Դեղերի քարոզիչները
2007թ. մարտին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության կողմից բանավոր նախազգուշացում է արվել մայրաքաղաքի պոլիկլինիկաների բուժանձնակազմին` աշխատանքային ժամերին չընդունել որեւէ դեղորայքային ընկերության ներկայացուցչի: Ըստ Երեւանի գլխավոր դեղագետ Հովհաննես Մարտիրոսյանի, քաղաքապետարանի միջամտությունը տեղին էր` անտեսված հարցին հնչեղություն տալու համար, որովհետեւ պոլիկլինիկաները հասել էին արդեն մի վիճակի, երբ յուրաքանչյուր բժշկի մոտ օրական մուտք ուներ մոտ 3-4 ներկայացուցիչ: «Եթե նրանցից յուրաքանչյուրը բժշկի հետ բանակցի կես ժամ, պատկերացրեք՝ դրանից որքան կարող է տուժել միջանցքում սպասող դիսպանսեր կամ տարեց հիվանդը»,- նկատում է Հ. Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, բուժհաստատությունում բանակցող ներկայացուցիչը քիչ է տարբերվում համառ աղանդավորականից` թերեւս շատ լավ գիտակցելով, որ ցանկացած պրեպարատի նշանակումից եւ վաճառքից իր շահույթը ձնագնդի պես մեծանում է: Այս բիզնեսը, որը հանրապետությունում ծավալվում եւ ծաղկում է բացառապես ստվերային դաշտում, ներկայումս ամենաեկամտաբեր ու ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից մեկն է. սկսնակ medrep-երի աշխատավարձը մեկնարկում է 300 ԱՄՆ դոլարից եւ համապատասխան ճարպկության պարագայում կարող է հատել 2000 ԱՄՆ դոլարի սահմանագիծը:
Նկատենք, որ ՀՀ դեղագործական շուկան այն քիչ շուկաներից է, որն, ի տարբերություն այլ երկրների, ամբողջությամբ մասնավորեցված է: Դաշտում հիմնական խաղացողները` դեղատները, տեղական արտադրող ընկերություններն ու արտասահմանյան արտադրողների ներկայացուցիչները, նաեւ բժիշկները, «սնվում» են սպառողի, ավելի ստույգ՝ հիվանդի շնորհիվ: Իսկ որքանով է դրանից տուժում հիվանդը: Շուկայի զարգացման «ընտրապայքարում» ընդունված գործելաոճ է, երբ դեղ արտադրող կազմակերպությունը տարբեր երկրներում հիմնում է իր կառույցը, որն այդ երկրի շուկայում զբաղվում է իր արտադրանքի ներդրմամբ: Հիմա մեզ մոտ խնդիրը նրանում է, որ այդ դեղերի ներդրումն ու տարածումը կատարվում է պետական վերահսկողությունից դուրս: Ընդհանրապես ցանկացած երկրում, երբ ներկայացուցչություն է բացվում, այն նախապես որոշակի իրավական դաշտում գրանցվում է: Ըստ գլխավոր դեղագետի, կարելի է ասել, որ հանրապետությունում առկա 50-60 ընկերությունների ներկայացուցչություններից ընդամենը 5-7-ն են գրանցված: Իսկ պետությունն` ի դեմս Առողջապահության նախարարության, չնայած իր լծակներին, ոչինչ չի ձեռնարկում: Քաղաքակիրթ երկրներում այս հարցը բավականաչափ կարգավորված է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտածելով ամբողջ աշխարհի հիվանդների մասին, 1988թ., իր 43-րդ նստաշրջանում ընդունել է դեղերի ներդրման էթիկական կոդեքսներ, որոնք պետք է պահպանել տվյալ դեղը շուկայում ընդունելու համար: Այդ նորմաներն իրավական ուժ չունեն, սակայն պետության միջամտությամբ դրանք կարելի է դարձնել իրավական ակտ, նախարարի հրաման կամ կառավարության որոշում: Ծայրահեղ դեպքում բժշկական ներկայացուցիչներին պետք է ծանոթացնել ԱՀԿ-ի կոդեքսներին, որտեղ իրենց դերակատարումն ունեն նաեւ հասարակական կազմակերպությունները: Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Ինչպես Հովհաննես Մարտիրոսյանն է ասում, մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար, եւ ԱՀԿ-ի հռչակած էթիկական նորմաների մասին շատերն անգամ գաղափար չունեն: Տեղեկացնենք, որ այդ էթիկական հիմունքներն առաջին հերթին վերաբերում են բժշկական ներկայացուցիչներին կամ medrep-երին, որոնք բուժհաստատություններում պրեպարատը ներկայացնելիս, միայն մեկ գերնպատակ ունեն՝ որպեսզի այն ցանկացած գնով նշանակվի հիվանդին (ինչպես ժողովուրդն է ասում՝ «սաղացնի հիվանդի վրա»): Նկատենք նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք այսօր շուկայում գործում են, դեղերի տարածման եւ ներդրման համար ունեն հզոր ենթակառուցվածքներ, հսկայական բյուջեներ: Այն հանգամանքը, որ medrep-երի վարձատրությունը պայմանավորված է վաճառքի ծավալներով, նույնպես կոպիտ խախտում է: Որպեսզի այդ դեղերը ռացիոնալ օգտագործվեն, օրինակ, չի թույլատրվում խաբել բժշկին, այսինքն, բուժներկայացուցիչն իրավունք չունի բժշկին համոզել, որ տվյալ դեղը, բացի հիմնական ցուցումից, այլ ցուցումներ էլ ունի: Սակայն վաճառքի ծավալները մեծացնելու համար նրանք խախտում են բոլոր այդ ցուցումները, որոնք, ի դեպ, պետք է գրանցված լինեն տվյալ երկրում: Բուժներկայացուցիչները պարտավոր են նաեւ հիվանդներին տեղեկացնել հակացուցումների մասին, ինչը եւս շրջանցվում է. այսինքն, ամեն գնով պրեպարատի իդեալական եւ ագրեսիվ գովազդ է արվում: Էթիկական այդ սկզբունքների համաձայն, բուժներկայացուցիչները պետք է լինեն բժշկական կրթությամբ, բայց ոչ գործող բժիշկներ եւ չաշխատեն բժշկական կրթական ոլորտում: Այն դեպքում, երբ մեզ մոտ բուժհաստատությունների հայտնի պրոֆեսորներն ու գլխավոր բժիշկները «օպինիոն» լիդերներ են: Ընդհանրապես, բժշկին կամ դեղագործին չի թույլատրվում ֆինանսական կամ նյութական «ստիմուլ» ունենալ: Իսկ մեր գրեթե բոլոր դեղատների եւ հիվանդանոցների պատերին փակցված են այսպիսի հայտարարություններ` «եթե մեր դեղից 20 հատ գնեք, 4 հատ նվեր կստանաք»: Համեմատաբար խոշոր ընկերությունները, ասենք՝ «Սերվիեն», «Գեդեոն Ռիխտերը», եւ այլք շահագրգռված են աշխատել նորմատիվային դաշտում, սակայն անօրինականների ձեռքն ընկել են կրակը: Իրավիճակը շտկելու համար, Հ. Մարտիրոսյանն ասում է, որ պետության կողմից պետք է զսպող մեխանիզմներ կիրառվեն: Իհարկե, այս խնդիրն առկա է նաեւ ամբողջ աշխարհում: Այդ նպատակով, այսօր Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բժշկական ներկայացուցիչների ագրեսիվ գովազդի եւ մարկետինգի դեմ իրականացվում են դեղագործների եւ բժիշկների իմունիզացիայի ծրագրեր:
Բարձր գնով միայն տուփ ենք գնում
Հայաստանի դեղագործական շուկայում ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր հայտնի ֆիրմաներն իրենց դեղերով: Սակայն շատ քիչ ընկերություններ Հայաստանում ունեն իրենց ներկայացուցչությունները: Նրանց կենտրոնները հիմնականում տեղակայված են հարեւան Վրաստանում: Այս հարցում վրացական ներկայությունը զգալի է. օրինակ, այնպիսի խոշոր ընկերության, ինչպիսին «Սանոֆի Ավենտիսն» է, կենտրոնական գրասենյակը Վրաստանում է: Ըստ Հ. Մարտիրոսյանի, գոյություն չունեն լավ կամ վատ, ճիշտ կամ սխալ դեղեր: Կարեւորն այն է, որ տվյալ դեղը Հայաստանում գրանցված լինի` հաղթահարելով փորձաքննության փուլը: «Եթե ձեզ կասեն, որ «Պանադոլը» լավ դեղ է, որն, ասենք, արժե 1000 դրամ, ապա իմացեք, որ դա նույն «Պարացետամոլն» է, որն արժե 25 դրամ: Դուք բարձր գնով միայն տուփն եք գնում»,- տեղեկացնում է դեղագետը: Պատահական չէ, որ համաշխարհային ֆինանսական հաշվետվությունների համաձայն, դեղի արժեքի մեջ գովազդային ծախսերը կազմում են մոտ 60%: Դեղագետի խորհրդով, պետք չէ տուրք տալ փայլուն թղթերին: Ու եթե այսօր մենք նախապատվություն ենք տալիս հիմնականում թանկ դեղերին, ապա դա հենց բուժներկայացուցիչների ծավալած քարոզարշավների ուղղակի հետեւանքներն են, որ ազդել է սպառողի ենթագիտակցության վրա: Ի դեպ, քաղաքապետարանի հրահանգին հաջորդել են դեղագործական ընկերությունների կողմից ճնշումները: Քաղաքապետարանի իրավասությունները տարածվում են միայն պոլիկլինիկաների նկատմամբ: Չմոռանանք, որ բուժներկայացուցիչներն ագրեսիվ գործում են նաեւ հիվանդանոցներում: Այս առումով մարզային եւ գյուղական բուժհաստատությունները վաղուց «զավթված» են: