2006թ. դեկտեմբերին կայացավ «Screamers»` «Ճչացողները» վավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ֆիլմն արդեն սկսել է իր միջազգային երթը. այն մեկ շաբաթ ցուցադրվելու է Երեւանում, այնուհետեւ` Ֆրանսիայում, Լիբանանում, Արգենտինայում, Ավստրալիայում… Ֆիլմի գաղափարը բրիտանական BBC հանրային հեռուստատեսությանը եւ հանրահայտ «System of a down» ռոք-խմբինն է: Ֆիլմը ճիչ-աղաղակ է, որն ուղղված է 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչմանը:
Հայազգի ռեժիսոր Կարլա Կարապետյանն ու հայկական արմատներ ունեցող «System of a down»-ի մասնակիցները ստեղծեցին այս ֆիլմը որպես հիշողություն ու նախազգուշացում, քանի որ ցեղասպանությունները չեն սովորեցնում ավելի զգուշավոր ու խելամիտ վարվել պատմության դասերի հետ: Եվ ցեղասպանությունները չեն ավարտվում, մեր օրերում էլ են բնաջնջվում ազգեր:
Ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանը քաղաքագիտության դոկտոր է, աշխատում է Մեծ բրիտանական BBC World news-ում, վավերագրական ֆիլմեր է նկարահանում աշխարհի թեժ կետերում, ներկայացնում է իրականությունը վտանգավոր վայրերում` Սուդանում, Աֆղանստանում, Հյուսիսային Կորեայում, Չեչնիայում: «BBC-ն հետաքրքրված էր նման ֆիլմի ստեղծմամբ, քանի որ հիմա Եվրոպան մտածում է` կարո՞ղ է արդյոք սեփական պատմությունը ժխտող ու մարդկանց հիմնարար իրավունքները ոտնահարող Թուրքիան Եվրոպայի մասնիկը դառնալ: Թուրքիայում «ցեղասպանություն» բառն ասելու համար միայն մարդիկ հալածանքների եւ քրեական հետապնդումների են ենթարկվում, ինչը կարելի է դիտարկել որպես մարդու իրավունքների խախտում»,- ասաց Կ.Կարապետյանը: Երբ BBC-ն իրեն տվեց ֆիլմի վրա աշխատելու հնարավորություն, նա հանդիպեց «System of a down»-ի առաջատար երաժիշտ ու երգիչ Սերժ Թանգյանի հետ: Սերժ Թանգյանը Կ. Կարապետյանին ասաց. «Մենք ամեն ինչով կօգնենք ու կսատարենք, եթե ֆիլմի հիմքում ոչ միայն Հայոց եղեռնը, այլեւ` աշխարհի բոլոր ցեղասպանությունները լինեն»: Եվ «Ճչացողները» հենց այդպիսի սկզբունքով ստեղծվեց, ֆիլմում ընդհանրացվեցին մարդկության ողբերգական էջերը, իսկ Հայոց ցեղասպանությունը դարձավ այն դասը, որն անտեսելով, աշխարհը Դարֆուրի, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի, հրեաների ցեղասպանությունների ականատեսը դարձավ:
«Screamers»-ի հիմքում Հարվարդի համալսարանի դասախոս Սամանտա Փաուերի «Դժոխքից մեզ հասած պրոբլեմներ. Ամերիկան եւ ցեղասպանությունների դարը» գիրքն է, որի համար հեղինակն արժանացել է հեղինակավոր Պուլետցերյան մրցանակի: Գրքի կարեւոր հարցադրումներից մեկը հետեւյալն է. ինչո՞ւ մարդկությունը դասեր չի քաղում պատմությունից ու վերջ չի դնում ցեղասպանություններին, ինչո՞ւ ենք ասում` այլեւս երբեք նման բան չի կատարվի, բայց ցեղասպանությունները կրկին եւ կրկին կրկնվում են: Եվ միշտ նույն մոդելով են իրականացվում: Հեղինակը պատասխանում է հարցին. 21-րդ դարում ցեղասպանությունները կրկնվում են, որովհետեւ աշխարհը չի հասկացել, որ ամեն ինչ սկսվել է թուրքերի կողմից իրականացված Եղեռնից, ու չի փորձել կանխել հետագա ողբերգությունները: Ֆիլմում Սամանտա Փաուերն ասում է. «ԱՄՆ բոլոր նախագահները տեղեկացված էին ցեղասպանությունների մասին, բայց բոլորն էլ նախընտրեցին ոչինչ չձեռնարկել»:
«Ճչացողները» անվանումը հենց Սամանտա Փաուերի գրքից է վերցված: «Ցեղասպանություն իրականացնողների պրոբլեմը նրանում է, որ նրանք չեն կարող ոչնչացնել ողջ ազգը, եւ միշտ փրկվածներ են հայտնվում: Եվ այդ փրկվածները դառնում են աղաղակողներ»,- ասում է նա ֆիլմում: Աղաղակում է այն մարդը, որն անարդարության ու դաժանության հանդիպելով՝ չի կարողանում լռել: Այդպիսի մարդիկ շատ են եղել եւ լինելու են, բայց նրանց չեն լսում: Ինչպես ժամանակին չէին լսում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով փորձում է ահազանգել հայերի զանգվածային սպանությունների մասին: Իսկ հետո սկսվեց հրեաների Հոլոքոստը, որը ծնվեց Հայոց եղեռնի անպատժելի մնալու փաստից: Հիմա Դարֆուրում սպանվում են սուդանցիները, սպանվում ու ոչնչացվում են նույն այդ ամենաթողության մթնոլորտում` հսկա պետությունների նավթային շահերի հովանու ներքո: Աշխարհը չի արձագանքում նաեւ թուրք գրող, Նոբելյան մրցանակի մրցանակակիր Օրհան Փամուկի հիշեցմանը: Եվ ընդհանրապես աշխարհը խուսափում է «գենոցիդ» բառից, քանի որ բառն արդեն իսկ պարտավորեցնող է: Աշխարհն այդ բառը նշելու փոխարեն գերադասում էգ պար պարել:
«G» տառի պարը»
Այդպես է վերնագրված «Ճչացողները» ֆիլմի հատվածներից մեկը, որտեղ տարբեր նախագահներ, կոնգրեսականներ ու դեսպաններ փորձում են ինչ-որ ձեւակերպում տալ ցեղասպանությանը: Դա իսկապես պար է հիշեցնում, քանի որ «գենոցիդ» բառը փոխարինվում է «ճգնաժամով», «տխուր դեպքերով», «դատապարտելի դեպքերով», փորձեր են արվում շրջանցել այդ դիպուկ ու խնդրահարույց բառի գործածումը:
«System of a down»-ն ու Սերժ Թանգյանը Հայոց եղեռնի ճանաչման ակտիվ քարոզողներ են: Ֆիլմում ներկայացված են 1915 թվականի կոտորածի սակավաթիվ ողջ մնացած ականատեսներից մեկի` Ս. Թանգյանի պապի` 96-ամյա Ստեփան Հայթայանի վկայությունները, նաեւ 100-ամյա մի հայուհու պատմությունը, ում ԱՄՆ փոխնախարար Դիք Չեյնին անձամբ նամակ էր ուղարկել ու շնորհավորել նրան` «Հայոց եղեռնից փրկվելու» փաստի կապակցությամբ: Դա առաջին դեպքն էր, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան օգտագործեց «g» տառով սկսվող բառը` ներկայացնելու համար Հայոց եղեռնը: Ֆիլմում տեղ են գտել «System of a down»-ի երկու անդամների եւ Սպիտակ տան խոսնակ Դենիս Հասթերթի հանդիպման կադրերը: Դ. Հասթերթը ԱՄՆ Կոնգրեսում տապալեց Հայոց եղեռնի ճանաչման բանաձեւը եւ «Vanity Fair» ամսագրի կողմից մեղադրվեց սույն բանաձեւի ընդունումը ձախողելու եւ Թուրքիայից կես միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ:
«Մարդու ազատ լինելը տեղեկացված լինել է նշանակում, ողջ աշխարհում երիտասարդներ կան, որոնք ուզում են ճշմարտությունն իմանալ: Նաեւ` Թուրքիայում»,- համոզված է Կ. Կարապետյանը, ով ֆիլմի օպերատորի հետ շրջագայել է «System of a down»-ի հետ` 2005 թվականի նրանց միջազգային տուրի ժամանակ` ֆիլմում ընդգրկելով խմբի կենդանի կատարումներն ու խմբի անդամների հարցազրույցները: Ֆիլմը ավարտվում է Սերժ Թանգյանի բառերով. «Կարծում եմ՝ մենք բոլորս պետք է լինենք ճչացողներ»:
«Ամերիկացիները սկսում են վավերագրական ֆիլմեր դիտել»
Կարլա Կարապետյանը, ով առաջին անգամ է այցելել Հայաստան, պատրաստվում է ոչ միայն ներկայացնել իր ֆիլմը հայ հանդիսատեսին, այլ` մի շարք հանդիպումներ ու քննարկումներ ունենալ հայ երիտասարդների հետ` իմանալու համար նրանց կարծիքն աշխարհում կատարված եւ կատարվող ցեղասպանությունների մասին: Նա հիշեցրեց, որ վերջերս ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում պետք է բացվեր Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող ֆոտոցուցահանդեսը, սակայն Թուրքիայի միջամտության պատճառով այն այդպես էլ չբացվեց: Թուրքիան աֆրիկյան երկրում կատարված ցեղասպանությունը չի մերժում, սակայն նրան դուր չի եկել այդ ցուցահանդեսում ներկայացված մեկ նախադասությունը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Ռուանդայում Եղեռնի թանգարան կա, իսկ այդ թանգարանում գործում է Հայկական ցեղասպանության բաժինը: «Նրանք հասկանում են, որ պետք է պատմությունն ընդհանուր ենթատեքստում ներկայացնել, որ մոնոէթնիկ ցեղասպանությունները դժվարությամբ են ընկալվում, որ բոլոր ոճրագործությունները փոխկապակցված են: Երբ ցեղասպանությունների մասին ենք խոսում, պետք է հաշվի առնել, որ խոսում ենք մարդու իրավունքների մասին, իսկ այդ իրավունքները ազգություն չեն ճանաչում»,- ասաց Կ. Կարապետյանը: Նա պատմեց, որ «Ճչացողները» ֆիլմի ցուցադրումից հետո ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակն այնքան շատ էլեկտրոնային նամակներ է ստացել Եղեռնի փաստերին ծանոթանալ ցանկացող մարդկանցից, որ ստիպված է եղել փոփոխել իր ինտերնետային կայքի ծավալն ու աշխատաձեւը` նամակների հեղեղն ընդունելու համար: Եվ հիմա Հայ Դատի եւ «Փրկենք Դարֆուրը» կազմակերպությունների միջեւ համատեղ աշխատանք է ընթանում:
Կ. Կարապետյանը համագործակցում է «Հայկական ֆիլմեր» ամերիկյան հիմնադրամի հետ, որը Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր է պատրաստում: Նա մի քանի ֆիլմ է նկարահանել 1915 թվականի Եղեռնի ականատես 94-ամյա Մայքլ Հակոբյանի հետ: Եվ «System of a down»-ն իր համերգների ժամանակ մեծ էկրանին ցուցադրում է Մայքլ Հակոբյանի ազդեցիկ ու հուզիչ ֆիլմերի հատվածները, դրանով իսկ համերգ լսելու եկած հանդիսատեսին տեղեկացնելով կատարվածի մասին: Կ. Կարապետյանը համոզված է, որ անպայման վերադառնալու է եւ ներկայացնելու է իր ֆիլմերում այսօրվա Հայաստանը: Մեր կարճատեւ զրույցը տեղի ունեցավ «Screamers» ֆիլմի երեւանյան պրեմիերայից մեկ օր առաջ:
– Ինչպե՞ս տեղի ունեցավ ձեր հանդիպումը «System of a down»-ի հետ: Դուք այդ խմբի երկրպագո՞ւն էիք:
– Իհարկե, ես լսել էի խմբի մասին, գիտեի, որ նրանք 16 մլն ձայներիզ են վաճառել ողջ աշխարհում ու մեծ թվով ֆանատներ ունեն: Առաջին անգամ Լոս Անջելեսում ես գնացի նրանց համերգի՝ ոչ թե երաժշտություն լսելու, այլ` գենոցիդների մասին տեղեկացնող գրքույկներ բաժանելու համար: Եվ շատ ցնցվեցի, ուղղակի շոկ ապրեցի, երբ տեսա, որ ամերիկացի պատանիները շատ լավ տեղեկացված են Հայոց եղեռնի մասին: Նրանք ամերիկացիներ էին, այլ ոչ թե հայազգի պատանիներ: Ես ինքս Եղեռնը վերապրած մարդկանց թոռ եմ, իմ պապերը Վանից ու Սեբաստիայից էին, եւ Եղեռնը իմ երակների մեջ է, այն փոխանցվել է արյանս մեջ: Եվ ես շատ զարմացա, որ ռոք խմբի շնորհիվ հազարավոր մարդիկ, որոնց երակներում հայկական արյուն չի հոսում, տեղեկանում են մեր պատմությանը: «System of a down»-ը հակամատերիալիստական ու հակապատերազմական բնույթի երգեր է երգում եւ մեծ գործ է անում` խոսելով այն բանի մասին, որի մասին ԱՄՆ-ում խոսելն ընդունված չէ:
– «System of a down»-ի համբավն օգնե՞ց Եղեռնի մասին պատմող ֆիլմի արշավին:
– Ավելի շուտ օգնեց նրանց երաժշտությունը: «System of a down»-ի ամեն մի երգը մի պատմություն է: Առաջին անգամ երբ լսեցի նրանց երաժշտությունը, հասկացա, որ այն ընկալելը բարդ գործ է, որ ես պարզապես չեմ հասկանում այդ երաժշտությունը: Մտածեցի` Աստված իմ, նրանք աղաղակում ու ճչում են: Բայց հետագայում, երբ կարդացի նրանց երգերի բառերը, տեսա, որ նրանք շատ լուրջ ուղերձ են հայտնում աշխարհին: Նրանց երաժշտության մեջ կիրք, խիզախություն, ցասում կա: Երիտասարդների ոգում այդ երաժշտությունը նոր էմոցիաներ է ծնում: «System of a down»-ի երաժշտությունը ստիպում է մարդկանց լսել: Իսկ մեր ֆիլմն արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ում եւ Կանադայում, եւ ես տեսել եմ, թե ինչպես են 16, 17 տարեկան պատանիները լսում եւ՛ նրանց երաժշտությունը, եւ՛ մեր ֆիլմի ուղերձը: Եթե նրանք իմանային, որ ֆիլմը ցեղասպանության մասին է, նրանք երբեք փող չէին տա, որպեսզի տոմս գնեին ու կինոթատրոն գնային: Ո՞ր երիտասարդը կուզի գնալ, դաժան պատկերներ դիտել: Բայց նրանք գնում են, դիտում են այդ ֆիլմն ու լսում են «System of a down»-ի երգերն ու ուղերձը, քանի որ ռոք երաժշտությունը շատ ազդեցիկ ու գրավիչ է նրանց համար: Հանդիսատեսը տեսնում է քանդված հայկական գյուղերը Թուրքիայում եւ լսում է «System of a down»-ի «Holy mountains» երգը:
– Իսկ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար ի՞նչ ելակետ կընտրեիք:
– Դժվարանում եմ ասել: Ամերիկայում վավերագրական կինոն հիմա վերածնունդ է ապրում: Ֆիլմերը հիմա շատ բարձր որակի են ու քննադատական հայացք են սկսում ներկայացնել: Եվ մարդիկ սովորում են, որ կարելի է կինոթատրոն գնալ ու վավերագրական ֆիլմ դիտել, որ վավերագրական ֆիլմերը միայն հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, այլ նրանց մեծ էկրան է տրամադրվում: Կարծում եմ, դա տեղի է ունենում այն պատճառով, որ հեռուստատեսությունը մարդկանց բավարար ինֆորմացիա չի տալիս: Մարդիկ հիմա քննադատական ուղերձի կարիք ունեն:
– Հայաստանի մասին հասցրե՞լ եք պատկերացում ունենալ:
– Դեռ` ոչ, բայց պատրաստվում եմ շրջել Հայաստանի տարածքով: Եվ անպայման էլի եմ գալու: