Մեր նկարած երջանկությունը

10/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանը հակասությունների երկիր է։ Մեր մոտ հակասական է ամեն ինչ։ «ՀՀ բյուջեի մասին» օրենքով կառավարությունը պարտավոր է բյուջեի կատարողականությունը Ազգային ժողով ներկայացնել մինչեւ մայիսի 1-ը։ Կենտրոնական բանկն իր նախորդ տարվա բյուջե-հաշվետվությունը պարտավոր է ներկայացնել մինչեւ հուլիսի 1-ը։ Այսինքն` օրենքները պահանջում են ընդհանուրն ամփոփել ավելի շուտ, քան դրա բաղկացուցիչ մի մասը։ օրենսդրական այս հակասությանը պետք չէ լուրջ վերաբերվել։ Խորհրդարանն էլ անհրաժեշտ լրջությամբ չի վերլուծում բյուջեի կատարողականը։ (ԱԺ-ն դրա համար անհրաժեշտ ինտելեկտուալ ներուժ ունի, թե ոչ, դա լրիվ առանձին թեմա է)։

Մեկ ուրիշ` «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մասին» օրենքը պարտադրում է, որ այս մարմինն անցած տարվա հաշվետվությունը հրապարակի մինչեւ մարտի 1-ը։ Այս ազգային ծառայությունը մի քանի օր առաջ կատարելով իր օրինական պարտականությունները, հրապարակեց 2004-ի սոցիալ-տնտեսական վիճակագրությունը։ Զավեշտն այն է, որ այս հաշվետվության մեջ «հարկաբյուջետային հատված» անունը կրող բաժին կա։ Փաստորեն` Վիճծառայությունը պարտավորված է առնվազն երկու ամիս շուտ ամփոփել բյուջեի հիմնական ցուցանիշները, քան ՀՀ կառավարությունը։ Եվ այս օրենսդրական, հակասական պահանջների արդյունքում ապրիլի վերջին կառավարության ստվարածավալ հաշվետվությունը զուտ մտահայեցողական բնույթ կստանա։ Այսինքն` կդառնա վաճառքի հանվող անցած տարվա օրացույց։ Հնարավոր է, այս պատճառով է, որ պատգամավորները մայիս-հունիս ամիսներին բանի տեղ չեն դնում բյուջեի կատարողականը։ Այն վերջին տարիներին հաստատվում է ամառային արձակուրդների սկզբին գումարվող որեւէ արտահերթ նիստում։

Նման պասիվ մոտեցումը թե՛ օրենսդրական խառնաշփոթին, թե՛ բուն կատարողականին, այլ բացատրություն էլ կարող է ունենալ։ Տնտեսական վիճակագրությունն ու հաշվետվությունը Հայաստանում գնահատվում է պակաս արժանահավատ։ Մեղմ ասած, իհարկե։ Որովհետեւ դրանք կարծես նկարագրում են ոչ թե այն երկիրը, ուր մենք ապրում ենք, այլ` մեր չինովնիկների երազների Հայրենիքը։

ՀՀ քաղաքացիների տրամադրությունը չփչացնելու նպատակով 2000-ականներին ամեն տարի ՀՆԱ-ի երկնիշ աճ է նկարվում։ 2004-ի ՀՆԱ-ի աճը բացառություն չէ` 10,1%։ Սխալ կլինի միանշանակ պնդել, թե այս տվյալները անկապ են։ Տնտեսական աճի պաշտոնական վիճակագրությունը որոշակի տրամաբանություն ունի։ Օրինակ, բոլորը գիտեն, որ Հայաստանը արդյունաբերական գործող լուրջ համակարգ չունի։ Վիճակագիրներն էլ գիտեն դա։ Եվ չեն ուզում հակադրվել հասարակական կարծիքի հետ։ Արդյունքում` արդյունաբերության աճը համեստ թվերով է ներկայացվում` 2%։ Իսկ եթե հարցնեք, թե որ ոլորտի հաշվին է աճի երկնիշ թիվը, կստանաք առերեւույթ տրամաբանական պատասխան` գյուղատնտեսության (14,5%) եւ շինարարության (17,2%)։ Մի էլ փորձեք հիշել, որ վերջին 3 տարիները գյուղատնտեսության համար նպաստավոր չէին։ Որովհետեւ վիճակագիրները սկսել են աճի ցուցադրման նրբագույն հնարներ բանեցնել։ Օրինակ` եթե ձեզ թվա, որ շինարարության աճի 17%-ը քիչ է, անմիջապես կառաջարկեն նայել ներքեւի տողը։ Այնտեղ գրված է` «շինարարությունը առանց 2003 թ. Լինսի հիմնադրամի գործոնի հաշվառման աճել է 44,4%»։ Սա հատուկ ընդգծված ցուցանիշ է, որ հավանաբար պատկառանք պիտի ձեւավորի առ տնտեսական աճ եւ բարգավաճում։

Վիճակագրությունը, որպեսզի չփչացնի «Հայաստան երկիր տնտեսական դրախտավայրի» պատկերը, ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերությանը մոտ 20% է հատկացնում։ Ցավոք, թվերն ուսումնասիրող ցանկացած ոք կհիասթափվի` պարզելով, որ արդյունաբերություն հպարտ անունը կրող երեւույթն իրականում սննդի, խմիչքի եւ ծխախոտի արտադրությունն է (54%)։ Հիասթափության զգացումը հաղթահարելու համար լավ պատկեր նկարագրվեց հարկաբյուջետային հատվածում։ Միմյանց կարող ենք շնորհավորել` 2004-ի բյուջեն կատարված է։ Հատկապես` եկամուտների հատվածում։ Եկամուտներն աճել են 20%-ով։ Շահութահարկի աճը 2003-ի համեմատ կազմել է 82%, եկամտահարկինը` 21%։ Նույն հովվերգական պատկերն է նաեւ ծախսերի հատվածում։ Համարյա բոլոր ոլորտներում աճ կա։ Նույնիսկ կան պլանավորվածից ավելի ֆինանսավորված ուղղություններ։ Միակ թերֆինանսավորված բնագավառը չեք գուշակի թեկուզ 3 անգամ 33 փորձից` բնակարանային կոմունալ տնտեսություններին տրվել է նախատեսվածի կեսը` 54%։ ՀՀ քաղաքացուն, սակայն, սա չի տխրեցնի։ Դժվար թե որեւէ մեկը հիշի, թե վերջին անգամ երբ են պետական փողերով իրենց շենքի մուտքը կամ կտուրը նորոգել։

Լայն իմաստով, մեր վիճակագրությունը տարեցտարի հմտանում է։ Ավելի «տրամաբանական» ու երջանիկ տնտեսական կյանք նկարագրելու գործում։ Օրինակ, երբ ամփոփվեց 2003-ը, տնտեսական աճը էլի երկնիշ թվով էր ներկայացված։ Հետո, փորձագետները, մամուլը, լուրջ անհամապատասխանություն նկատեցին հաշվետվության մեջ։ Անհասկանալի էր, թե ինչի հաշվին կարող էր առաջընթաց լինել, եթե նվազել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը։ 2004-ի ամփոփման ժամանակ այս սխալն ուղղվել է։ Էլեկտրաէներգիայի արտադրության դիմաց աճ է գրանցված։ Տարիներ շարունակ Հայաստանի արտաքին առեւտրի ծավալը 1 մլրդ դոլարից պակաս էր։ Փորձագետներն ու մամուլը պնդում էին, որ դրանք նկարված թվեր են եւ, որ հարկավոր է հանել ադամանդագործության առնվազն 400 մլն դոլարանոց մասնաբաժինն այդ թվերից։ Քանի որ ադամանդագործության ցուցանիշների տակ իրական արժեքը հազիվ թե 1-2 մլն դոլարից ավելի լիներ։ Պաշտոնական վիճակագրությունը ձեւացնում էր, թե չի հասկանում։ Հիմա, երբ արտաքին ապրանքաշրջանառությունը 2 մլրդ դոլար է նկարված, մեծահոգաբար նշվում է ադամանդագործության փայը` 450 մլն դոլար։ Եթե ցանկանում եք, կարող եք հանել, միեւնույն է, տակը փառահեղ թիվ կմնա` առնվազն 1,5 մլն դոլար։ Իսկ սա Հայաստանի արտաքին առեւտրի համար ամոթալի թիվ չէ։ Այնպես որ, Հայաստանում բոլորը սիրում են նկարել ու նկարում են ամեն ինչ` ընտրություններից մինչեւ տնտեսական վիճակագրություն։