Երեկ «Փաստարկ» ակումբում պատգամավորական ընտրությունների եւ հասարակության սպասելիքների մասին իր տեսակետներն էր հայտնում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ կուսակցության ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնող Ալվարդ Պետրոսյանը:
Նա նշեց, որ այս ընտրությունները «տարօրինակ խաղաղ» են ընթանում, եւ չեն ընկալվում որպես «փոքրիկ քաղաքացիական պատերազմ` լի տգեղ երեւույթներով»: «Հասարակության մեջ մի զանգված կա, որն ընտրություններից թամաշա է ակնկալում»,- ասաց նա: Ըստ նրա` «թամաշա» տեսնել ցանկացող մարդիկ հիմա կամ սկսել են «ըմբռնումով` առանց հարայ-հրոցի, մոտենալ ընտրություններին» կամ պարզապես ձանձրացել են:
«Մեզ կփրկի բարձր ինտելեկտը»,- ասաց Ա. Պետրոսյանը: Նա ցանկանում է խորհրդարանում բարձր ինտելեկտով մարդկանց տեսնել, քանի որ նրանց հետ բանավիճելն ավելի հետաքրքիր ու արդյունավետ է. «Եթե դիմացինդ գաղափարազուրկ է, դու էլ ես թառամում»: Իսկ օլիգարխների` պատգամավոր դառնալու համատարած ձգտումը նա բնական է համարում, սակայն հույս ունի, որ հաջորդ ընտրություններին Հայաստանի մեծահարուստները ոչ թե իրենց թեկնածությունները կառաջադրեն, այլ` իրենց կողմից վստահված ու գաղափարներ կրող պրոֆեսիոնալների կուղարկեն խորհրդարան:
«Ստրուկի ու մուրացկանի հոգեբանությունից ձերբազատվելու համար» Ա. Պետրոսյանը մի շատ դժվար ու կարեւոր ուղի է տեսնում. «Պետք է արժանապատիվ լինել»: Ըստ նրա` ազնիվ, մաքուր խիղճ ու ձգտումներ ունեցող մարդիկ շատ կան, պարզապես նրանք չեն երեւում:
Ա. Պետրոսյանը կարեւորում է «պերիֆերիկ մտածողությունից դուրս գալն» ու «գաղափարական, հոգեւոր մտքի հեղափոխությանը» պատրաստ լինելը: Նաեւ մտահոգվում է դրսից եկող, հայերին ոչ հարիր հովերի ներթափանցմամբ, ինչը «մեծ եղբայր ունենալու» հոգեվիճակի շարունակությունն է համարում: «25-րդ կադրի կամ հինգերորդ շարասյան գաղափարը» նա մտահոգիչ է համարում, քանի որ ոչ մի ամերիկյան կամ եվրոպական կազմակերպություն չի կարող հասկանալ Հայաստանի կյանքն այնպես, ինչպես հասկանում ենք մենք` հայաստանցիներս:
Նա նշեց, որ կուսակցությունները հիմա պարզապես «թվեր են կրակում»՝ նշելու համար իրենց անդամների քանակները, սակայն մոռանում են, որ «Հայաստանը Չինաստան չէ» եւ կուսակցության այդքան անդամ ունենալն անհնար է: «Դաշնակցությունը կարող էր ասել, որ 70 հազար անդամ ունի, բայց չի ասում, քանի որ մենք կայուն կուսակցություն ենք եւ չափի զգացողություն ունենք»,- ասաց նա: Եվ ավելացրեց. «Դաշնակ դառնալը հեշտ է, մնալը` դժվար»:
Իսկ այն հարցին` թե արդյո՞ք քաղաքականությունը չի վարկաբեկում մշակութային գործիչներին՝ իրենց օգտագործելով քարոզարշավներում, տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, ամերիկյան դերասանուհի Սյուզան Սարանդոնը պաստառները ձեռքին փողոց է դուրս գալիս ու բողոքում Իրաքյան պատերազմի դեմ: Նրան նայելով՝ ես հրճվում եմ: Ամեն ինչ կախված է նրանից` թե ինչպե՞ս ես մտնում քաղաքականություն եւ ի՞նչ ես ստանում: Իհարկե, բոլոր տեղերում էլ պատեհապաշտներ կան, որոնք կուսակցական տանիքներ են փնտրում: Նրանց մեղադրելը դժվար է, քանի որ նրանք ուզում են գումար աշխատել»: Ա.Պետրոսյանը նշեց, որ մեր օրերում հասարակությունից կորչում է ամոթի զգացումը, ինչն Աստծուն հավատալու պես բան է. «Ես աշխատում եմ այնպես անել, որ հետագայում ամոթի զգացում չունենամ: Ես երբեք չեմ մատնում մարդկանց ու չեմ կռվում մարդու հետ, եթե վստահ եմ, որ հաղթելու եմ նրան: Այն, ինչը բարձրաձայն ասել չեմ կարող` ցածրաձայն ասել չեմ ուզում»: Այս օրերին, սակայն, Ալվարդ Պետրոսյանից լրագրողներն այլ հարցերի պատասխան էին սպասում. մասնավորապես Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի դպրոցի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին, եւ այն, թե ինչպես նա իր եղբորը դպրոցի տնօրենի պաշտոնից հանեց, որպեսզի իր որդուն նշանակի տնօրեն: Սակայն նա որոշեց ընդհանուր բարոյական խրատ կարդալ ու խոսել մաքուր գաղափարների ու մարդկային ազնվության մասին: Նա չցանկացավ մեկնաբանել այդ հարցը, միայն ասաց, որ իր եղբայրը` նախկին տնօրեն Սամվել Պետրոսյանը, միեւնույն է, թոշակի պետք է անցներ, իսկ նրա փոխարեն որեւէ այլ մարդ նշանակվեր: «Իսկ ինչո՞ւ՝ ոչ իմ որդին: Նարեկը շատ ազնիվ, արժանապատիվ ու շնորհքով տղա է»,- ասաց նա: Իսկ ինչո՞ւ պետք է իր որդին նշանակվի եւ ոչ թե նկարչական արվեստի ոլորտից տաղանդավոր եւ արժանի մի այլ մարդ: Ա.Պետրոսյանը նկատեց, որ դա Կրթության նախարարի որոշումն էր, իսկ ինքը «մարդասպան չէ», որպեսզի սպառնա նախարարին: Իսկ Գեղարվեստի քոլեջը նա համարեց փլուզված ու սարսափելի վատ վիճակում հայտնված կառույց, որն ինքն անձամբ փրկել է կործանումից: Ավանդույթներ ունեցող այդ կրթօջախը հիմա շարունակում է ընտանեկան վեճերի կռվախնձոր մնալ, քանի որ Ա.Պետրոսյանը մտադիր չէ խորհուրդ տալ իր որդուն հրաժարվել պաշտոնից, իսկ նրա եղբայրը` նկարիչ Ս.Պետրոսյանը, մտադիր չէ իր զարմիկի նշանակումը խելամիտ քայլ համարել: