Խելքից պատուհաս – 2

18/04/2007 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Թե ինչի՞ց սկսվեցին այս խոսակցությունները, անհասկանալի է: Այն, որ Վրաստանի խորհրդարանը քննարկում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը Թբիլիսիի Պանթեոնից հանելու հարցը, առաջինը հաղորդեց Թբիլիսիի «Իմեդի» հեռուստաալիքը: «Իմեդին» նաեւ մեկնաբանությունների համար դիմել էր ազդեցիկ պատգամավորներից մեկին՝ Գիգա Բոկերիային: Վերջինս ասել էր, թե նման հարց չի քննարկվում, սակայն անձամբ ինքը կարծում է, որ Ալեքսանդր Գրիբոյեդովը թեեւ հանճարեղ գրող եւ լավ դիվանագետ է եղել եւ Ռուսաստանի համար շատ բան է արել, սակայն Վրաստանի համար ոչ մի այնպիսի բան չի արել, որպեսզի նրան թաղեին Մթածմինդայի պանթեոնում:

Հանուն արդարության նշեմ, որ սա միակ սկանդալային մեկնաբանությունն էր: Իհարկե, այս մեկնաբանությունն անմիջապես դարձավ սրախոս թբիլիսցիների ծաղրի առարկան. «Իշխանուհի Ճավճավաձեի ամուսնուն՝ Գրիբոյեդովին, ուղարկենք Ռուսաստան եւ ԱՄՆ-ից խնդրենք մեզ ուղարկել որեւէ սենատորի ոսկորները, որպեսզի դրանք հողին հանձնենք գրողի աճյունի փոխարեն»: Նմանատիպ առաջարկ հնչեց նաեւ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ Հանրապետությունից. Օսեթիայի Կրթության նախարարությունն առաջարկեց Գրիբոյեդովի գերեզմանը տեղափոխել իրենց մոտ, հետն էլ՝ ռուսական մշակույթի բոլոր այն հուշարձանները, որոնք կարող են նյարդայնացնել վրացական իշխանություններին:

Մոսկվան, ինչպես եւ կարելի էր սպասել, չափազանց ցավոտ արձագանքեց այս ամենին: Մամուլի եւ զանգվածային լրատվության միջոցների դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը պատգամավոր Բոկերիայի հայտարարությունը «քաղաքական շիզոֆրենիա» անվանեց, իսկ նման հարցադրումն առհասարակ՝ «վայրենություն»: «Ես ցնցված եմ այդ նորությամբ, քանի որ ցանկացած երկիր պետք է պատիվ համարի, որ իր հողում է գտնվում ռուսական մշակույթի հանճարներից մեկի գերեզմանը»,- ավելացրեց Շվիդկոյը:

Վրաց իշխան Ալեքսանդր Ճավճավաձեի ժառանգներից մեկը՝ կինոռեժիսոր Մերաբ Կոկոչաշվիլին, Գրիբոյեդովի աճյունը Թբիլիսիի Պանթեոնից հանելու հարցի քննարկումն անկրթություն է համարում: «Այս հարցը մի քանի կողմ ունի՝ բարոյական, քաղաքական եւ պատմական»,- կարծում է ռեժիսորը: Հարցի բարոյական կողմը կապված է Գրիբոյեդովի տիկնոջ՝ Նինո Ճավճավաձեի հետ. «Գրիբոյեդովի գերեզմանի գոյությունն ու պահպանումը Վրաստանում նույնքան կարեւոր է, որքան Հերակլ Թեյմուրազ 1-ին արքայի որդու գերեզմանի գոյությունը Աստրախանում: Բացի այդ, Մոսկվայի Դոնսկոյ մենաստանում է գտնվում վրաց արքաների պանթեոնը, Բագրատիոնների դամբարանը»,- ընդգծեց հայտնի կինոռեժիսորն ու նշեց, որ սկզբնական շրջանում՝ 19-րդ դարում, Մթածմինդա սարի վրա չեն եղել հայտնի հասարակական գործիչների գերեզմաններ, եւ Գրիբոյեդովն առաջինն էր, ում համար էլ բացվել է պանթեոնը: «Այդ գերեզմանը հայտնվել է իբրեւ իր զոհված ամուսնու հանդեպ Նինո Ճավճավաձեի մեծ սիրո նշան»,- ասաց Կոկոչաշվիլին:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կտրականապես հերքել է բանաստեղծի աճյունն այլ տեղում հողին հանձնելու մասին լուրերը: Սակայն սկանդալն արդեն սկսվել է, եւ ռուս-վրացական հարաբերությունները հաստատ դրանից չեն լավանալու: Բացի պաշտոնական հերքումից, Բուրջանաձեն նաեւ փոխխոսնակ Միխայիլ Մաճավարիանիի հետ միասին հանդիպել է Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ փորձել է նրան հավաստիացնել, թե տեղի ունեցածն անհիմն իրարանցում է, որն ակնհայտորեն ձեռնտու է ինչ-ինչ մարդկանց: Սակայն դժվար թե լարվածությունը հաջողվի թուլացնել: Ինչ որ շատ-շատ են Վրաստանում տեղի ունենում խորհրդավոր պրովոկացիաներ, որոնք «ձեռնտու են ինչ-ինչ մարդկանց եւ նպատակ ունեն Վրաստանի վարկը գցել միջազգային հանրության աչքում»: Այստեղ շատ բան է ոչ ճշմարտանման: Հիշենք, օրինակ, Կոդորի կիրճի՝ վերջերս տեղի ունեցած ռմբակոծումն ինչ-որ խորհրդավոր ուղղաթիռների կողմից. հանձնաժողովը, որի կազմի մեջ էին մտնում նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այդպես էլ չպարզեց, թե ովքե՞ր, որտեղի՞ց եւ ինչո՞ւ են ռմբակոծել: Այս մասին պաշտոնական հայտարարություն այդպես էլ դեռ չի եղել: Կամ հիշենք Հարավային Օսեթիայում վրացի ոստիկանների ողբերգական սպանությունը, որից Ցխինվալին կտրականապես հրաժարվում է, եւ այնտեղ չդադարող գիշերային հրաձգությունները: Կամ Ջավախեթիում վրացի ոստիկանի «պատահական արձակած գնդակը» մոտոցիկլետիստի վրա, որը, ինչպես պարզվեց, հայ էրգ Եվ սա դեռ ամենը չէ:

Ինչ վերաբերում է Գրիբոյեդովին, միայն մի հարց տանք. մի՞թե ազդեցիկ պատգամավորը չէր ենթադրում, թե ինչպիսի արձագանք է ունենալու իր հայտարարությունը վրաց հասարակության մեջ, էլ չենք խոսում Ռուսաստանի արձագանքի մասին: Եվ այդ երբվանի՞ց է Վրաստանում, որտեղ հանգուցյալների նկատմամբ միշտ հարգալից վերաբերմունք է եղել, հնարավոր դարձել նման խոսակցությունների ի հայտ գալը: