ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, թե 2007թ. ՀՀ-ն նախատեսում է ՌԴ-ի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծել մեր երկրում ուրանի հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրման եւ նախնական արդյունաբերական գնահատման նպատակով: ՌԴ ատոմային էներգիայի գործակալության կողմից ներկայացվել է 2007թ. համատեղ գործունեության ծրագրի նախագիծ: Ռուսաստանի երկրաբանական ֆոնդից պետք է հավաքագրվեն ՀՀ-ում ուրանի վերաբերյալ երկրաբանահետախուզական աշխատանքների արխիվային տվյալները, կատարվի վերլուծություն, հանքավայրերի տարածքում լեռնաերկրաբանական պայմանների, ենթակառուցվածքների գնահատում եւ տեղազննում, ուրանի եւ այլ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման տեխնիկատնտեսական հաշվարկների մշակման համար նախնական տվյալների նախապատրաստում, երկրաբանահետախուզական եւ փորձարարական-տեխնոլոգիական աշխատանքների ծրագրի մշակում: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հունվարին Սոչիում Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե ՌԴ-ն հետաքրքրություններ ունի ՀՀ-ի հանքարդյունաբերության, հատկապես ուրանի նկատմամբ: Հիշեցնենք նաեւ, որ Վ. Այվազյանը տարաձայնություններ ունի ոսկու հանքերի ուսումնասիրությամբ զբաղվող «Գլոբալ գոլդ» ընկերության հետ: Անցյալ տարի այս ընկերությունը հայտարարել էր, թե ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Գետիկի հանքավայրում կան ուրանի պաշարներ: Վ. Այվազյանն այդ ժամանակ աղմուկ բարձրացրեց՝ հայտարարելով, թե այդ ընկերությունն ուրանի ուսումնասիրման իրավունքը չունի: Չի բացառվում, որ ՀՀ Բնապահպանության նախարարությունը «Գլոբալ գոլդին» զրկի Գետիկում հանքային իրավունքից եւ այն տա նոր ստեղծվող ձեռնարկությանը: