10 մլն դրամ՝ գովազդի համար

15/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Նախընտրական քարոզարշավի այս օրերին քաղաքական գործիչները, ժողովրդի հետ հանդիպելուց բացի, շրջում են նաեւ ասուլիսների ակումբներով եւ անձամբ բացատրում, թե ինչ ծրագրերով եւ նպատակով են ուզում դառնալ պատգամավոր:

Այս օրերին քաղաքական բոլոր գործիչները խոսում են օրենքի գերակայությունից, արդարությունից, ժողովրդավարությունից, աղքատության հաղթահարման ծրագրերից եւ այլ շատ վեհ գաղափարներից: Անկեղծ ասած, այդ «ներկայացումներն» արդեն բավականին ձանձրալի են դարձել, որովհետեւ ամենուր նույն դեմքերն են ու նույն խոսքերը: Բայց երբեմն այդ հանդիպումները հետաքրքիր են դառնում, երբ ակումբի հյուրն է լինում Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանը: Ընթերցողն արդեն պատկերացնում է, թե ինչպիսի ուրախ մթնոլորտ է ստեղծվում նրա հետ հանդիպումների ժամանակ: Եթե ժողովրդի հետ նա պարում է, ապա քաղաքական գործիչների հետ կատակում է: Իսկ եթե Տ.Կարապետյանին ասուլիսում ընկերակցում է «Նոր Ժամանակներ» (ՆԺ) կուսակցության տաքարյուն նախագահ Արամ Կարապետյանը, ապա հանդիպումը կարելի է դասել կիսակատակերգական եւ կիսաֆանտաստիկ ժանրի շարքը: Այս դեպքերում հանդիսատեսի մտքում միայն մեկ հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Եվ ահա հիշատակված ժանրի շրջանակներում երեկ «Հայելի» ակումբում իրար հետ մի քիչ բանավիճեցին, մի քիչ հումոր արեցին, մի քիչ էլ աշխարհաքաղաքական հարցերից զրուցեցին Տիգրան եւ Արամ Կարապետյանները:

Նման հանդիպումների ժամանակ լրագրողները գրեթե միշտ փորձում են Տ. Կարապետյանից խոսք քաշել, թե նա վերջապես ի՞նչ կողմնորոշում ունի՝ իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմադիր: Պարոն Կարապետյանն էլ անընդհատ փորձում է բացատրել, թե «ո՛չ էն է, ո՛չ էլ՝ էն», ինքը կենտրոնում է: Իսկ էն-ը մեզանում ստացել է կենտրոնամետ անվանումը: Եվ այսպես, Տիգրան Կարապետիչն իրեն համարում է կենտրոնամետ քաղաքական գործիչ: Թեպետ երեկ մի պահ դարձավ արմատական ընդդիմություն, երբ Ա. Կարապետյանը հայտարարեց, թե ինքը ծայրահեղ ընդդիմություն է: «Ես արմատական ընդդիմություն եմ, իսկ դուք ծայրո՞ւմ եք, թե՞ մեջտեղում,- Ա. Կարապետյանին հարցրեց Տ. Կարապետյանը: -Ես մեջտեղն եմ, այնտեղ, որտեղ ժողովուրդն է: Յուրաքանչյուր ծայրահեղություն չեմ ընդունում»: «Ինչի՞ մեջտեղն եք, պարոն Կարապետյան,- հարցնում է ՆԺ կուսակցության նախագահը: -Ծայրի՞ մեջտեղում: Էդպես ո՞նց կլինի: Կամ պիտի մի բեւեռում լինես, կամ էլ՝ մյուս բեւեռում»:

Սակայն ԺԿ նախագահը ոչ մի ծայրահեղություն եւ բեւեռացում չի ընդունում: Նա պարզապես իրեն համարում է ժողովրդի կողմից ընդունված մարդ: Պատգամավորության թեկնածուներ Կարապետյանների հանդիպումը երբեմ-երբեմն լրջանում էր, եւ այդ պահերից մեկն էլ այն էր, երբ երկուսով պատասխանում էին, թե ինչո՞ւ են ուզում գնալ Ազգային ժողով:

«Մեր գործունեությունը խորհրդարանում բաժանված է երեք մասի՝ քաղաքական մասով մենք գալիս ենք խորհրդարան՝ պահանջելու Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը՝ իմպիչմենտի ենթարկելով: Օրենսդրական մասում ունենք 43 օրենսդրական փաթեթ: Վերահսկողության ֆունկցիաների մեջ մենք առաջարկում ենք ստեղծել սահմանադրության ընձեռած Վերահսկիչ պալատը, որպեսզի բյուջեի բոլոր ծախսերը կարողանան հսկել անկախ աուդիտորները: Միանշանակ մեզ համար պարզ է, որ Հայաստանի Կենտրոնական բանկի ստատուսը չի ծառայում արդյունաբերության զարգացման համար: Դա մի փակ շրջան է: Ի՞նչ է կատարվում, ոչ մեկը չգիտի: Տարադրամի փոխանակման այս կուրսի փոփոխություններն ինչի՞ համար են լինում, ի՞նչ ձեւով, որեւէ մեկը չի կարող գտնել պատասխանը: Մենք չգիտենք, թե ի՞նչ է կատարվում ընդհանրապես բանկային համակարգում: Ահա մենք այսպես ենք հասկանում պառլամենտ, պաղլե բառի իմաստը՝ խոսել, քննարկել, օրենքներ ընդունել»,- ասաց Արամ Կարապետյանը:

«Եթե կուսակցություն է, ուրեմն պետք է հայտնվի ամեն տեղ,- իր տեսակետը ներկայացրեց Տ. Կարապետյանը: -Մենք մեզ համարում ենք ժողովրդի կողմից առաջադրված ուժ, որովհետեւ կապ ունենք ժողովրդի հետ: Ժողովրդի ներկայացուցիչները անպայման պետք է լինեն խորհրդարանում: Գոնե այս անգամ: Նոր ուժեր պետք է գան խորհրդարան: Էս ի՞նչ մենաշնորհ է, ի՞նչ է նշանակում՝ 14 տարի մարդիկ նստած են այնտեղ: Սա արդեն փեշակ է դարձել»:

Մեր բանախոսների լրջությունը տեղի տվեց այն ժամանակ, երբ քննարկվում էր այն հարցը, թե Ա. Կարապետյանը երբ սուր-սուր մտքեր է արտահայտում Սերժ Սարգսյանի հասցեին, չի՞ վախենում, թե՞ պայմանավորվել են, որ հենց այդպես էլ պետք է անեն: Չէ՞ որ երկուսի կողմնորոշումն էլ դեպի Ռուսաստան է: «Ես Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցչից՝ լինի դա ցիվիլ մարդ, լինի դա ավտոմատավոր կամ անթրաշ մարդ, որեւէ վախ չունեմ: Եվ ոչ մեկին էլ հաշվետու չեմ»,- հայտարարեց ՆԺԿ նախագահը:

«Ուրեմն գրիժա էլ չունի,- եզրակացրեց Տ. Կարապետյանը: -Եթե վախ ունենար, գրիժա էլ կունենար»: Այստեղ արդեն մեր բանախոսներն իսկապես որոշեցին լրջանալ, որովհետեւ նման մեկ-երկու հանդիպումներից հետո իրենց վարկանիշն իսկապես կընկնի: Իսկ ներկա պահին ունեցած վարկանիշով Ա. Կարապետյանն առաջիկա ընտրություններին հույս ունի 20-25% ձայն հավաքել: Տ. Կարապետյանն իր ցանկությունների մեջ համեստ է, բայց նման հաշվարկներ չի արել: Բացի այդ, ԺԿ նախագահը մի հարցում ո՛չ կողմ է, ո՛չ էլ դեմ: Նա կողմ չէ Ռ. Քոչարյանին իմպիչմենտի ենթարկելուն, սակայն դեմ էլ չէ, որ մյուսները դա անեն: Այստեղ էլ լրագրողները փորձեցին Կարապետիչից խոսք քաշել՝ ինքը գո՞հ է Ռ. Քոչարյանի աշխատանքից: «Իսկ գուցե մե՞նք ենք թերի»,- հարցից խուսափեց կենտրոնամետ արմատական գործիչը:

Բոլոր դեպքերում՝ Կարապետիչը վստահ է իր ուժերին, այնքան վստահ, որ Հանրային հեռուստատեսության եթերում վճարովի գովազդ չի տեղադրում: Իսկ Արամ Կարապետյանը միայն Հ1-ի եթերում օրական 240.000 դրամի գովազդ է տեղադրում: Իսկ մինչեւ քարոզարշավի ավարտը Հ1-ին վճարելու է 10 մլն դրամ: 3 միլիոնը գլխանց է տվել: