2000թ. գերմանական KFW բանկի վարկային ծրագրով կատարվեց մրցույթ, որին մասնակցում էին միայն գերմանական ընկերություններ. «Սիմենս», «ABB» եւ «Ալստոմ»: Ծրագրում ներգրավված էին «Վանաձոր-2» եւ «Կամո» 220 կվ լարման ենթակայանների վերականգնման աշխատանքները: Այդ մրցույթի տեխնիկական հանձնարարականը պատրաստված էր բացառապես միակողմանի խորհրդատուի կողմից եւ հայկական կողմից չէր անցել ոչ մի էքսպերտիզա: Այդ մրցույթին գնային ցածր առաջարկությամբ եւ տեխնիկապես լավ առաջարկով հաղթեց «ABB» ընկերությունը, սակայն KFW բանկը էներգետիկայի նախկին նախարարի օգնությամբ խեղաթյուրեց ամեն ինչ եւ չեղյալ դարձրին այդ մրցույթը:
2001թ. հայտարարվեց կրկնակի մրցույթ, որում իրականում կրկին հաղթեց «ABB» ընկերությունը, սակայն նույն ձեռագրով հաղթանակի դափնին տրվեց «Ալստոմ» ընկերությանը (չմոռանանք ասել, որ այդ հաղթանակի համար մեծ ջանք ու եռանդ ներդրեց Գերմանիայի նախկին դեսպան Զայցը, որ մի քանի հանդիպումներ ունեցավ էներգետիկայի նախկին նախարարի հետ եւ նույնիսկ կիրակի օրով իր մոտ հրավիրեց այդ մրցույթին հանձնաժողովի անդամ պատգամավորներ Մարտին Մաթեւոսյանին եւ Գագիկ Ոսկանյանին` համոզելու, որ պետք է հաղթանակը տալ «Ալստոմին»: Ի դեպ, պարզվում է, որ դեսպանները մեծ ազդեցություն ունեն մեր կառավարության վրա, քանի որ ժամանակին ԱՄՆ դեսպանատունը ճնշում էր գործադրել USAID-ի կողմից տրամադրված 15 մլն դոլար վարկի, եռաֆազ հաշվիչների ձեռք բերման եւ տեղադրման համար մրցույթի արդյունքների վրա, իսկ բազմասակագնային հաշվիչների մրցույթի «ճիշտ» հաղթողին որոշելու համար Չինաստանի դեսպանը հանդիպել է ՀՀ վարչապետի եւ էներգետիկայի նախարարի հետ): Սակայն հետագայում նշված պատգամավորները հասկացան, թե իրականում ինչ է տեղի ունեցել, անց կացվեցին ստուգումներ* եւ արդյունքում 2003-ին «Ազգ» օրաթերթում լույս տեսավ մի հոդված, որում շատ պարզ ներկայացված էր իրականությունը: Այժմ անց է կացվել նույնանուն ծրագրով մրցույթ «Ալավերդի-2» 220կվ լարման ենթակայանի վերականգնման համար, որում գործում է նույն ձեռագիրը գերմանական կողմից, հայկական կողմի օգնությամբ: Իսկ ո՞րն է իրականությունը` եւ արդարությունը Հայաստանի Հանրապետության շահից ելնելով:
Իրականությունը նրանում է, որ ՀՀ էներգետիկայի նախարարը, օգտվելով ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի անմնացորդ վստահությունից, նրանց մատուցում է սխալ ինֆորմացիա կամ հարցերը ներկայացնում է, ելնելով իր անձնական հետաքրքրությունից: Օրինակ, 2000-2001-ին երկրի բարձրագույն ղեկավարներին ներկայացվեց, որ եթե ՀՀ-ն չկատարի գերմանական KFW բանկի պահանջը, (իսկ KFW բանկի պահանջը մեկն էր. հաղթանակ տալ ԳԴՀ-ի նախկին հետամնաց գործարանին), ապա KFW բանկը կդադարեցնի ՀՀ-ին տրամադրել վարկեր, եւ կձախողվեն բոլոր վարկային ծրագրերը, եւ ՀՀ էներգետիկան կքանդվի, եւ այլն: Ի դեպ, մամուլում արդեն հրապարակվել է, որ նախարարը լուրեր է տարածում, թե իբր Ճապոնական բանկը պահանջում է, որ հաղթող ճանաչվի չինական ընկերությունը, հակառակ դեպքում` նա չի իրականացնի Երեւանի ՋԷԿ-ի վերանորոգմանն ու արդիականացմանն ուղղված 150 մլն դոլար վարկավորման ծրագիրը: Ծանոթ ձեռագիր է:
Նույնը` «Ալավերդի-2» ենթակայանի հետ կապված մրցույթում, որտեղ իրական հաղթողը նույնն է, բայց հաղթանակը տվել են նախկին «հետամնաց գործարանին», որի անունն այժմ «Արեւա» է, պատճառաբանելով, որ «ABB»-ն պահանջված վեց օրիգինալներից բացի, պետք է ներկայացներ նաեւ տասներկու հատ քսերոքսված պատճեններ, սակայն այդ ընկերությունը ներկայացրել է ընդամենը ինը պատճենները: Այսինքն, երեք պատճենները բացակայում էին: Նշված «ABB» ընկերությանը դուրս են հանել մրցույթի ընթացքից` թողնելով միայն մեկ մասնակցի, որի առաջարկը մոտ 200.000 եվրոյով ավելի թանկ է, քան «ABB»-ինը, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ «Արեւա» ընկերության առաջարկած 220 կվ լարման անջատիչների իրական տեխնիկական ցուցանիշներն արդիական չեն եւ աշխարհում այդպիսիներն այլեւս չեն արտադրվում եւ դրանց շահագործման ռեսուրսը երեք անգամ ավելի ցածր է, քան «ABB»-ի անջատիչներինը, ուրեմն գնային իրական տարբերությունը կլինի մոտավորապես 500.000 եվրո: Մի պահ թվում է, թե նախարարը մրցութային հանձնաժողովի որոշումից մի քանի րոպեի տարբերությամբ է եկել Մարս մոլորակից, եւ չգիտի «Էներգիա կոնցեռնի» հաշվիչները կամ մյուս լուրջ մասնակիցների հաշվիչները, կամ չի տեսնում գների նույնությունը:
Այս բոլորից մնում է անել միայն մի եզրակացություն. որ ՀՀ էներգետիկայի նախարարը կամ ուղղակի չի տիրապետում իրավիճակին, կամ օգտագործում է իրեն տրված ժամանակավոր հնարավորությունը շահադիտական նպատակներով: Հստակ երեւում է, որ ՀՀ էներգետիկայի համակարգում բացակայում է օրինականությունը, նախարարը գործում է ասիական ձեռագրով:
Գոյություն չունի՝
1. Մասնագիտական տեխնիկական խորհուրդ, որը մշակի եւ իրականացնի հսկողությունը էներգահամակարգի պետական եւ ապապետականացված ընկերություններում, տեխնիկական քաղաքականությունը, արդիականացման, վերազինման գործընթացը` ներդրման կամ պարտավորությունների իրականացման ընթացքում, որոնք կերաշխավորեն ՀՀ էներգետիկայի զարգացումը եւ հուսալիությունը:
2. Վարկային միջոցների ռացիոնալ եւ ազգային շահից բխող տնտեսապես օգտակար ծրագրեր (չեն գիտակցում, որ անցել է էներգետիկայի կրիտիկական կարիքների վարկերի ժամանակը):
3. Միջազգային մրցույթների տենդերային փաթեթների պատրաստման անցկացման եւ դրանց արդյունքների օբյեկտիվ գնահատման կրիտերիաների կանոնակարգ (այսինքն, տենդերային փաթեթները պատրաստվում են նախապես պատվերով, տեխնիկական պարամետրերը գրվում են կոնկրետ պատվիրատուի սարքավորումների տեխնիկական պարամետրերը, ընդհանուր փաթեթը գրվում է երկիմաստ, բավականին խրթին, որպեսզի որ մասը ինչպես ցանկանան` այնպես էլ մեկնաբանեն, իսկ գնահատելիս, եթե ցանկանում են թանկ առաջարկը, վատը հաղթի` խնդիր չկա, կարող են եւ այդպես անել, որովհետեւ չկա հստակ օրենք կամ խնդիրներին մոտենալու կանոնակարգ):
Միջազգային մրցույթի մասնակիցը նախապես չգիտի, թե ինչ չափանիշներով են գնահատելու արդյունքները կամ ինչի համար կարող են հանել մրցույթից` ինչպես նկատեցիք, «Ալավերդի-2» ենթակայանի մրցույթի ժամանակ պատճենների 1/4-ի բացակայության ժամանակ առաջարկը չեն շարունակում դիտարկել, համոզված լինելով առաջարկի անթերիության եւ ցածր գնի փաստում, իսկ հաշվիչների մրցույթում մրցութային հանձնաժողովի մոտեցումն օբյեկտիվ է` ելնելով նույն սկզբունքայնությունից, այսինքն` չինական ընկերությունը չունի կոնկրետ այդ պահանջվող տիպի հաշվիչների արտադրության գոյությունը տվյալ պահին հիմնավորող պահանջվող փաստաթղթեր, եւ միակ արդար հաղթող է ճանաչվում «Էներգիա» կոնցեռնը, բայց էներգետիկայի նախարարի այդ որոշումը թույլ չի տալիս հաստատել իր կոլեկտիվ անպատասխանելության խորհրդի միջոցով, հիշեցնենք, որ այդ խորհրդի 90%-ը ոչ մասնագետ չինովնիկ-բուտաֆորիաներ են:
* ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի 2003 թվականի տարեկան հաշվետվություն ՀՀ կառավարության եւ ԳԴՀ կառավարության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում «Էլեկտրա էներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման» վարկային ծրագրի իրականացման ընթացքի մասին
Եզրակացություն (հատվածներ)
Վերահսկողության արդյունքում արձանագրվել են իրավական ակտերի խախտումներ եւ ծրագրի իրականացման ընթացքում տեղ գտած թերություններ, վարկային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման փաստեր:
– Գլխավոր կապալառուի ընտրության առաջին մրցույթի արդյունքների ամփոփումը KFW բանկի եւ BEA/Decon խորհրդատվական կոնսորցիումի ոչ հստակ դիրքորոշման պատճառով չի կայացել, եւ մեկ տարով Ծրագրի իրականացումը ձգձգվել է,
– Գլխավոր կապալառուի ընտրության երկրորդ մրցույթի արդյունքում KFW բանկի եւ BEA/Decon խորհրդատվական կոնսորցիումի կողմից առաջադրված անորոշ չափորոշիչների կիրառմամբ եւ բանկի պնդմամբ հաղթող է ճանաչվել անբավարար տեխնիկական եւ թերի ֆինանսական մրցութային առաջարկ ներկայացրած ALSTOM Energietechnik GmbH ընկերությունը:
– ALSTOM Energietechnik GmbH ընկերությունը տեղական ենթակապալառուների համար մրցութային առաջարկում տրանսպորտային ծառայությունների գծով հայաստանյան ընկերություններին նախատեսել է 500.000 DM գումարի աշխատանքների ծավալ եւ մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ այդ ցուցանիշից ստացել առավելագույն բալ, իսկ իրականում այդ ծավալները տրամադրել է ոչ հայկական ընկերության:
– ALSTOM Energietechnik GmbH ընկերության կողմից պարբերաբար ձախողվել են սարքավորումների, նյութերի մատակարարումների եւ աշխատանքների իրականացման պլան-գրաֆիկները: Խախտվել են ենթակայանների շահագործման հանձնելու 20.12.2002թ. պայմանագրային պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ՝ 28.02.2003թ. եւ 31.05.2003թ. երկարաձգումների ժամկետները, որի հետեւանքով ավելացել է վարկի չօգտագործված մասի նկատմամբ կիրառվող տարեկան 0,25 տոկոսադրույքով հաշվարկվող գումարը, իսկ խորհրդատուին հավելյալ վճարվել է 141.000 EURO.
– Ծրագրի 2000թ. բյուջեն, կապալառուի ընտրության մրցույթը չեղյալ հայտարարելու պատճառով, թերակատարվել է 96%-ով կամ 2.652.9 հազ. EURO-ով:
– Ծրագրի 2001թ. բյուջեն, գլխավոր կապալառու ALSTOM Energietechnik GmbH ընկերության կողմից սարքավորումների եւ նյութերի մատակարարումների ուշացման պատճառով, ընտրության մրցույթը չեղյալ հայտարարելու պատճառով, թերակատարվել է 96,9%-ով կամ 3,027.8 հազ. EURO-ով: