Թիվ 19 ընտրատարածքում առաջադրված եւ գրանցումից զրկված թեկնածու, ԱԺ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Նա հայտարարել է, թե ինքն իր ընտրողներին կոչ է անելու պաշտպանել նույն ընտրատարածքում գրանցված մյուս` երեւանցի, Հակոբ Հակոբյանին, ով դիմել էր դատարան` պահանջելով անվավեր ճանաչել էջմիածինցի Հակոբյանի գրանցումը:
Հակոբյանն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ ցանկանում է «պատժել» իրեն ընտրապայքարից դուրս մղող իրական պատվիրատուին: «Քանի որ ինձ ընտրապայքարից հանելու գաղափարը գեներալ Սեյրան Սարոյանինն է, իսկ Հակոբ Հակոբյանն ընդամենը կատարող է եղել, դրա համար պաշտպանելով կատարողին` պայքարելու եմ պատվիրատուի դեմ,- ասում է էջմիածինցի Հակոբ Հակոբյանը` ավելացնելով,- Մեզ պետք է պատվիրատուին պատժել, իսկ պատվիրատուն Սեյրան Սարոյանն էր, նրա գլխավորությամբ է ամեն ինչ եղել, եւ մենք այսօր պաշտպանել ենք Հակոբ Հակոբյանին»: Ընտրապայքարից դուրս մղված Հակոբ Հակոբյանը նաեւ վստահ է, որ եթե իր անվանակիցը որոշի հանել իր թեկնածությունը` հնարավորություն տալով Ս. Սարոյանին միայնակ մասնակցել ընտրություններին, ապա նույնիսկ այդ դեպքում Ս. Սարոյանը չի կարողանա հաղթել ու դառնալ ԱԺ պատգամավոր, որովհետեւ ինքն իր ընտրողներին այդ դեպքում կոչ կանի չքվեարկել միայնակ մնացած Ս. Սարոյանի օգտին: «Կտեսնենք` դրանից հետո ինքը կարո՞ղ է անցնել, թե՞ չէ»,- հեգնել է Հ. Հակոբյանը` հավաստիացնելով, թե ընտրությունների օրն ինքն իր կողմնակիցներով հսկելու է բոլոր քվեատուփերը: «Կարծում եմ, Հայաստանում առաջին անգամ մեկ թեկնածուն կգնա պարտվելու»,- կանխատեսել է Հ. Հակոբյանը:
Բայց քանի որ էջմիածինցի Հակոբ Հակոբյանն իրականում երեւանցի Հակոբ Հակոբյանին պաշտպանելով փորձում է «մուռ հանել» Սեյրան Սարոյանից, քանի որ վստահ է, որ Էջմիածնում «հյուրընկալած» երեւանցի Հակոբյանն ինքնակամ չի փորփրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած իր փաստաթղթերն ու դիմել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել իր գրանցումը, երեւանցի Հակոբյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ կարծիք ունի դեռեւս ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի այդ քայլի մասին: Պարզվեց` երեւանցի թեկնածու Հակոբ Հակոբյանը երախտապարտ է իր անվանակցի մեծահոգությունից: «Իմ նախկին մրցակիցը, այժմ արդեն` ընտրողը, ազատ է իր կամքի եւ հետագա գործողությունների մեջ: Ինքը կարող է պաշտպանել թեկնածուներիցս մեկին` իր կամքի համաձայն»,- ասում է երեւանցի Հակոբ Հակոբյանը: Մեր հարցին, թե իր թեկնածության պաշտպանությունը մյուս Հ. Հակոբյանի կողմից` իրեն օգուտ կտա՞, թեկնածու Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Մեկ ձայն էլ է ինձ օգուտ, ես դրա համար շնորհակալ կլինեմ Հակոբ Հակոբյանին: Նրա քայլի մեջ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում, դա իր անձնական գործն է»: Էջմիածինցի Հակոբ Հակոբյանի պաշտպանությունից, ըստ թեկնածու Հակոբյանի, վնաս էլ, թերեւս, չլինի: Մեր դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ք, որ իր կուսակից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին չսիրողները, ովքեր կարող է քվեարկեին իր օգտին, այլեւս կհրաժարվեն իրենց ձայնը տալ իրեն, Հակոբ Հակոբյանն ասաց. «19-րդ ընտրատարածքում ես հստակ համախոհներ ու բազմահազարանոց էլեկտորատ ունեմ, այնպես որ` նրա պաշտպանելը ոչ ինձ շատ մեծ օգուտ կտա, ոչ էլ` այդքան մեծ վնաս: Նորից եմ ասում, դա Հակոբ Հակոբյանի որոշելիքն է` ուզո՞ւմ է՝ թող ինձ պաշտպանի, չի՞ ուզում` թող չպաշտպանի, բայց շնորհակալ եմ նրանից` որպես ընտրողի, որ իր ձայնն ինձ է վստահելու»:
Իսկ ի պատասխան Հ. Հակոբյանի հնչեցրած մեղադրանքներին ու պարզաբանումներին, թե երեւանցի թեկնածուին պաշտպանելով՝ ցանկանում է «պատժել» Սեյրան Սարոյանին, թեկնածու Հակոբյանն ասաց. «Մեկ անգամ եւս ուզում եմ Հակոբ Հակոբյանին տեղեկացնել, որ մենք բողոքարկել ենք Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Մենք բողոքել ենք երեւույթի, ոչ թե անձնավորված` իմ մրցակիցներին դեմ: Ես բողոքել եմ` ասելով, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կայացրել էր ոչ ճիշտ որոշում: Այսինքն` փոխարեն ԸԸՀ-ն գոնե մեկ ձեռքով գրանցեր այդ թեկնածուներին, մյուս ձեռքով` այդ կեղծ փաստաթղթերն ուղարկեր փորձաքննության, դա չարեց: Ու դրա համար ես որոշեցի բողոքարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Այնպես որ` դա անձնավորված չի եղել: Եթե դա աներ Սեյրան Սարոյանը, մենք պատրաստ էինք պայքարել նաեւ Սեյրան Սարոյանի դեմ: Իմ նախաձեռնող խումբը նաեւ ստուգումներ է անցկացնում իմ մրցակից Սեյրան Սարոյանի փաստաթղթերի հավաստիությունը ճշտելու ուղղությամբ: Արդյունքները ցույց կտան»: Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է առաջիկա օրերին Սեյրան Սարոյանին գրանցումից զրկելու մասին հայցով դիմի դատարան: Ի պատասխան՝ նա ասաց. «Եթե փաստեր արձանագրենք, իհարկե, կդիմենք: Իսկ ինչո՞ւ` ոչ»:
Նա շարունակում է հերքել, թե միայնակ մնալով Սեյրան Սարոյանի հետ` կարող է իր թեկնածությունը հանել` Ս. Սարոյանին հնարավորություն տալով միայնակ մասնակցել ընտրություններին: «Դա միանգամից բացառում եմ: Ես իմ նախորդ ելույթներով էլ ասել եմ, որ գնալու եմ, պայքարելու եմ, եւ հուսով եմ, որ հաղթելու եմ»,- ասաց թեկնածու Հակոբ Հակոբյանը: