Խորհուրդներ տղամարդկանց

20/04/2007

* Ծանոթանալով որեւէ աղջկա (կամ կնոջ) հետ` մի փորձեք ամեն գնով պարզել` նա ուրիշ տղամարդու հետ է՞լ է հանդիպում, թե՞ ոչ:

* Կանանց կամակորություններին պետք չէ առանձնապես ուշադրություն դարձնել: Նման դեպքերում ավելի լավ է ասեք. «Երեւում է` այսօր տրամադրություն չունես, ուրիշ օր կհանդիպենք»: Սովորաբար այս բառերը մոգական ազդեցություն են ունենում կնոջ վրա:

* Եթե կինը կոկետուհի է, հնարավորություն մի՛ տվեք, որ նա ձեզ ստիպի խանդել իրեն: Թեեւ, եթե դուք դեռ ապագայի հետ կապված լուրջ պլաններ չունեք, կինն իրավունք ունի կոկետություն անելու:

* Տղամարդու մեջ կանայք գնահատում են ապագայի նկատմամբ լուրջ պլանները, հոգեկան հասունությունը, պատասխանատվության զգացումը. նման տղամարդու մեջ նրանք հենարան են տեսնում:

* Աշխատեք հաճախակի չքննադատել ձեր ընկերուհուն: Իսկ հաճոյախոսություններ անելը պարտադիր է, ամենաքիչը 2 անգամ՝ ամեն հանդիպման ժամանակ:

* Ձեր ընկերուհուն մի՛ տանջեք ավելորդ խանդոտությամբ:

* Հանդիպման եկեք ժամանակին, մի՛ ստիպեք կնոջը սպասել ձեզ: Իսկ պայմանավորվելու եւ չգալու մասին խոսք անգամ չի կարող լինել. դա ոչ միայն տղամարդուն վայել չէ, այլեւ պարզապես նշան է, որ դուք նրա նկատմամբ ոչ մի զգացում չունեք:

* Պետք չէ անհարմար զգալ, եթե դուք ֆինանսական դժվարություններ ունեք, եւ դրա պատճառով հրաժարվել ձեր սիրելիի հետ ազատ ժամանակն անցկացնելուց: Պարտադիր չէ, որ ամեն հանդիպման ժամանակ դուք որոշակի գումար ծախսեք, կարելի է պարզապես զբոսնել:

* Եթե կինը ձեզ նվիրել է իր լուսանկարը, պետք չէ այն ցույց տալ ձեր ընկերներին. իսկական ասպետն այդպես չի վարվում:

Եթե ձեր հարաբերությունները լուրջ են, ապա դուք պետք է ձեր ընկերուհուն բավականին ժամանակ հատկացնեք, հասարակության մեջ նրան առաջինը բարեւեք, առաջինը նրան հրավիրեք պարելու, առաջինը բռնեք նրա վերարկուն, եւն:

Հարաբերությունների խզումը հազվադեպ է վերջնական լինում, եթե լուրջ կոնֆլիկտն առաջին անգամ է: Հարցը բարդանում է, եթե դուք հաճախակի եք վիճում: Նման դեպքերում միշտ չէ, որ արժե հաշտվելու հերթական փորձն անել. երեւում է` դուք իսկապես իրար չեք հասկանում: Ինչ վերաբերում է պատահական վեճին, ապա որքան շուտ հաշտվեք, այնքան լավ. այդ դեպքում ավելի քիչ ցավ կպատճառեք միմյանց:

Երբեք մի՛ փորձեք դիմացինի սիրո ապացույցները գտնել: Եթե դուք այնպիսի տպավորություն եք ստանում, որ նրա զգացմունքները ձեր նկատմամբ սառել են, ցույց մի՛ տվեք, որ վիրավորված եք կամ նեղացած: Երբ մարդը կորցնում է իրեն, կարող է շատ մեծ սխալներ գործել: