Շղթայական ռեակցիայի սկիզբը

18/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հիշո՞ւմ եք՝ ումից էր դժգոհում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսներից մեկը՝ Ավագը (Ազատ Շերենց), երբ վրդովված խոսում էր գողերի ու նրանց պատժելու մասին։ «Աշխարհքից». ահա, թե ինչից էր նա դժգոհում։ Մարդը զգում էր, որ ինչ-որ բան այն չէ, որ ինչ-որ բան սխալ է, բայց թե կոնկրետ ո՞վ է մեղավոր, նա չէր կարող ասել:

Ապրիլի 5-ին «Հրազդան» տոնավաճառի տարածքում առեւտրով զբաղվող մարդիկ բողոքի ցույց էին կազմակերպել։ Ինչի՞ դեմ էին բողոքում։ Եթե հակիրճ պատասխանենք, կհնչի այսպես՝ չեն ուզում գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր եւ մտնել հարկային դաշտ, ինչպես պահանջում է օրենքը։ Այսինքն, չեն ուզում ենթարկվել օրենքին։ Սա, իհարկե, հակիրճ ձեւակերպման պարագայում։ Սակայն այս դեպքում շատ հարցեր բաց են մնում, ու առեւտրականներն ակամայից հայտնվում են մեղավորի դերում։ Իսկ խնդիրն իրականում շատ ավելի խորն է։

Այս մարդիկ հասկանում են, որ եթե գործունեություն են իրականացնում, ապա պետք է պետությանը հարկեր վճարեն։ Խնդիրն անորոշությունն է, մարդիկ չգիտեն՝ ի՞նչ է իրենց սպասվում։ Վախենում են, քանի որ չեն վստահում այս պետությանը։ Գիտեն, որ «պետություն» կոչվածին, առաջին հերթին, մտահոգում է մի քանի կոպեկ ավելի բյուջե լցնելը։ Իսկ մնացած հարցերը, օրինակ՝ այն, որ իրենց վարած քաղաքականության արդյունքում շատ հնարավոր է՝ հարյուրավոր, անգամ հազարավոր ընտանիքներ սնանկանան, հուսալքվեն ու միջոցներ փնտրեն՝ ամերիկաներ գնալու համար՝ վերջին տեղերում են։ Իսկ վախենալու տեղ, իրոք, կա։

Վերջերս Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ վճարվելիք հարկերի չափը մարդկանց բարձր է թվում, նրանք մտահոգ են, որ հարկային դաշտ մտնելու դեպքում չեն կարողանա հարկային բեռան տակից դուրս գալ։ Այս ամենը ճիշտ է։ Սակայն կան այլ խնդիրներ եւս։ Պրն Ալավերդյանը նշել է, թե իրենց տեղեկություններով՝ տարբեր տոնավաճառներում վարձավճարի չափն ամսական 10-35 հազար դրամ է։ Մեղմ ասած, անհասկանալի է, որտեղի՞ց է վերցվել այդ թիվը։ Միամտություն կլիներ կարծել, որ Հարկայինում տեղյակ չեն վարձավճարների իրական չափերին. օրինակ, որ նույն «Հրազդան» ստադիոնում վարձավճարների չափը 180-225 հազար դրամ է։ Ինչեւէ։

Ա. Ալավերդյանը նշել էր, որ անհատ ձեռնարկատեր գրանցվելուց հետո առեւտրով զբաղվողներն իրենք կընտրեն, թե ո՛ր հարկատեսակով հարկվեն։ Կարող են աշխատել պարզեցված հարկով կամ հաստատագրված վճարով։ Պարզեցված հարկի դեպքում անհատ ձեռնարկատերը վճարելու է իր շրջանառության 3.5%-ը, իսկ հաստատագրվածի դեպքում՝ Երեւան քաղաքում 1քմ-ի վճարը կազմում է ամսական 1815 դրամ։ Այս ամենին գումարվում են նաեւ սոցվճարները, եւ ամսական միջին գումարը, ըստ Ա. Ալավերդյանի, կազմելու է 20-25 հազար դրամ։ Առեւտրով զբաղվող մարդկանց հետ մեր զրույցներից դատելով, կարող ենք վստահ ասել, որ այդ գումարը նրանց համար ընդունելի է։ Բայցգ կա մի շա՜տ մեծ «բայց», որի մասին Հարկայինի պետի տեղակալը խոսել էր շատ թռուցիկ։ Դա սոցվճարներն են։

Բանն այն է, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններից հետո սոցվճարը սկսել է կատարել շահութահարկի պես մի դեր։ Օրինակ, հաստատագրված վճարով աշխատող առեւտրականը տարվա վերջում կարող է կանգնել շատ մեծ խնդիրների առջեւ։ «Բացի այդ (բացի հաստատագրված վճարներից. – Բ.Թ.), նա, որպես անհատ ձեռնարկատեր, վճարելու է ամսական 5000 դրամ սոցիալական վճար։ Տարին ավարտվելուց հետո նրա եկամուտներից ելնելով (եթե որոշակի հասույթ ցույց կտա) մենք սոցիալական վճարի վերջնահաշվարկ կկատարենք, եւ այդ վճարը որոշակի չափով կավելանա»,- ասել է Ա. Ալավերդյանը։ Տրամաբանությունը հուշում է, որ այդ «որոշակի չափ» ասվածը կարող է պատուհաս դառնալ առեւտրականների գլխին։

Օրենքով, 7քմ-ից ավելի տարածք զբաղեցնող անհատ ձեռնարկատերը պարտավոր է տեղադրել հաշվիչ-դրամարկղային մեքենա։ Տարվա վերջում նրան ասելու են՝ դու ունեցել ես այսքան շրջանառություն, ճի՞շտ է։ Իսկ որքա՞ն ծախս ես կատարել։ Ահա այստեղ սկսվելու է մղձավանջը։ Որովհետեւ անհատ ձեռնարկատերն իր եկամուտից պետք է վճարի 15% սոցվճար։

Փաստաթղթերով հիմնավորված ի՞նչ ծախս պետք է ցույց տա կրպակատերը, որպեսզի իր եկամուտը պակասեցնի (հակառակ պարագայում՝ նրա սոցվճարի չափը կարող է հասնել 100 հազարավոր դրամների)։ Պարզ է, որ առեւտրականի կատարած հիմնական ծախսն արտասահմանում ապրանք գնելու համար վճարած գումարն է։ Որպեսզի հնարավոր լինի այդ գումարը ցույց տալ որպես ծախս, հարկավոր է այդ ապրանքն օրինական կերպով մաքսազերծել եւ ունենալ համապատասխան փաստաթղթեր։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ Հայաստան մտնող ապրանքների շատ զգալի մասը շրջանցում է Մաքսայինը։ Եթե համատարած «մաքսաշրջանցման» այս իրավիճակում որեւէ առեւտրական փորձի օրինական կերպով վճարել ԱԱՀ եւ մաքսատուրք, հաշված օրեր անց կսնանկանա, քանի որ նրա ապրանքի գները շատ բարձր կլինեն։ Մի խոսքով, այս եղանակով Հարկայինը նաեւ փորձում է ստիպել մարդկանց մեծացնել մաքսազերծման «ցույց տրվող» գումարը։

Երկրորդ, կրպակատերը փորձելու է իր արած ամեն ծախսի համար փաստաթուղթ ստանալ։ Իսկ հաջորդ մեծ ծախսը հենց վարձավճարն է, որն, ինչպես նշվեց, «Հրազդան» ստադիոնում կազմում է 225 հազար դրամ։ Հարկայինում, ինչպես տեսաք, այս գումարի մասին թյուր պատկերացում ունեն՝ գիտեն 10-35 հազար դրամ է։ Կամ էլ շատ լավ գիտեն, որ 225 հազար է, բայց չեն կարող ապացուցել։ Իսկ այս դեպքում, երբ անհատ ձեռնարկատերը որպես ծախսերի հիմնավորում ներկայացնի 225 հազարի կտրոնը, Հարկայինը «Հրազդանի» ղեկավարության վրա մատ թափ տալու տեղ կունենա եւ կարող է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով նրանցից լրացուցիչ գումար գանձել։ «Հրազդանում» էլ դա հասկանում են, եւ հարց է՝ կտրամադրե՞ն արդյոք համապատասխան կտրոնը։ Մի խոսքով, շատ անդուր իրավիճակ է ստեղծվում։ Առեւտրով զբաղվողները, ըստ տրամաբանության, պետք է կտրոններ պահանջեն ավտոմեքենան կայանելու, էլեկտրաէներգիայի եւ անգամ՝ զուգարանի համար վճարելիս։

Իսկ ինչո՞ւ է «Հրազդանի» ղեկավարությունը շահագրգռված, որ իր տարածքում առեւտուր անողները անհատ ձեռնարկատերի կարգավիճակ ստանան։ Որովհետեւ վախենում են. Հարկայինը նախատեսում է աշնանը ԱԺ տանել օրենքի նախագիծ, որով յուրաքանչյուր չգրանցված վաճառողի համար տոնավաճառի կազմակերպիչը կվճարի աստղաբաշխական տուգանք՝ կես միլիոն դրամ։

Մի խոսքով, այս ամենը հղի է շատ տհաճ հետեւանքներով։ Ու թերեւս հենց այդ պատճառով է գործընթացը ժամանակավոր սառեցվել. ո՞ւմ է պետք ավելորդ աղմուկը նախընտրական այս շրջանում։

Իսկ հետո կգա «Մեծ դատաստանի օրը»։ Պարադոքսն այն է, որ բոլորն իրենց մասով ճիշտ են՝ Հարկայինն ուզում է ապահովել բյուջեի մուտքերը, մարդկանց բերել հարկային դաշտ։ Վաճառողներն ուզում են քիչ վճարել, քանի որ տեղից արդեն շատ են վճարում։ Իսկ «Հրազդանն» ուզում է խնդիրներ չունենալ Հարկայինի հետ։ Հարկայինն էլ չի ուզում, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրենց կշտամբի՝ «բավարար եռանդ չցուցաբերելու համար»։ Ահա այսպիսի վիճակ է, որտեղ մեղավոր գտնելը շատ դժվար է։ Հենց դրա համար էլ մարդիկ բողոքում են «աշխարհքից»։ Որովհետեւ ամեն տեղ տիրում է անօրինականությունը, եւ բոլոր օղակները սերտորեն փոխկապակցված են՝ վաճառողներ, մաքսային, տոնավաճառ, Հարկային եւ այլն։ Սա փակ շղթա է, որի մի օղակին կպչելը շղթայական ռեակցիա է առաջ բերելու՝ անկանխատեսելի հետեւանքներով։