29 մարդ գտնվել է

20/04/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեզանից շատերը երբեւիցե, թեկուզեւ մտովի, որոշած կլինեն փնտրել ու գտնել իրենց անհայտ կորած ընկերոջը, հարազատին, որի մասին երկար տարիներ տեղեկություններ չունեն: Իսկ դրա համար կան որոնման ծառայություններ:

Հայաստանում այս ենթակառուցվածքը լիովին ձեւավորված չէ` ոչ պետական, ոչ էլ հասարակական հատվածում: Մասնագետների դիտարկմամբ, Հայաստանում գործող եզակի որոնման ծառայությունների անարդյունավետությունը բացատրվում է ֆինանսական սուղ միջոցներով: Թերեւս կարելի է հետեւել եվրոպացիներին ու հիմնել որոնման վճարովի ինտերնետային կայքեր, որովհետեւ, փորձը ցույց է տալիս, որ դրամաշնորհներով գոյատեւող հասարակական կազմակերպությունների հիմնած ինտերնետային կայքերը թիթեռի կյանք են ունենում:

«Մեծ վիշտ է հարազատի կորուստը, բայց կրկնակի երջանկություն է նրան վերագտնելու բերկրանքը»,- այս նշանաբանով են առաջնորդվում Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Որոնման ծառայության աշխատակիցները: Մոտ 20 տարի գոյություն ունեցող ծառայությունը 2006թ. ընթացքում ստացել է որոնման 78 հայտ, որից 42-ի որոնման աշխատանքներն արդեն ավարտվել են` ապահովելով 29 դրական ելք: ՀԿԽԸ-ի Որոնման ծառայության հիմնական հայտատուները արտասահմանում բնակվող հայերն են: Մինչ օրս որոնվում են նաեւ Հայրենական Մեծ պատերազմի եւ 1988թ. ավերիչ երկրաշարժի հետեւանքով կորած բազմաթիվ քաղաքացիներ: Օրինակ, ՌԴ-ում բնակվող միջին տարիքի Ա. Վ.-ն անցյալ տարվա ընթացքում զանգահարելով ՀԿԽԸ գրասենյակ, տեղեկացրել է, որ փնտրում է իր մանկության ընկերոջը, որին կորցրել է երկրաշարժից հետո: Սպիտակում բնակվող ընկերը որոնման ընթացքում գտնվել է, ու երկու ընկերները վերագտնելով միմյանց` ներկայումս նամակագրական կապ են հաստատել: Իսկ ահա Հայաստանում արդեն 20 տարի բնակվող ազգությամբ ադրբեջանցի քաղաքացին դիմել է ծառայության օգնությանը, որպեսզի իր էթնիկ հայրենիքից` Ադրբեջանից, որտեղ նա եղել է պետական համակարգի ծառայող, ձեռք բերի համապատասխան կնիքով անհրաժեշտ փաստաթուղթ: Միջազգային կարգավիճակով ընկերությանը հաջողվել է համագործակցելով Ադրբեջանի Կարմիր խաչի ընկերության հետ, բավարարել Հայաստանում բնակվող ադրբեջանցու պահանջը: Գաղտնիք չէ, որ անկանոն միգրացիայի տխուր հետեւանքներից մեկն էլ այն է, որ հետագայում ընտանիքի վերամիավորման խնդիրներ են առաջանում: Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ՀԿԽԸ Որոնման ծառայության ղեկավար Համբարձում Դավթյանը, արտասահմանում բնակվող հայ ընտանիքները շատ դեպքերում կեղծ տվյալներով են դիմում իրենց: Օրինակ, Բելգիայում բնակվող ոմն Բաբայաններ տեղի Կարմիր խաչի միջոցով հայտնել են, թե անհայտ հանգամանքներում կորել է իրենց 7 տարեկան աղջիկը, որը Հայաստանում բնակվել է մայրական տատիկի եւ պապիկի հետ: Նամակում գրված է եղել, որ երիտասարդ զույգերն աղջկան կորցրել են դեռեւս 2001թ.: Երեխայի «հետախուզման» գործընթացում ճշտվել են նրա գտնվելու բոլոր հավանական հասցեները, որոնք նշված են եղել հայտատուի տվյալներում: Ավելին, որոնման աշխատանքներում պարզվել է, որ նման անուն-ազգանունով անձ Հայաստանի տարածքում երբեւէ գրանցված չի եղել: «Ոչ մի աղբյուր չգտանք, որ գործին ընթացք տանք: Նման դեպքեր լինում են, որովհետեւ հայերը մի ելք փնտրում են արտասահմանում մի կերպ երկարաձգելու իրենց անօրինական կարգավիճակը»,- ասում է ծառայության ղեկավարը: Ընտանիքի վերամիավորման նպատակով դիմել են նաեւ ՌԴ-ից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ավստրիայից, Հունաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիգերիայից: 2006թ. ընտանիքի վերամիավորման ամենաուշագրավ դեպքը երեք անչափահաս երեխաների հոր «վերադարձն» էր Հայաստան, որը 7 տարի փնտրտուքից հետո վերջապես գտնվել էր: Ըստ օրենքի, որոնվող անձին վերաբերող ցանկացած ինֆորմացիա կոնֆիդենցիալ է, այդ իսկ պատճառով մենք չենք կարող մանրամասներ հրապարակել: Միայն նշենք, որ ծառայության ղեկավարի համակարգչում տեղադրված էին վերագտնված հայրիկի` իր ընտանիքի հետ հանդիպման լուսանկարները, որոնք, ցավոք, իրավունք չունենք վերատպել:

Հ.Գ. Գաղտնիության սկզբունքը պահպանելու համար անհայտ կորած անձանց անուն-ազգանունները հորինված են: Աշխատեք երբեք չկորցնել ձեզ համար թանկ եւ արժեքավոր անձանց: