«Նաիրիտ» արտադրական միավորումը ստեղծվել է 1940թ. եւ նախկին ԽՍՀՄ երկրների եւ ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: Գործարանը եզակի էր նրանով, որ խորհրդային երկրներից միայն այստեղ էր արտադրվում քլորոպրենային կաուչուկ ու լատեքս: Այս արտադրական հսկան 1989թ.-ին բնապահպանական պահանջներով ՀԽՍՀ ԳԽ-ի որոշմամբ դադարեցրեց իր գործունեությունը, որի հետեւանքով հանրապետությունը միլիարդների վնասներ կրեց:
«Նաիրիտը» համարվում էր հանրապետության մի շարք քիմիական գործարանների համար հումք մատակարարող: Միայն հետո, 1991թ.-ին նույն ԳԽ-ի որոշմամբ «Նաիրիտը» վերագործարկվեց, սակայն ոչ նախկին հզորություններով: Շրջափակման տարիներին կոնսերվացվեց բութադիենային կաուչուկի արտադրությունը, քանի որ հումքը ներկրվում էր Ռուսաստանից: Գազի անկանոն մատակարարումները գործարանին վերջնականապես «թաղեցին» ահռելի պարտքի բեռի տակ, որը դեռ այսօր էլ, ձեռքից ձեռք անցած «Նաիրիտում» իր վերջնական լուծումը չի գտել:
Չի կարելի ասել, որ կառավարությունն այդ տարիներին «Նաիրիտի» փրկության համար ոչինչ չի արել: Նախ՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով «Նաիրիտն» առաջարկվեց ռուսներին, սակայն ռուսական կողմը հրաժարվեց: Այնուհետեւ այլընտրանք չունենալով՝ 2001թ.-ին կառավարությունը հրապարակեց «Նաիրիտի» առողջացմանը միտված իր ծրագրերի մասին: Որպես առաջին քայլ՝ գործարանից առանձնացվեցին հիմնական միջոցները եւ ստեղծվեց «Նաիրիտ-1» գործարանը, որը ժառանգեց մոտ 2.5 մլրդ դրամի հասնող աշխատավարձի եւ սոցիալական վճարների մասով ունեցած պարտքի բեռը: Էներգետիկ միավորներին ունեցած նախկին պարտքի մասով նոր ստեղծված միավորը պարտավորություններ չէր կրում: Հայկական գործարանով 2002թ.-ին առաջինը հետաքրքրվեց անգլիական «Ռանսաթ Գրուպ» ընկերությունը եւ մոտ 25 մլն դոլարի ներդրումային պարտավորություններով, որից 10մլն-ը գործարանի պարտքն էր, ստանձնեց «Նաիրիտի» կառավարումը: Ի՞նչ տրվեց «Ռանսաթ Գրուպին»: Առանց որեւէ ներդրումների՝ «Նաիրիտն» այդ պահին տարեկան արտադրում էր 6 հազար տոննա կաուչուկ, ինչն արդեն բավարար էր վնասով չաշխատելու համար: Սակայն անգլիական այս կազմակերպությունը գործարանի կառավարումը ստանձնել էր որոշակի նախապայմաններով` իջեցնել գազի, գոլորշու սակագները: Կառավարությունն ինչպե՞ս էր մեկ միավորի համար գազի տարբերակված սակագին սահմանելու կամ ինչո՞ւ պետք է սուբսիդավորեր միայն այս կազմակերպությանը. շարժառիթներն այնքան էլ պարզ չէին: Այսօր արդեն ակնհայտ է, որ կառավարությունը բացառություններ չի արել, որի դիմաց էլ «Նաիրիտում» ոչ միայն ներդրումներ չեն արվել, այլեւ ավելի է մեծացել գործարանի ունեցած պարտքը: «Ռանսաթ Գրուպը» կառավարության հետ համաձայն չէր նաեւ մի հարցում: «Նաիրիտից» հանվել էր չորացման եւ փաթեթավորման երեք հոսքագծերից մեկը եւ տեղափոխվել էր Չինաստան: Գործարանի նոր կառավարիչը բնականոն արտադրության կազմակերպման համար ունեցած միջոցները բավարար չէր համարում: Այս հոսքագծի պատմության վերաբերյալ էլ ժամանակին իրավասուները պարզաբանում էին, թե «Նաիրիտ-2»-ի մասով չինացիների հետ ծրագիր են իրականացնում, եւ անհրաժեշտ է համատեղ ձեռնարկությունում ներդրումներ անել: «Չինարմենպրես» համատեղ ձեռնարկությունը պետք է գործեր 2004թ.-ից եւ Հայաստանին տարեկան բերեր 4մլն դոլարի շահույթ: Այսօր արդեն կարելի է հարցնել` ո՞ւր է 4մլն շահույթը, որտե՞ղ է «Նաիրիտի» երրորդ հոսքագիծը…
Այսպիսով «Նաիրիտի» «առողջացման» ծրագիրն ավարտվեց նորանոր պարտքերով եւ նոր տիրոջ հայտնվելով: Ի դեպ, կառավարություն-կառավարիչ համատեղ պայմանագրով նոր պարտքերի դեպքում կառավարիչը պետք է հատուցեր իր միջոցներից: Իր կարճատեւ գործունեության ընթացքում «Ռանսաթ Գրուպը» պարտքեր էր կուտակել ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության համակարգում գտնվող «Հայկապբանկին», որն էլ եւ դարձավ «Նաիրիտի» նոր սեփականատերը: Գործարանն աշխատեցնելու պատրաստակամություն այս անգամ էլ հայտնեց ռուսական «Վոլգաբուրմաշ» ընկերությունը: «Նաիրիտ տրաստ» կոչվող այս կազմակերպությունն էլ իր «առաքելությունն» ավարտեց 2004-ին: Ոչ արդյունավետ կառավարման համար «Հայկապբանկը» դադարեցրեց կնքված պայմանագիրը: 2004թ.-ին Էներգետիկայի նախարարությունը գործարանի էներգետիկ համակարգին ունեցած պարտքի դիմաց բաժնետոմսեր թողարկեց՝ մարելով «Հայկապբանկի» պարտքը, դարձավ «Նաիրիտի» 80 տոկոս բաժնետոմսերի տերը: 2004- 2006թթ. գործարանն առանց որեւէ ներդրումների տարեկան արտադրել է 8 հազար տոննա կաուչուկ, եւ արտադրանքի իրացման հիմնական շուկան եղել են եվրոպական երկրները, միայն 20 տոկոսն է արտահանվել Ռուսաստան: Նման արտադրողականության ծավալն արդեն իսկ նշանակում է, որ գործարանն աշխատել է որոշակի շահույթով: Պետական կարգավիճակ ունեցող գործարանին այս ընթացքում հաջողվել է միջազգային շուկայում բարձրացնել իր ապրանքի գինը՝ 1 տոննայի համար 2000 դոլարից հասցնելով 2500 դոլարի: Ներկայումս տեղական արտադրանքն իր որակական հատկանիշներով միջազգային շուկայում մրցակցում է մեծ ճանաչում ձեռք բերած գերմանական «Բայեր» ընկերության արտադրանքի հետ: Այս մրցակցությունը կարելի է ավարտված համարել Հայաստանում գազի գնի բարձրացման ֆոնին: Գազ, ջուր եւ օդ. ահա այս երեք բաղադրիչներն են անհրաժեշտ քլորոպրենային կաուչուկի արտադրության համար, որտեղ արտադրանքի ինքնարժեքի 80 տոկոսը բաժին է ընկնում էներգակիրներին, այս պարագայում` գազին: 2006թ.-ին Կառավարության հերթական օպերացիան «Նաիրիտի» հերթական մասնավորեցումն էր անգլո-իռլանդական «Rhinoville Property Limited» ընկերությանը: Նշենք, որ այս ընկերությունն էլ ռուսական կապիտալի արդյունք է, որում իր զգալի ներդրումն ունի ԱՊՀ Միջպետական բանկը: Պետական բյուջեն այս գործարքից ոչինչ էլ չի շահել, «Rhinoville Property Limited» ընկերությունն ընդամենը պարտավորվել է մարել «Նաիրիտի» ունեցած 40մլն դոլարի պարտքը: Պարտավորությունների շարքից է նաեւ առաջիկա 5 տարիներին կատարել մոտ 120 մլն դոլարի ներդրում, ընդ որում՝ առաջին տարին կրկնապատկել արտադրանքի ծավալը, իսկ երրորդ տարում կատարել մինչեւ 60 մլն դոլարի ներդրում: Այս «երազ» ծրագրի մասին փորձեցինք տեղեկանալ հենց «Նաիրիտ» գործարանից: Մեր հեռախոսազանգերին գործարանից պատասխանում էին, թե տնօրենը կամ խորհրդակցում է, կամ էլ տարածքում է: Ուստի մենք էլ փորձեցինք տեղեկատվություն ստանալ «Նաիրիտի» հենց տնօրենների խորհրդի նախագահից: Տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Ստեփանյանը մոտ մեկ շաբաթ մեզ հավաստիացնում էր, որ համապատասխան «պրես ռելիզ» է պատրաստվում, եւ թուղթը պատրաստ լինելուց հետո մենք կարող ենք հանդիպել, եւ վերջինս կպատասխանի նաեւ մեզ հետաքրքրող այլ հարցերի: Միայն մեկ շաբաթ հետո պետք է պարզ դառնար, ինչպես մեզ հեռախոսով ասաց Գրիգոր Ստեփանյանը, որ վերջինս խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է եւ չի տիրապետում մեզ հետաքրքրող հարցերին: Գ. Ստեփանյանը մեզ խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել մամուլի քարտուղարին: Ընդունեք, որ սա եզակի դեպք է, երբ մամուլի քարտուղարն ավելի լիազորություններ ունի, քան խորհրդի նախագահը, թեկուզեւ ժամանակավոր: Բոլոր դեպքերում «Նաիրիտում» բարի գտնվեցին եւ մամուլի քարտուղարը մեզ փոխանցեց, որ հարցերը ներկայացնենք գրավոր, քանի որ բուն իրավասու անձը գտնվում է գործուղման մեջ, եւ նրա վերադարձից հետո մեր հարցերը կարող են պատասխաններ ստանալ: Մինչ «Նաիրիտում» միաձայն որոշումներ ընդունող, տնօրենների խորհրդի անդամ, Հայաստանում ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցիչ Վահան Մելքոնյանը կվերադառնա մեր երկիր, մտորելու տեղիք է տալիս այն, թե ինչո՞ւ հենց Վ. Մելքոնյանն ինքը հանդես չի գալիս որպես տնօրենների խորհրդի նախագահ: Նշենք, որ մինչ այս «Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահն էր մեր հայրենակից, սակայն Ֆրանսիայի քաղաքացի Անդրե Նարսիսյանը, ով բոլորովին վերջերս է մահացել: Քաղաքակիրթ բիզնեսներում հարազատի մահից հետո գործում է ժառանգության իրավունքը: Արդյոք Ա. Նարսիսյանի հարազատները տեղյա՞կ են «Նաիրիտում» ունեցած իրենց բաժնեմասի մասին: Այս հարցի պատասխանը, հույս ունենք, կունենա Վ. Մելքոնյանը:
Ինչպես արդեն նշեցինք, «Նաիրիտի» արտադրանքի գինը միջազգային շուկայում զգալի բարձրացել է: Թեպետ 1 տոննա կաուչուկի միջազգային իրացման գինը մոտ 3800 դոլարի է հասնում, սակայն տեղական գործարանը 2500 դոլարով կաուչուկը վաճառում է միջնորդ «Ինտեր կաուչուկ» ընկերությանը: Դեպի եվրոպա 1 տոննա կաուչուկի տեղափոխման ծախսը մոտ 200 դոլար է կազմում, եւ առանց պարզ թվաբանության էլ ակնհայտ է, որ միջնորդն արտադրողից ավելի եկամուտներ է ստանում: Այս միջնորդի «ավանդույթը» «Նաիրիտում» ձեւավորվել է 2005թ.-ից հետո, մինչ այդ գործարանն արտադրանքն ուղղակի առաքել է պատվիրատուին: Սա նշանակում է, որ սեփականատերն այսպիսով նվազեցնում է գործարանի եկամուտները եւ գործում է որքան քիչ եկամուտ՝ այնքան քիչ եկամտահարկ հաշվարկը: Գործարանն այս պահին «աչք չի բացում» էներգետիկ միավորներին ու ջրային համակարգին ունեցած պարտքերից, այն էլ՝ այն դեպքում, երբ գործարանը չունի ապրանքի իրացման խնդիր, սակայն ունի պահանջարկի բավարարման խնդիր: Այս իրավիճակից դուրս գալու լավագույն ելքն արտադրանքի ծավալների ավելացումն է, ինչն էլ ենթադրում է ներդրումներ: Ամսական 2-2,5 տոննա կաուչուկի ապահովումը կարող է իջեցնել արտադրանքի ինքնարժեքը, իսկ արտադրության թողունակությունը ներկայումս 800-900 տոննա է: 3 տարի հետո գազի սակագնի թանկացումների ֆոնին արդարացված չեն համարվելու նաեւ այս հաշվարկները: Ներդրումային ծրագրերով նախատեսվում է 1992թ.-ից կոնսերվացված բութադիենային կաուչուկի արտադրամասի վերագործարկումը, սակայն նորացված եւ էներգախնայող տեխնոլոգիաներով: Իմանալու համար՝ այս ծրագրերն իրողություն կդառնա՞ն, թե՞ ոչ, դեռ պետք է սպասել 5 տարի: Սակայն նշենք, որ մասնավորեցման պայմանագրով ծրագրի տապալման դեպքում կառավարությունն իրավասու է խզել պայմանագիրը` առանց կատարած ներդրումների փոխհատուցման: