Հոդվածաշարի նախորդ վեց մասերում խոսք չի եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, թեեւ այդ ժամանակաշրջանում իշխանությունները միշտ էլ եղել են ակտիվ բանակցային գործընթացի մեջ։ Ընդդիմությունը դնում էր սոցիալական ու տնտեսական պահանջներ՝ հընթացս երբեմն շահարկելով ղարաբաղյան կարգավորման հարցը։
Տեր-Պետրոսյանը տեսնում էր, որ իր նախագծած քաղաքական համակարգը փլուզվել է։ Նա ուներ երկու տարբերակ։ Կամ՝ հաղթանակած զինվորականության ներուժը համախմբելով՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում գրավել կոշտ ու անզիջում դիրք՝ այդպիսով դառնալով քաղաքական համակարգի ավերակաց թագավորը, կամ առաջարկել մի նոր առանցք, որի շուրջ կարող էր վերակազմավորվել համակարգը։
Տեր-Պետրոսյանը բավականաչափ հեռատես գործիչ էր, եւ, հակառակ ժամանակի դիտորդների ու վերլուծաբանների կանխատեսումներին, հրաժարվեց առաջին տարբերակից։ Կանխատեսումները հատկապես համոզիչ էին դարձել այն բանից հետո, երբ 97-ի մարտին Ղարաբաղի ընտրյալ նախագահը համաձայնեց դառնալ Հայաստանի վարչապետ։ Բայց չանցած վեց ամիս, Տեր-Պետրոսյանը հրապարակեց հաշտության իր ծրագիրը եւ ասաց, որ ինքը կարող էր դառնալ հերոս, բայց չի անելու այդ բանը։ Դրանով նա հերքեց դիտորդների ու վերլուծաբանների կանխատեսումները եւ, թվում է, ոչինչ չառաջարկեց քաղաքական համակարգի վերակազմավորման համար։
Բայց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» դիլեման քաղաքական համակարգը վերակազմակերպելու լուրջ առաջարկ էր։ Նախագահը շատ պարզ ասում էր, որ Ղարաբաղի հարցում զիջումներ չանելու դեպքում՝ դրանք պարտադրվելու են։ Պետք էր ենթադրել, որ պարտադրանքին դիմագրավելու համար անհրաժեշտ էր ունենալ լավ կազմակերպված քաղաքական ներքին համակարգ, որտեղ ներկա կլինեին ազատականները, ազգային-ազատականներն ու ազգայնականները։ Պատահական չէ, որ 96-97-ին արդեն բանակցություններ էին գնում ՀՅԴ-ի վերաբացման հարցով։ Տեր-Պետրոսյանը համաձայն էր արտոնել այդ կառույցի գործունեությունը, եթե վերջինը պետության հետ ճշտեր իր հարաբերությունները եւ հրաժարվեր պետության մեջ պետություն լինելու հավակնությունից։
Այս դեպքում կստացվեր բավականաչափ ուժեղ քաղաքական համակարգ, որը կկարողանար դիմագրավել բոլոր ճնշումներին ու պարտադրանքներին։ Հայաստանը կունենար հաշտության գնալու պատրաստ ազատական իշխանություն, նախորդ ընտրություններում իրեն հաղթող ճանաչող, անարդարությունից վիրավորված ազգային-ազատական ուժ եւ ոչ հեռավոր անցյալի ճնշումներից առավել կոշտացած ազգայնականներ։ Եվ եթե միջազգայինները փորձեին որեւէ բան պարտադրել իշխանությանը, անպայման պիտի հաշվի առնեին, որ Տեր-Պետրոսյանի այլընտրանքը կոշտ դիմադրությունն է լինելու։ Տեր-Պետրոսյանն էլ այդ կոշտ դիմադրության սպառնալիքով բանակցությունների ընթացքում հասնելու էր առավել մեծ արդյունքների։ Մի բան, ինչը ցանկալի չէր ընդդիմության համար, որովհետեւ դրանում նրանք տեսնում էին իշխանության ամրապնդումը։
Եվ դա էր պատճառը, որ քաղաքական համակարգի վերակազմավորման առաջարկն ըմբռնելու փոխարեն՝ ընդդիմությունը հարձակվեց Տեր-Պետրոսյանի վրա՝ որակելով նրան պարտվող ու ազգային շահերի դավաճան։
Տեր-Պետրոսյանն արդեն ասել էր, որ հանուն իշխանության չի համախմբելու հաղթանակած զինվորականությանն ու չի կոշտացնելու իր դիրքորոշումը։ Հաղթանակած զինվորականությունն, ում համար հոգեհարազատ չէր հաշտության հրապարակված ծրագիրը, պետք է ճշտեր իր տեղը։ 97-ի ելույթներից հետո արդեն պարզ էր, որ հերոսանալ չցանկացող Տեր-Պետրոսյանը հեռանալու է, իսկ հաղթանակած զինվորականությունը չէր կարող նրա հետ հեռանալ, թեկուզ այն պատճառով, որ պատերազմը դեռ վերջացած չէր։
Ազգային-ազատականները հասկանում էին, որ այլեւս չեն կարող իշխանության հավակնություններ ունենալ, եւ մտածում էին ավերակի մասունքի կարգավիճակի մասին։ Դաշնակցականները սպասում էին իրենց օրվան, որ դուրս գան բանտերից ու համեստ մի տեղ զբաղեցնեն հայրենի արեւի տակ։ Իսկ հաղթանակած զինվորականությունը փնտրում էր ավերակաց իր թագավորին, որ մի քիչ «գրաժդանսկի» տեսք ունենա եւ կարողանա Կարաուլովին տված հարցազրույցի ոճով բանակցություններ վարել։
Կարծիք կա, որ Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Քոչարյանն ինքն է հրահրել ուժայիններին՝ հեռացնել Տեր-Պետրոսյանին ու ճանապարհ բացել իր համար։ Ես միանգամայն այլ կարծիք ունեմ։ Ուժայինները, որ նույնն է թե՝ հաղթանակած զինվորականությունն, իրենք են գնացել վարչապետի դուռն ու խնդրել, որ նա գլխավորի իրենց շարժումը։ Դեռ ավելին՝ նաեւ երաշխիքներ են տվել, որ երբեք դուրս չեն գա նրա դեմ, եթե, իհարկե, մեծ քաղաքականության մեջ մտնելով՝ Քոչարյանը չհանգի Տեր-Պետրոսյանի մտքին։ Քոչարյանն էլ իր հերթին է երաշխիքներ տվել, որ չի հանգի, եթե անգամ տեսնի, որ Ղարաբաղի հետ Հայաստանն էլ է կորցնում։
98-ին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ անորոշություն ու շփոթմունք առաջացնելով Հայաստանում։
Շարունակելի