Երեկ «Ուրբաթ» ակումբում բանավիճում էին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Խոսրով Հարությունյանը, Խաչատուր Սուքիասյանն ու Թադեւոս Հովհաննիսյանը: Վերջինս, սակայն, մեղմ ասած, աչքի չի ընկել երկար խոսելով ու հիմնականում լուռ է եղել, բայց երբ խոսել է, ասել է, թե ինքը տնտեսագետ է եւ քաղաքական հարցերի հետամուտ չէ:
«Քաղաքականությունը իշխանությունների գործն է»,- կարծում է ԱԺ պատգամավորի թեկնածուն: Իսկ երբ լրագրողները նրան տեղեկացրեցին, որ ԱԺ-ն օրենսդիր իշխանություն է եւ քաղաքական մարմին, Թ. Հովհաննիսյանն ասաց, թե լուրջ քաղաքական հարցերում դիրքորոշում կունենա, բայց ամեն դեպքում աշխատում է «քաղաքականությունից զերծ մնալ»: Քաղաքականությունից «զերծ մնացող» պատգամավորի թեկնածուն երեկ հայտարարեց նաեւ, թե պետք է պայքարել ստվերի դեմ: Պարզվել է, սակայն, որ այստեղ էլ Թ. Հովհաննիսյանը յուրօրինակ կեցվածք ունի: Ըստ նրա, ստվերային ասելով՝ առաջին հերթին պետք է հասկանալ ժողովրդին, իր խոսքով՝ փողոցում կանաչի կամ այլ բան ծախողին: Մյուս բանախոսները երեկ ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: Խ. Հարությունյանը պարտավորվում է աշխատել, որ 15 տարի հետո ունենանք կայուն անվտանգության երաշխիքներ ունեցող, դինամիկ զարգացող, մրցունակ ժողովրդավարական երկիր, որն առավելագույնս ներգրավված է եվրոպական տնտեսական, քաղաքական եւ անվտանգության համակարգերում: Ըստ նրա, անցումային փուլն անցել ենք եւ հարկ է սկսել տնտեսական եւ քաղաքական երկրորդ սերնդի բարեփոխումները՝ ունենալ կայուն վճարունակ պահանջարկ, պայքարել կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ, եկամուտների արդարացի եւ արդյունավետ բաշխում ապահովել: Ըստ Խ. Սուքիասյանի՝ մեր երկիրն անցումային փուլը դեռ չի անցել: Նրա բնութագրմամբ՝ տնտեսությունն իր ունեցած հնարավորություններով չի կարողանում աշխատել, տնտեսությունն առնվազն 50 անգամ պետք է զարգանա, նոր աշխատատեղեր պետք է ստեղծվեն, ստվերային տնտեսությունը պետք է վերանա, Հայաստանը պետք է ունենա հարեւան պետությունների հետ բարեկամական հարաբերություններ, օրենքը պետք է գերիշխի, եւ քանի դեռ մեր հասարակությունն իր բարեկեցությամբ չի հասել եվրոպացու բարեկեցությանը՝ ուրեմն անցումային փուլում ենք: Այս տեսակետի հետ էլ համաձայն չէ ՀՀ նախկին վարչապետ եւ ԱԺ նախկին խոսնակ Խ. Հարությունյանը: Վերջինս պնդում է, թե անցումային փուլն անցել է, քանի որ անշրջելի են անկախությունը, ազատությունները եւ ազատ տնտեսության ձեւավորումը: Նրա գնահատմամբ՝ շատերն «անցումային փուլը չի անցել» ասելով՝ փորձում են իրենց «քաղաքական կեղծ նպատակներին» հասնել եւ կոռուպցիան, աղքատությունը եւ նման անցանկալի երեւույթները «դուրս են գրում անցումային փուլի վրա»: «Պետք է հստակ ձեւակերպել խնդիրը, ճիշտ խնդիր դնել, ինչը հնարավորություն կտա ճիշտ աշխատել»,- գտնում է նա: Խ. Սուքիասյանը նկատեց, որ կան պաշտոնյաներ, որ տնտեսական գործունեություն չեն ծավալել, բայց պաշտոնը թողնելուց հետո ունեն տարբեր բիզնեսներ: Իսկ ըստ Խ. Հարությունյանի, մարդիկ համոզված են, որ գործարարն ԱԺ է գնում սեփական հնարավորություններն ընդլայնելու եւ բացառապես սեփական շահերին հետամուտ լինելու համար: Միաժամանակ, ըստ ԱԺ նախկին խոսնակի, գործարարների ծանրակշիռ ներկայությամբ 1999 եւ 2006թթ. ԱԺ-ների ընդունած օրենքները գործարարությամբ զբաղվելու պայմաններն ավելի անբարենպաստ դարձրեցին: ԱԺ պատգամավոր Խ. Սուքիասյանի համոզմամբ՝ եթե Հայաստանում լինեին ավելի քիչ թվով կուսակցություններ, ապա հասարակությունը շփոթության մեջ չէր ընկնի: «Կարծում եմ, որ ՀՀ-ում պետք է լինեն մի քանի խոշոր կուսակցություններ իրենց գաղափարական տեսակետներով: Գործարարը կամ քաղաքական գործիչը՝ անվանելով չի: Ե՛վ քաղաքական գործիչը, եւ՛ գործարարը պետք է լինի ժողովրդի կողմից»,- ասաց Խ. Սուքիասյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Խ. Հարությունյանը նշեց, թե դրանց կարգավորումը մեր երկրի համար կունենա ռազմավարական նշանակություն. սահմանի բացումը Հայաստանին միջազգային գլոբալ գործընթացներին ինտեգրվելու հնարավորություն կտա, կդարձնի որակապես նոր երկիր՝ միջազգային հանրության համար նոր ընկալումներով: Ցեղասպանության ճանաչումն, ըստ նրա, լինելով անվտանգության խնդիր, չի կարող լինել նախապայման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Խ. Սուքիասյանը եւս կարեւորեց հարեւան երկրների հետ նորմալ կապերի հաստատումը: Մասնավորապես նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն օր առաջ, եւ անհրաժեշտ է հաստատել բարեկամական, փոխշահավետ հարաբերություններ՝ երկուստեք օգտագործելով կոմունիկացիոն բոլոր հնարավորությունները: Բանախոսները համոզմունք հայտնեցին, որ առաջիկա ընտրություններում ընտրողներն իրենց ձայները չեն վաճառելու: Իրենց այս տեսակետը նրանք տարբեր կերպ են հիմնավորում: Խ. Հարությունյանը կարծում է, որ Կենտրոն համայնքի ընտրողը գաղափարապես զարգացած է, ապրում է սոցիալապես ապահով վիճակում եւ ընտրակաշառք չի վերցնի, իսկ Խ. Սուքիասյանը գտնում է, որ Կենտրոնի բնակիչը ընտրակաշառք չի վերցնի՝ ելնելով նախորդ դառը փորձից: