Երեւանի քաղաքապետարանի երեկվա հերթական ճեպազրույցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը ներկայացան ճարտարապետական հատուկ նյութերով: «Կենտրոնը պետք է բեռնաթափել եւ ստեղծել նոր, փոքր քաղաք: Կստեղծվի նոր կենտրոն, որը նախատեսված է Պասկեւիչի (Գինու գործարանի ետնամասում) բլուրին հարող տարածքում կառուցել»,- հայտարարեց Ս. Դանիելյանը: Այնպես էին խոսում, կարծես հայտնագործություն են արել, այն դեպքում, երբ արդեն քանի տարի մասնագետներն ահազանգում են Կենտրոնի բարձրահարկ շենքերի հարկայնությունը սահմանափակելու, չափորոշիչներ սահմանելու եւ էկոլոգիան վերականգնելու նպատակով կանաչ գոտիներն ավելացնելու մասին: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը կարծես հենց նոր է գլխի ընկել, որ մայրաքաղաքի կենտրոնի ճարտարապետական նմուշները, թանգարաններն ու արվեստի շենքերը «խեղդվում են» բիզնես կենտրոնների, օֆիսների եւ անճաշակ էլիտար շենքերի առկայությունից: Այդուհանդերձ, Ս. Դանիելյանը տեղեկացրեց, որ երկրորդ կենտրոնը կառուցվելու է մայրաքաղաքի հարավ-արեւմուտքում, փոքր կենտրոնից քիչ հեռու: Երկրորդ այդ կենտրոնն իր մեջ կընդգրկի Իսակովի պողոտայից մինչեւ Հրազդան գետի կիրճն ընկած հատվածը: Նորակառույց կենտրոնում կկառուցվեն բորսային շենքեր` օֆիսներ, զվարճանքի վայրեր, այդպիսով տարածքին տալով գործարարական-մշակութային բնույթ: «Այն կլինի գործարարական, մշակույթի եւ հանգստի գոտի: Կլինեն բարձր աստղայնություն ունեցող հյուրանոցներ, սպասարկման վայրեր,- նշեց նա` ավելացնելով,- այդ նախագիծն ունի Երեւանի փոքր կենտրոնը բեռնաթափելու նպատակ, քանի որ արդեն այժմ մենք բախվել ենք Երեւանի կենտրոնի շրջանակից դուրս նոր առեւտրային կենտրոնների եւ զվարճանքի օբյեկտների շինարարության խնդրին: Հիմա բոլորը գալիս են ու ասում` Երեւանի կենտրոնում օֆիս, հյուրանոց, զվարճանքի այլ վայր կամ բանկ կառուցելու համար ինձ տեղ տվեք եւ, երբ նրանց ասում ենք՝ եկեք կենտրոնում չտանք, այլ տանք ուրիշ վայրում՝ նեղանում են»: Այսինքն՝ ներդրողներին չնեղացնելու համար քաղաքում երկրորդ կենտրոն են ստեղծում, որը ոչնչով չի առանձնանալու առաջին կենտրոնից: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի Երեւանի համաչափ զարգացման համար մյուս համայնքները ներդրողների համար գրավիչ դարձնել:
Երկրորդ կենտրոն կառուցելու համար, բնականաբար, մայրաքաղաքում որոշ տարածքներ կհամարվեն իրացման գոտիներ եւ որոշ շինություններ կքանդվեն: Ս. Դանիելյանի հավաստմամբ` այդ տարածքի քանդման ենթակա շինությունների բնակիչների համար մշակված է նրանց իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմ: Որքան Բուզանդի եւ մյուս փողոցների բնակիչների իրավունքները պաշտպանվեցին, նույնքան այս նախագծի ընթացքում կպաշտպանվեն: Ինչեւէ, նախագծին արդեն ընթացք է տրված, որի «Ֆինանսավորումը կիրականացվի ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ մասնավոր ներդրողների փողերով»: Այսպես ասացին բանախոսները: