Բարեփոխումների արդյունքում կորցրինք աշխարհագրություն առարկան

15/04/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Մենք՝ բոլորս, կրթական բարեփոխում ասելով՝ համենայնդեպս առաջին հայացքից ենթադրում ենք գոնե քայլ դեպի առաջ, փոփոխություն դեպի լավը, առաջընթաց ու մեծ ձեռքբերումներ կրթական համակարգում։ Իրականությունը, սակայն, այլ բան է ցույց տալիս: Այդ բարեփոխումների արդյունքում մասնավորապես տուժեց աշխարհագրություն առարկան։

Հենց 5-րդ դասարանից դպրոցը աշակերտին տալիս է «բնագիտություն» անունը կրող դասագիրքը, ու 12 տարեկան երեխան չի հասկանում՝ ի՞նչ կապ ունեն կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն առարկաներն իրար հետ։ «Երբ դեռ 10 տարի առաջ փորձեր էին արվում աշխարհագրությունը միացնել բնագիտական առարկաներին, ես եւ էլի շատ աշխարհագետներ մի քանի անգամ դեմ ենք արտահայտվել»,- ասում է Աշխարհագրության գիտության թեկնածու, ԵՊՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնի դոցենտ Մաքսիմ Մանասյանը։ -Բոլոր 4 առարկաները, որոնք մտել են մի դասագրքի մեջ, տուժելու են։ Եթե ինչ-որ տեղ քիմիան եւ ֆիզիկան կարելի է միավորել, կենսաբանությունն ու աշխարհագրությունը լրիվ աբսուրդ է»։ Ուսուցիչներն էլ հասկանում են, որ այս ամենն ավելի շատ պրոբլեմներ է առաջացնելու։ Եթե առանձին դասաժամերի ընթացքում երեխան կարողանում էր գոնե մի բան քաղել այս 4 առարկաներից, ապա հիմա դառնալու է իսկական «շիլաշփոթ»։ Էլ չենք ասում, թե որտեղից պետք է գտնվի այն ունիվերսալ ուսուցիչը, որ կարողանա դասավանդել այս «բնագիտություն» առարկան։ Փաստորեն, ուսուցիչների շրջանում նորից կրճատումներ են սպասվում։ «Մենք՝ հեղինակներս, պետք է հիմա կարողանանք 5-րդ դասարանում այնպես մատուցել աշխարհագրությունը, որ երեխան հետո՝ ավելի բարձր դասարաններում, կոնկրետ երեւույթների մասին քիչ թե շատ տեղյակ լինի»,- ասում է Մ. Մանասյանը, ով նաեւ 7-8-րդ դասարանների աշխարհագրություն առարկայի նոր դասագրքի հեղինակն է (դասագիրքը 2007-2008թթ. ուստարում մուտք կգործի դպրոց)։

Վերջին շրջանում ով առիթ է ունեցել թերթել դպրոցական դասագրքերը, նկատած կլինի, թե ինչ բարդ լեզվով են դրանք ներկայացվում աշակերտին։ Մ. Մանասյանը համաձայն է այս ամենի հետ, սակայն հիշում է, որ խորհրդային տարիների դասագրքերն էլ բարդ էին, պարզապես այն ժամանակ «ուսուցիչներն էին ուրիշ»։ «Վերջերս մենք թեստային նմուշներ փորձարկեցինք հանրապետության դպրոցներում, եւ, եթե ես ասեմ, թե ինչպես են մեր ուսուցիչները դրանք ստուգել՝ կապշեք։ Մենք ստիպված ենք եղել ստուգել ուսուցիչների ստուգածները, որպեսզի տեսնենք թեստային աշխատանքի արդյունքները»,- ասում է Մ. Մանասյանը։ Ի դեպ, ինչ վերաբերում է այս թեստերին, որոնք մտել են դպրոցական ծրագիր (դրանք լինում են ամփոփիչ եւ դիագնոստիկ), ապա ուսուցիչների շրջանում դրանք բավականին լուրջ քննադատության են արժանացել։ Ուսուցիչները բողոքում են, որ թեստային առաջադրանքները չեն համապատասխանում դասագրքերի տվյալներին։ «Պարտադիր չէ, որ մեկը մյուսի պատասխանը լինի։ Դրանք տարբեր խնդիրներ են լուծում,- ասում է Մ. Մանասյանը։ -Դասագիրքն իր պահանջն ունի, թեստը՝ իր։ Մեր նպատակն ուսուցչին մեթոդաբանություն տալն է։ Մեր նոր դասագրքերում մենք բավականին շատ հավելված ենք դնում, որտեղ տարբեր տեսակի աղյուսակներ, քարտեզներ, խնդիրների նմուշներ կան։ Այդ ամենը գործնականի ժամանակ պետք է յուրացվի։ Բացի այդ, բացը լրացնելու համար թեստային ժողովածուներ են տպագրվում։ Դա ուղեցույց է ուսուցչի համար, որով ուսուցիչը կարող է ուղղորդվել եւ հենց ինքն էլ թեստեր կազմել»,- ասում է Մ Մանասյանը։ Ե՛վ ուսուցիչները, եւ՛ գրքի հեղինակը համաձայն են մի բանում՝աշխարհագրության դասաժամերը քիչ են՝ դասագիրքը յուրացնելու համար, եւ նոր կրթակարգի պայմաններում դրանք էլ ավելի են կրճատվում։ Հարց է ծագում՝ ե՞րբ պետք է ժամանակ տրամադրվի գործնական պարապմունքներին։ Նորից լրացուցիչ ժամերի հաշվին, որը չի մտնում բարեխիղճ ուսուցչի պարտականությունների մեջ եւ որի դիմաց գումար չի ցանկանում վճարել դպրոցականի ծնողը։ Այսինքն՝ բարեփոխումների ընթացքում հարցը մնում է նորից օդից կախված։

Մեկ այլ հարց էլ այսօր շատ է հուզում ավարտական դասարանի աշակերտներին եւ հատկապես նրանց, ովքեր ընտրել են աշխարհագրություն առարկան՝ որպես բուհ ընդունվելու համար քննական առարկա։ Ինչպես գիտենք, այս տարի հայոց լեզու եւ գրականություն առարկան դպրոցն ավարտելիս եւ բուհի ընդունելության համար հանձնվելու է թեստային նոր համակարգով՝ Ա եւ Բ տարբերակներով։ Նույն բանը սպասվում է բոլոր առարկաներին, այդ թվում՝ աշխարհագրությանը, որի նմուշն, ի դեպ, մշակվել է Մ. Մանասյանի ղեկավարությամբ։ Աշխարհագրություն առարկայի թեստը նորից բաժանվելու է Ա եւ Բ մասերի։ Ա մակարդակը, որ ստուգվելու է համակարգչով, տալու է դպրոցի ավարտական քննության գնահատականը։ Ի տարբերություն հայոց լեզվի՝ աշխարհագրության քննությունը Բ տարբերակում փոքր-ինչ այլ է լինելու։ «Ես ու էլի շատ առարկաների ղեկավարներ կտրականապես դեմ ենք, որ Բ մակարդակը ստուգվի համակարգչի միջամտությամբ։ Աշխարհագրության մեջ կան հարցեր, որոնք տրամաբանական, վերլուծություն պահանջող հարցեր են եւ ենթադրում են երկար պատասխան, ինչը համակարգիչը ստուգել չի կարող։ Մենք համաձայն ենք Ա մակարդակում նիշը իջեցնել, որպեսզի երեխաները դպրոցն ավարտեն առանց պրոբլեմների։ Բայց Բ մակարդակում մենք պետք է ընտրենք լավերին, ովքեր մտածել գիտեն։ Ինչ-որ տեղ գուցե սրա մեջ սուբյեկտիվ գործոն կա, բայց եկեք մի քիչ էլ վստահենք ստուգողներին։ Բոլորը հո անազնիվ չե՞ն»,- ասում է Մ. Մանասյանը՝ հիշելով նաեւ վերջին ժամանակներս տարածված մի լավ հայկական խոսք ՝«Ասում են, թե Հայաստանում երկու բան է անհնար ազնիվ անել՝ ընտրություններն ու բուհական ընդունելության քննությունները»։