Ապավինում են ժողովրդին

15/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բացի առաջին նախագահական ընտրություններից եւ 1999թ. ԱԺ ընտրություններից, երբ «Միասնություն» դաշինքը հաղթանակ տարավ, մյուս բոլոր ընտրությունները կեղծվել են։

Երեկ «Փաստարկ» ակումբում այսպիսի համոզմունք արտահայտեց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Ավելին, ըստ նրա, ՀՀ իշխանություններն այդ գործընթացներից որեւէ հետեւություններ չեն արել, եւ դրա ապացույցը 2005թ. կեղծված սահմանադրական հանրաքվեն է։ Այդ իսկ պատճառով Ս. Դեմիրճյանը լուրջ չի ընդունում այն հավաստիացումները, որ առաջիկա ընտրությունները կանցնեն ազատ եւ արդար, առանց կեղծիքների։ Անցյալ ընտրությունների դառը փորձը նաեւ հիմք է տալիս չգերագնահատել միջազգային կառույցների դերը՝ ընտրական գործընթացներում։ Ըստ Ս. Դեմիրճյանի, իրականությունն այն է, որ Եվրախորհրդին անդամակցելուց հետո մեր երկրում ընտրությունների որակն ավելի է ընկել, եթե «որակ» բառն, ընդհանրապես, այստեղ տեղին է օգտագործել։ «Ժողովրդավարական բարեփոխումները չի կարելի իրականացնել հակաժողովրդավարական մեթոդներով։ Սահմանադրական փոփոխությունների կեղծված հանրաքվեն պարզապես վարկաբեկում է եվրաինտեգրման գաղափարը»,- ասաց ՀԺԿ ղեկավարը՝ նշելով, որ իրենք միշտ ապավինել եւ ապավինում են ժողովրդին։

Ս. Դեմիրճյանն ասաց, որ հակառակ տարածված կարծիքին, ժողովուրդն ամենեւին էլ կոտրված չէ, թեեւ որոշակի անտարբերություն կա առաջիկա ընտրությունների նկատմամբ։ Այդ անտարբերությունը Ս. Դեմիրճյանը բացատրում է հենց անցյալում տեղի ունեցած կեղծիքներով։ Իսկ անտարբերությունը վերացնելու ճանապարհն աշխատանքն է ընտրողների հետ։ Բանախոսը տեղեկացրեց, որ իրենց հանդիպումների ժամանակ բնակիչներին կոչ են անում ակտիվ մասնակցել ընտրություններին, քանի որ չմասնակցելու դեպքում նպաստավոր պայմաններ են ստեղծում ընտրությունների կեղծման համար։ Իսկ ՀԺԿ-ն այս անգամ տեր կկանգնի՞ իր ձայներին։ Այս հարցին պատասխանելու ընթացքում Ս. Դեմիրճյանը մի թեթեւ ջղայնացավ, քանի որ մեղադրական երանգ նկատեց, որ անցած անգամները տեր չեն կանգնել ձայներին։ «Ես այն կարծիքին չեմ, որ նախորդ ընտրություններում ՀԺԿ-ն տեր չի կանգնել իր ընտրողների ձայներին: Մենք ամեն ինչ արել ենք, պայքարել ենք, դիմել ենք Սահմանադրական դատարան։ Մենք ամեն ինչ արել ենք, որ երկիրը չընկնի քաոսի մեջ, արյուն չթափվի: Այդ հարցն անընդհատ շահարկվում է: Հեգնանքով ենք խոսում Սահմանադրական կարգի մասին: Սա է մեր դժբախտությունների պատճառը` օրենքների եւ Սահմանադրության նկատմամբ արհամարհական վերաբերմունքը: Տեսանք, թե ով՝ ինչ ճանապարհով գնաց: Պետք է ոչ թե հարց տալ, այլ օգնել, որ կեղծիքներ չլինեն»,- ասաց Ս. Դեմիրճյանը՝ հավաստիացնելով, որ եթե ընտրությունները կեղծվեն, իրենք կլինեն պայքարի առաջին շարքում:

Իսկ ո՞ւմ ընտրի ժողովուրդը, եթե պարբերական խոսակցություններ են գնում իրական եւ շինծու ընդդիմադիրների մասին։ Ս. Դեմիրճյանը չառանձնացրեց, թե իր կարծիքով՝ ովքե՞ր են իրական ընդդիմադիրներ, ովքե՞ր շինծու, քանի որ ժողովուրդը շատ լավ տարբերում է ով՝ ով է։ «Մենք տեսնում ենք բոցաշունչ ելույթներ, բայց եւ տեսնում ենք գործարքներ»,- ասաց նա։

ՀԺԿ ղեկավարին լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ արդեն փաստացի գոյություն չունեցող «Արդարություն» դաշինքի եւ ընդդիմության միավորվելու վերաբերյալ։ «Արդարությունը» գործեց ընտրությունից ընտրություն եւ, ի տարբերություն կոալիցիայի, չփլուզվեց»,- ասաց պրն Դեմիրճյանը, ավելացնելով, որ «Արդարությունից» դուրս էլ նախընտրական ընթացքը նորմալ է։

Հարց-կոչին, թե ՀԺԿ-ն ինչո՞ւ չմիացավ ընդդիմության միասնական շտաբ ստեղծելու՝ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությանը, Ս. Դեմիրճյանը տվեց կարճ եւ սպառիչ պատասխան՝ իսկ ո՞վ միացավ։ Բանախոսի համոզմամբ, որեւէ գործ անելու համար ամենեւին էլ պարտադիր չէ առանձին մարմին ստեղծել։ Իսկ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման մասին հուշագիր ստորագրելը Ս. Դեմիրճյանն ավելորդ է համարում, քանի որ դա արդեն ամրագրված է երկրի գլխավոր օրենքում՝ Սահմանադրության մեջ։ Ս. Դեմիրճյանը չասաց նաեւ, թե իր կուսակցությունը մոտավորապես քանի՞ տոկոս ձայն է ակնկալում։ Համենայնդեպս, ՀԺԿ-ն չի առաջնորդվում օլիմպիական սկզբունքով, երբ ասում են, թե կարեւորը մասնակցությունն է։ Իրենց համար կարեւորը հաղթելն է, իսկ ԱԺ մտնելու համար պահանջվող 5%-ը հավաքելը, ըստ Ս. Դեմիրճյանի, ՀԺԿ-ի համար խնդիր չի։ Ինչպես նշեց բանախոսը, ՀԺԿ-ի նպատակը սոսկ ԱԺ-ում ներկայացված լինելը չէ, այլ լուրջ փոփոխություններ իրականացնելու համար բավարար ձայներ ունենալը։ Ինչ վերաբերում է վերջերս հրապարակված տարբեր սոցհարցումներին, որոնց արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթելու են ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, Ս. Դեմիրճյանը դրանք լուրջ չի ընդունում եւ հիշեցնում է, որ «այդ փուլն արդեն անցել են»։ «Նախորդ բոլոր համապետական ընտրություններում ՀԺԿ-ն հաղթել է։ Իսկ 2003թ. ես երկրորդ տեղում էի, սակայն ինձ կանխատեսում էին 0.8-0.9%»,- հիշեցրեց Ս. Դեմիրճյանը։