«Խեղճ նախարարը», Ալվարդ Պետրոսյանն ու իր որդին

15/04/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում նոր տնօրեն նշանակելու հարցը, թերեւս, կարող էր այդքան աղմկահարույց չլինել, եթե չպարզվեր, որ առաջին հայացքից այդ հանգիստ գործող ուսումնական հաստատության ներսում տեղի ունեցող բախումները միաժամանակ եւ նեղընտանեկան են, եւ նեղկուսակցական:

Ուսումնարանի այլեւս նախկին տնօրեն, նկարիչ Սամվել Պետրոսյանն իր պաշտոնը ստիպված էր զիջել իր զարմիկին` քրոջորդի Նարեկ Առուշանյանին, քանի որ այդպիսին էր իր քրոջ` ԱԺ պատգամավոր ու ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի եւ ՀՀ ԿԳՆ նախարար Լեւոն Մկրտչյանի ցանկությունը: «Ես գիտեի, որ 65-ամյակս լրանալուց հետո պետք է թողնեմ տնօրենի պաշտոնը, ես պատրաստ էի այդ քայլին, բայց ուզում էի դա անել սեպտեմբերին, երբ նախատեսված էր ավարտել ուսումնարանի վերանորոգումը, որն առաջին օրվանից հսկել եմ: Վարչապետը խոստացել էր երկարաձգել իմ պաշտոնավարությունը մինչեւ սեպտեմբեր»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Պետրոսյանը, ով շատ վիրավորված ու վրդովված է: Նա համարում է, որ իրեն ուղղակի «օգտագործել ու դուրս են շպրտել» այն ուսումնարանից, որին նա երկար տարիներ ծառայել է: Եվ դա արել է իր հարազատ քույրը, արել է կանխամտածված, օրենքի խախտումներով ու առանց զղջումի: «Դեռ անցյալ տարվա ամռանը Նարեկը Շորժայում գտնվող նկարիչների հանգստյան տանը բոլորին հայտարարում էր, որ շուտով քոլեջի տնօրեն է դառնալու, նկարիչներից մի քանիսին սպառնում էր, որ իրենց ազատելու է աշխատանքից, իսկ ոմանց էլ խոստանում էր աշխատանքի ընդունել: Բայց ես չէի հավատում, որ նա ու իր մայրն այդ քայլին կգնան: Կարծում էի, որ դատարկ խոսակցություններ էին»,- ասում է Ս. Պետրոսյանը: Նա վստահ էր, որ այդ խոսակցությունները «դատարկ» էին, քանի որ լավ է ճանաչում Նարեկ Առուշանյանին ու չէր հավատում, որ իր քույրն իրեն թիկունքից հարված կհասցնի ու «կցեխոտի» իր անունը: «Խոսքն իմ՝ տնօրեն մնալու մասին չէ, ես, միեւնույն է, շուտով թոշակի էի գնալու, բայց ուզում էի քոլեջը վստահելի ձեռքերում թողնել: Իսկ Նարեկը` ո՛չ մանկավարժական ստաժ ունի, ո՛չ էլ նկարել գիտի: Իսկ տնօրենը պիտի կարողանա կոլեկտիվի հետ աշխատել ու դասախոսներից գոնե մի գլուխ բարձր պիտի լինի»,- ասում է Ս. Պետրոսյանը:

34-ամյա Նարեկ Առուշանյանը ոչնչով աչքի չընկնող նկարիչ է, մասնագիտությամբ թատերական ձեւավորող է, եւ շատ նկարիչների ու դասախոսների կարծիքով՝ չի կարողանալու խելամիտ տնօրինել քոլեջը: «Նա մինչեւ հիմա երբ մի բան է ասում, անպայման կրկնում է` մամաս է այդպես ասում, մամաս է այդպես մտածում, մամաս է ուսումնարանը փրկել: Մայրը Նարեկի հետ պարապում է, հուշում է նրան` թե ի՞նչ լոզունգներ ու խոսքեր պիտի ասի: Երբ նրան տնօրեն հաստատեն, երեւի մայրն էլ կգնա, կողքը կնստի ու հետը կաշխատի»,- ասում է Ս. Պետրոսյանը: ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում այս պատմության մեջ ոչ մի խախտում ու խնդիր չեն տեսնում, պարզապես Ս. Պետրոսյանի հետ չի երկարացնում պայմանագիրն ու տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակում: Ս. Պետրոսյանը համարում է, որ իր հետնորդը պետք է լիներ քոլեջի փոխտնօրենը, այլ ոչ թե` «նենգ ձեւով խցկած անհայտ ու ապաշնորհ» նկարիչը: Նարեկի ընդունակությունների մասին Ս. Պետրոսյանը տեղյակ է, քանի որ տարիներ առաջ իր քրոջ խնդրանքով նրան աշխատանքի է ընդունել ու փորձել է սովորեցնել նկարել, սակայն հասկացել է, որ դա ապարդյուն է. «Իմ որդիս` Բարդուղը, ժամանակին հրաժարվեց դասախոս աշխատել քոլեջում, քանի որ չէր ուզում, որ իրեն «տնօրենի որդի» անվանեն»:

Ս. Պետրոսյանն այս պատմությունը «դեդեկտիվ» է անվանում եւ հակված չէ կատարվածի մեջ մեղադրել նախարար Լ. Մկրտչյանին. «Ալվարդը զոռով, օրենքի կետերը փշրելով խցկում է իր տղային, իսկ նախարարն իր բարձունքի վրա չգտնվեց ու զիջեց նրան: Խեղճ նախարար… Նա ինչպե՞ս կարող էր Ալվարդի ձեռքից պրծնել, եթե Ալվարդը կուրացել է մայրական սիրուց ու պատրաստ է սպանել նախարարին, եթե նա իր որդուն տնօրեն չդարձնի»,- վրդովվում է Ս. Պետրոսյանը: «Չեմ ուզում, որ քոլեջը դաշնակցական կրակոցների պոլիգոն դառնա, այդ ուսումնարան երբեք ոչ մի կուսակցական երանգ չի մտել: Այդտեղ միայն նկարել էին սովորում»,- ասում է նա: Դժվար թե նախարարը դրական գնահատի այդ սկանդալային պատմությունը, եւ դժվար թե նա Ն. Առուշանյանին համարի քոլեջի ամենահարմար թեկնածուն: Այստեղ պարզապես իր կուսակից ընկերուհու ընտանեկան շահերի հարցն է կանգնած, այն շահերի, որոնք կրթական ու կուսակցական շահերից վեր են: Եվ, վերջիվերջո, մայրական սերը Ալվարդ Պետրոսյանին տարել է նախարարից էլ բարձր ատյաններ, հայտնի է, որ նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի առաջին տիկնոջ հետ ու ամրապնդել իր որդու թեկնածությունը` որպես Թերլեմեզյանի քոլեջի տնօրեն: Ս. Պետրոսյանը համոզված է, որ իր քրոջ եռանդուն ճիգերը միայն վարկաբեկում են եւ՛ կուսակցությունը, եւ՛ հենց Նարեկին: Նա ցավով է նշում, որ այդ նշանակումից ոչ քոլեջը կշահի, ոչ Նարեկը, ոչ էլ Նարեկի հայրը` դերասան Լորենց Առուշանյանը: «Լորենցը վերջիվերջո, Ալվարդի ընտանիքի տղամարդն է, նա պիտի գոնե կես դրույքով ասեր, որ այս ամենը վնասում է իրենց տղային: Այո, նրանք ինձ չեն խնայում, բայց թող իրենց որդուն խնայեն: Ալվարդը միշտ նախանձել է ինձ, քանի որ ես շնորհալի ու տաղանդավոր երեխաներ ունեմ, իսկ նրա տղան ապաշնորհ է»,- ասում է Ս. Պետրոսյանը:

Նեղընտանեկան վեճերը մեծ ցավով է ընդունում Սամվել Պետրոսյանի դուստրը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: «Ցավալին այն է, որ իմ հայրը պատահական է իմացել իր ազատման մասին, ամեն ինչ արվել է իր թիկունքի ետեւում եւ ամենատգեղ ձեւով»,- ասում է նա: Իսկ Ալվարդ Պետրոսյանն այս իրավիճակը փորձում է նվազագույնս քիչ մեկնաբանել, քանի որ ասելու բան չունի ու շատ լավ տեսնում է, որ կրքերն ավելի քան բորբոքված են: Սերը դրդում է նրան իր որդուն տնօրեն դարձնել: Հարց է ծագում, իսկ ի՞նչ կլինի, եթե վաղը նա իր որդուն պատգամավորի աթոռին կամ նախարարի պաշտոնում տեսնել ցանկանա… Երեկ մեզ ոչ մի կերպ չհաջողվեց կապվել Ալվարդ Պետրոսյանի հետ:

Հ.Գ. Երբ այս պատմությունը դեռ սաղմնային փուլում էր, գրեթե բոլոր նկարիչներն այն բեմադրված սկանդալ էին համարում: Մի նկարիչ ասաց. «Կարծում էինք, որ քույր ու եղբայր թատրոն են սարքում, որպեսզի ուսումնարանի տնօրենի աթոռն ընտանիքում մնա, բայց արի ու տես` ի՞նչ սկսվեց»: Շատ տհաճ պատմություն սկսվեց ու մի քանի լավ մարդու անուն «ցեխոտվեց»: