Ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ բան …

15/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ «Հայացք» ակումբում «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահեցնում էր, որ իրենց ցանկությունն այն է, որ տեղի ունենա «ոչ թե փողի եւ պարտադրանքի ընտրություն, այլ տեղի ունենա հոգու եւ խղճի ընտրություն»:

«Որոշ մարդիկ ելել են երկրի օրենքների շալակը: Մեր երկիրն օրենքի, իրավունքի, արդարության կարիք է զգում»,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը: Վերջինիս խոսքերը գուցե լուրջ ընդունեինք, եթե նա նման հայտարարություն աներ ընդամենը մեկ տարի առաջ: Այն ժամանակ ԱԺ այն ժամանակվա խոսնակը չէր էլ նկատում, որ ընդդիմությունը եթերում չի երեւում, որ որոշ մարդիկ (ներառյալ ՕԵԿ-ի շարքերում խորհրդարան խցկված շատերը) օրենքի «շալակն են ելել», եւ այլն: «Ավելի լավ է՝ 100 հոգի ունենա մեկական խանութ, քան թե մեկ հոգի՝ 100 խանութ,- հայտարարեց նա ու ներկայացրեց ՕԵԿ նախընտրական ծրագրի որոշ դրույթներ: -Կրթության հատվածում ասում ենք, որ յուրաքանչյուր երեխա առաջին դասարանից պետք է պարտադիր սովորի երկու օտար լեզու եւ համակարգիչ»: Հիշեցնենք, որ հոգեբանները նույնիսկ խորհուրդ չէին տալիս, որ երեխաներն առաջին դասարան գնան արդեն 5-5,5 տարեկանում, էլ ուր մնաց, թե՝ հիմա էլ միանգամից երկու օտար լեզու ու համակարգիչ սովորեն: Ինչեւէ, Ա. Բաղդասարյանը վստահ է, որ իր գլխավորած կուսակցությունն ապագա ԱԺ-ում «ծանրակշիռ ներկայություն» կունենա, շատ ավելի ծանրակշիռ, քան 2003-ին: ՕԵԿ ղեկավարը երեկ հայտարարեց նաեւ, թե իրենց նամակներով առաջարկում են զգույշ լինել: «Մեզ տարբեր նամակներ են տալիս: Օրինակ՝ երեկ հանդիպումից հետո մեկը նամակ է տալիս, բացում եմ, գրված է՝ «զգույշ եղեք», վերջ, ուրիշ բան չկա»,- նշեց նա: Ա. Բաղդասարյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե ընտրություններն արդեն կեղծված են: «Ընտրությունը չի եղել, ո՞նց ասենք՝ կեղծված են,- հարցրեց ՕԵԿ ղեկավարն ու հավելեց,- Նախընտրական խախտումները մենք տեսնում ենք ամեն քայլափոխի, բայց ասել, որ ընտրությունները կեղծվել են, մենք դա չենք ընդունում»: Փաստորեն այն, որ ընտրություններին մասնակցում են կուսակցություններ, որոնք առնվազն վերջին մեկ տարում շարունակ խախտում են օրենքը, այն, որ ընտրությանը մասնակցում են թեկնածուներ, որոնք դրա իրավունքը չունեն եւ այլն, Ա. Բաղդասարյանին հիմք չեն տալիս կասկածելու ընտրությունների ընթացքի օրինականությանը: Կամ էլ, հավանաբար, «ընտրություն» ասելով՝ նա նկատի ունի միայն մայիսի 12-ին տեղի ունենալիք քվեարկության գործընթացը: Ի դեպ, երբ վերջերս ԿԸՀ-ի նիստում քննարկվում էր «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի՝ պատգամավորի թեկնածու գրանցվելու հարցը, ՀԺԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարեց, թե Ս. Բաբայանի ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ նա ՀՀ քաղաքացի է, բայց Երեւանում է ապրում 2006 թվականից: Մինչդեռ, համաձայն ՀՀ Սահմանադրության, ԱԺ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում ապրելիս լինի: Ֆ. Խաչատրյանն առաջարկել էր Ս. Բաբայանին օրենքով սահմանված 48 ժամ տալ, որ նա նոր տեղեկանք բերի: Այս առաջարկին կողմ էին եղել միայն ՀԺԿ-ն եւ ՕԵԿ-ը: «Ազգային Միաբանության» ներկայացուցիչը դեմ է եղել Ս. Բաբայանի ներկայացրած տեղեկանքները հստակեցնելուն: Այս կապակցությամբ երեկ Ա. Բաղդասարյանը վերջին շրջանում ընդունված ձեւակերպմամբ նշեց, թե իրականում իրենց թեկնածուն էլ դեմ չի եղել Ս. Բաբայանի թեկնածության գրանցմանը, պարզապես «թյուրիմացաբար է այդպես քվեարկել, որովհետեւ «առաջին անգամ է նիստին մասնակցել»: Ստացվում է, որ ըստ Ա. Բաղդասարյանի, ՕԵԿ-ը կողմ է Բաբայանի գրանցմանը, թեեւ վերջինս ներկայացրել էր տեղեկանք, որը նրան հնարավորություն չէր տալիս գրանցվել: Ինչպես ասում են՝ no comment: Անդրադառնալով իրական եւ ոչ իրական ընդդիմության դասակարգմանը՝ ՕԵԿ ղեկավարը, ում գլխավորած կուսակցությունը հաճախ է դասվում «ոչ իրական» ընդդիմադիրների շարքը, հայտարարեց, թե առանց այն էլ այս երկրում իրականացվում է ընդդիմության վարկաբեկման քաղաքականություն: «Դրանից հաստատ մեր ժողովուրդը չի շահում: Ես անընդունելի եմ համարում կուսակցություններին պիտակավորել, ընտրություններից առաջ, մանավանդ այսօր, երբ քարոզարշավ է»,- շարունակեց նա: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Ա. Բաղդասարյանն ու Արտաշես Գեղամյանը հեռուստաընկերություններից մեկի եթերում միմյանց մեղադրում էին իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Խոսելով Ս. Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու փաստի մասին՝ Ա. Բաղդասարյանը նշեց, թե Ս. Սարգսյանն իշխանության կառուցվածքում միշտ էլ ունեցել է իր ծանրակշիռ դերակատարությունը: «Չեմ կարծում, որ այսօր շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Լինելով պաշտպանության նախարար, նա դե ֆակտո միշտ էլ ավելի շատ իշխանություն է ունեցել, այնպես որ, քաղաքական կառուցվածքում ես արտառոց ինչ-որ փոփոխություն չեմ արձանագրում»,- թեման եզրափակեց ՕԵԿ առաջնորդը: Վերջինիս երեկ լրագրողները տեղեկացրին, որ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն ասել է, թե եթե ընդդիմությունն ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ունենա, կարելի է լուծել իմպիչմենտի հարցը: Կգնա՞ք դրան: Այս հարցին սաստիկ ընդդիմադիր ՕԵԿ-ի ղեկավարն այսպես պատասխանեց. «Նախ՝ այս երկրում վեց ամիս հետո ընտրություններ են: Ի՞նչ ենք իմպիչմենտի գնում: Վեց ամիս հետո նախագահական ընտրություններ են, ի՞նչ իմպիչմենտ: Չէ, մի հատ հասկանանք էլի, 10 տարի անցել է, վերջին վեց ամսում ի՞նչ եք իմպիչմենտ անում» (ՀՀ նախագահի հերթական ընտրությունը տեղի է ունենալու 2008 թվականի փետրվարի երկրորդ կեսին): Նա եւս մեկ անգամ նշեց, թե իրենք ծանրակշիռ ներկայություն են ունենալու ապագա ԱԺ-ում, «որովհետեւ ժողովրդի 80-90%-ն ընդդիմություն է», բայց թե ինչպե՞ս ստացվեց, որ այդ 90%-ով ընդդիմադիր ժողովուրդը մոտ 1,5 տարի առաջ, պաշտոնապես ավելի քան 95%-ով «Այո» ասեց սահմանադրական փոփոխություններին (որի «Այո» շտաբի պետն էլ ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն էր), Ա. Բաղդասարյանը երեկ չասաց: