: Մատն էլ թափ տալով ասում է, թե ծնելիությունն ավելացնելու համար ինչ առաջարկություն ունի, կամ բանկերի փողերի տոկոսները մատչելի դարձնելու համար ինչ ա պետք անել: Խի մարդիկ էնքան հիմար են, որ հավատա՞ն էդ հեքիաթներին: Ինքն ԱԺ նախագահ էր, էն ժամանակ ծնելիությունը բարձրացրե՞ց: Հենց էդ տարիներին իմ հարսը ծննդաբերեց: Հիվանդանոցում փող ուզողներն էնքան շատ էին, որ մինչեւ հիմա պարտք եմ փակում: Ծնելիությունը բարձրացնելու համար ինքը որպես ԱԺ նախագահ՝ թող առողջապահության համակարգի շորթողներին պատժեր: Ծնելուց առաջ հիմիկվա կանայք մի 3 տարի աշխատում, փող են հավաքում, նոր հղիանում, ծնում են ու հետո մի 3 տարի էլ սպասում են, որ մի հրաշքով փող կունենան, որ երկրորդին ունենան: Կամ էլ թե չէ, որ մեր նման մարդկանց հիմարացնում են, ինչո՞ւ չեն ասում, թե իրա կուսակցական ընկերները խի դուրս եկան: Չէ՞ որ մարդկանց մոտ շատ հարցականներ մնացին ու էդ հարցականներով չես ընտրի էն մարդուն, ով որ մութ ա քո համար: Նախընտրական ծրագրերով որ տենց յուղոտ խոսում են` թող մի հատ ասեն, թե ո՞նց են էդ ամեն ինչը անելու,- ասում է Ներսեսն ու վերջում ավելացնում,- Թող բոլորն էլ իմանան, որ մենք հիմար չենք ու մեզ չեն հիմարացրել: Շատ բաներ կան, որոնց պատասխանին դեռ սպասում ենք ու, եթե էդ պատասխանները չստանանք՝ իշխանություն չենք տա: Ինչքան էլ ասեն, թե ժողովրդի ձեռից իշխանությունը խլել են` չի ստացվի: Իշխանությունը ժողովրդինն ա, ու ժողովուրդը կընտրի արժանավորին»:
«Մեր նախագահը շատ էլ լավն ա»
Վարորդ Սեյրանն ասում է, որ դեռեւս տեղյակ չէ, թե իրենց ընտրատարածքում որ թեկնածուներն են առաջադրվել: «Կծանոթանամ թեկնածուներին ու կմտածեմ, թե ում ընտրեմ: Ես միշտ էլ մասնակցել եմ եւ իմ ձայնին տեր եմ կանգնել, իսկ ով որ չի գնում ու սկսում ա լաց լինել` նման մարդկանց ես չեմ հարգում: Էսօր շատերն են տունը նստած սպասում, որ ինչ-որ բան փոխվի, բայց ընտրության օրն ալարում են էդ 2 քայլ տեղը գնալ-ընտրել: Ուր պտտվում ես` դժգոհում ու ղեկավարներին են հայհոյում: Մեկը հարցնող լինի` դու որպես քաղաքացի՝ ի՞նչ ես անում, 4 տարին մի անգամ քո ու քո երկրի համար 2 քայլ պիտի անես, բայց ալարում ես տեղիցդ շարժվել»,- ասում է Սեյրանն ու խորհուրդ տալիս տրտնջալու փոխարեն՝ ամեն ինչին սթափ նայել: «Էն ժամանակ, որ հայ ժողովուրդը հացին կակա էր ասում` հիմա թող ճիշտը խոսա: Էսօր աշխատանքն էլ, հացն էլ, ապրուստն էլ թափած ա: Էսօր կյանքը շատ ա լավացել, ու էն ծույլ մարդը, որ աշխատել չի սիրում, իրա ծուլությունն արդարացնելու համար միշտ էլ ղեկավարությանն ա մեղադրում: Ես շատ էլ հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին ու, եթե նորից նախագահականին առաջադրվի` իրան կընտրեմ: Մարդկանց թվում ա, թե մեկին ընտրելուց հետո պիտի երկնքից կարմիր խնձոր ընկնի: Լավ էլ աշխատում ա, լավ էլ բարելավում ա, ուղղակի էն մութ ու ցրտից հետո մեր ազգը նվնվացող ա դարձել»:
«Հալլ ա հա քեզ, չար սատանա»
Վարորդ Լեւոնը զարմանում է, երբ մեծահարուստները կամ ընտրություններին մասնակցող թեկնածուներն ամբիոններից խոսում են իրավական պետության մասին: «Օրինակ` էն օրը Ծառուկյանի կուսակցության գովազդն էին դրել ու բուկլետի էդ տողն էին ցույց տալիս` իրավական պետություն: Հալլ ա հա քեզ, չար սատանա: Իրավական պետություն ստեղծելու համար նախ թող իրանք իրանց նայեն: Ամեն մեկը մի 6 հատ ախրանայով ա ման գալիս: Հանկարծ որ սխալվես կողքով անցնես` նենց կդնգստեն ու շանսատակ կանեն, որ դիակդ էլ չեն գտնի: Ծառուկյանն իրավական պետություն ստեղծելու համար նախ ինքն իրա ախրանային պիտի դաստիարակի ու հասկացնի, որ իրանց գործը Ծառուկյանին հսկելն ա, ոչ թե Ծառուկյանի կողքի մարդկանց սատկացնելը: Ես Առինջում բարեկամ ունեմ, ու դա, որ պատմում ա, նենց տպավորություն ա, կարծես գաղութում են ապրում: Ճիշտ ա, սաղին լավ օգնում ա, թիկունքներին կանգնած ա, բայց սաղին վախի մեջ ա պահում: Թող հըլը մեկն իրան չընտրի…»,- ասում է Լեւոնն ու հայտարարում, որ այն թեկնածուները, ովքեր իրավական պետություն ստեղծելու մտադրություն ունեն` պետք է ինքնամաքրվեն, որովհետեւ` «Իրանք են օրենք խախտողն էլ, հանցագործություն կատարողն էլ, իրավունք ոտնահարողն էլ: Իմ նման մարդիկ օրենք չեն խախտում, որովհետեւ մեր նման մարդկանց համար դա կործանում ա: Իսկ իրանք թող իրանց պատժեն, դաստիարակվեն, ա՛յ էդ ժամանակ մենք իրավունքի ու օրենքի երկիր կլինենք»: