Գաղտնիքներ պահելու համար Հայաստանը փոքր երկիր է

18/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Տվյալների փոխանցման ոլորտում «ԱրմենՏելի» մենաշնորհի վերացումից հետո տեղական օպերատորները պարտավոր են իրենց ունեցած հնարավորությունների եւ ինքնարժեքի մասին տեղյակ պահել պետական կարգավորողին, որով էլ պայմանավորված ընկերությունները կարող են վիճարկել մրցակիցների կողմից տարվող «դեմպինգային» քաղաքականությունը: Այստեղ, սակայն, կա մի նրբություն` օպերատորների գործունեության համար պարզ լիցենզիա ունենալու հանգամանքը փոխարինվել է բարդ լիցենզիա ունենալու պահանջով: Մեր նախորդ օպերատոր-զրուցակիցներն իրենց ունեցած-չունեցածի մասին առանձնապես գաղտնապահություն չդրսեւորեցին, սակայն մեր խնդիրը բարդացավ «Էքսոլթ» ՍՊԸ-ի տնօրենի հետ զրույցում: «Էքստերնետ» ընկերության հիմնադիրը «Էքսոլթ» ՍՊԸ-ն է, որի տնօրենն է Վահան Հարությունյանը, ով այնքան էլ հակված չէր բացախոսության: «Էքստերնետ» ընկերությունը տվյալների փոխանցման բիզնեսում համարվում է երիտասարդներից, սակայն հասցրել է հայտնվել 5 խոշոր օպերատորների շարքում:

– Ձեր մասին տեղեկատվություն, այդ թվում՝ ինքնարժեքի մասին, ներկայացրե՞լ եք Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին:

– Մենք շուկայում գերիշխող դիրք չենք զբաղեցնում: Գերիշխող են նրանք, ովքեր տիրապետում են շուկայի մոտ 30 տոկոսին: Հինգ խոշոր ընկերություններ են առկա այս ոլորտում` «Արմինկոն», «Վեբը», «Կորնետը», «Նետսիսը» եւ մենք` «Էքստերնետը»: Ուզում եմ ասել, որ եթե 100 տոկոսը բաժանենք 5-ի, երեսուն չենք ստանա, եւ հետո էլ պարտադիր չէ, որ բոլորն էլ հավասար մասնաբաժիններ ունենան շուկայում:

– Ինչի՞ց եք ենթադրում, որ դուք շուկայի 30 տոկոսը չեք զբաղեցնում:

– Ես չեմ ենթադրում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեզնից նախորդ տարի տվյալներ էր պահանջել, եւ մենք ներկայացրել էինք: Ինձ համար զարմանալիորեն պարզ դարձավ, որ մոտ 70 ընկերություն զբաղվում է տվյալների փոխանցման գործունեությամբ: Հանձնաժողովի որոշմամբ, մենք շուկայում գերիշխող դիրք չենք զբաղեցնում:

– Իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տվյալներ ներկայացնելո՞ւ եք:

– Ոչ, տվյալներ չենք ներկայացնում, իսկ եթե ինքնարժեքից ցածր գործունեության հարց ծագի, այդ ժամանակ էլ կարող ենք դիմել կամ պետական կարգավորողին, կամ էլ վիճարկել դատական կարգով:

– Որքա՞ն է ձեր գծի թողունակությունը:

– Բարդ հարց եք տալիս: Ի՞նչ բան է ցանցի թողունակություն: Որոշ օպերատորների նման մենք չունենք մեր սեփական օպտիկամանրաթելային մալուխը: Մենք օգտվում ենք «ԱրմենՏելի» կապուղիներից: Եթե մալուխ ունենայինք, ապա կասեի՝ նրա թողունակությունը:

– Ի՞նչ արժե ձեր ցանցին միացման գինը:

– Ինտերնետի տեղադրման գինը 60 հազար դրամ է: Ունենք տարբեր ծառայություններ, որոնց գինը կախված է բաժանորդի պահանջներից: Ամսական վարձ ասվածի գինն էլ փոփոխվում է` կախված ծառայությունների փաթեթից:

– Քանի՞ բաժանորդ ունեք:

– Դա առեւտրային գաղտնիք է:

– Քանի՞ աշխատող ունեք:

– 25:

– Նշեցիք, որ վարձակալում եք «ԱրմենՏելի» կապուղիները: Որքա՞ն եք գնում:

– «ԱրմենՏելի» կապուղիներից օգտվում ենք մեր ցանցի առումով: Իսկ ինտերնետի հոսքի մասով գնում ենք ուրիշ մասնավոր ընկերությունից:

– Ո՞ր կազմակերպությունից:

– Առեւտրային գաղտնիք է:

– Շուկան ազատականացվել է եւ հնարավորություն ունեք աշխատել երկրորդ օպերատորի` «Ֆայբերնետի» հետ: Ո՞ւմ կտաք գերապատվությունը:

– «ԱրմենՏելի» հետ շատ դժվար է աշխատել: Որոշակի ծրագրերով դիմել ենք «ԱրմենՏելին», սակայն ոչ մի արձագանք չենք ստացել: Երեւի մեր նամակները քնել են «ԱրմենՏելի» տարբեր սենյակներում:

– Ձեր մրցակիցներից է՞լ որի թերություններին կանդրադառնայիք:

– Չեմ կարող ասել մեր մրցակիցների թերությունների մասին: Սա նույնպես առեւտրային գաղտնիք է: Նա կարող է հասկանալ իր թերությունը եւ շտկել:

– Ի՞նչ հեռանկար ունի ինտերնետը Հայաստանի մարզերում:

– Հեռանկարի առումով պետք է պետականորեն սուբսիդավորվող ծրագիր լինի: Այլապես ինտերնետը մարզերում շատ «թանկ հաճույք» է մնալու: Օգտագործողների քիչ քանակն էլ կարող է ազդել ծառայությունների արժեքի վրա:

– Դուք լիցենզիա ունե՞ք:

– Այո:

Վահան Հարությունյանի պատասխաններից կարելի է հասկանալ, թե իր ղեկավարած կազմակերպությունն աշխատում է պարզ լիցենզիայով, ինչը ընկերությանն ազատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունից: Այստեղից էլ սկսում են հակասությունների շարքերը: Ի տարբերություն «Ֆայբերնետի», մնացած բոլոր օպերատորների գործունեության համար պարտադիր պայման է պարզ ընթացակարգով բարդ լիցենցիա ստանալը, որն էլ, թեպետ եւ դժգոհություններով, սակայն ստացել են մեր հարցմանը պատասխանած օպերատորները: Նշենք, որ լիցենզիայի ձեւի փոխոխությունը նաեւ զգալի ֆինանսական պարտավորություններ է առաջացրել օպերատորների համար: Պարզ լիցենզիայի տարեկան պետական տուրքը 100 հազար դրամ է, իսկ բարդի լիցենզիայի դեպքում այն կազմում է 3մլն դրամ եւ տրվում է 10 տարի ժամանակով: Արդարության դեմ չմեղանչելու համար, փորձեցինք Վահան Հարությունյանից ճշտել, թե ի՞նչ լիցենզիայով է աշխատում իր կազմակերպությունը: Վ. Հարությունյանն ասաց, որ բարդ լիցենզիա ստանալու համար դիմել է կարգավորողին, եւ այն արդեն պատրաստ է, մնում է գնալ եւ վերցնել: Ուստի մենք կրկնեցինք մեր հարցը` իր կազմակերպության մասին տեղեկատվություն արդյոք ներկայացնելո՞ւ է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Թեպետ օրենքներում «եթե»-ներ չեն լինում, այնուամենայնիվ, Վ. Հարությունյանի պատասխանը հետեւյալն էր. «Եթե օրենքը պարտավորեցնի՝ կներկայացնեմ: Եթե նման իրավական ակտ լինի, ուրեմն կներկայացնեմ»: Մենք ստիպված ենք իրավաբանական եւ օրենսդրական հարցերում խորհրդատուներով շրջապատված Վ. Հարությունյանին (ով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է, իսկ նրանց մյուս եղբայրն ակտիվ փաստաբանական գործունեություն է իրականացնում) «լուսավորել», որ այս հարցում օրենքը միանշանակ է` օպերատորը պարտավոր է հաշվի նստել պետական կարգավորողի հետ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ օպերատորների եւ, այդ թվում՝ նաեւ «Էքստերնետի», լիցենզիան պարզ ընթացակարգով համապատասխանեցվել է օրենքներին, եւ կազմակերպությունների մասին տեղեկատվություն կարող են պահանջել ցանկացած պահի: Այս կոնտեքստում անհասկանալի են Վ. Հարությունյանի «առեւտրային գաղտնիքի» մասին ձեւակերպումները: