Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում նյութ պատրաստելիս կնոջ լացուկոծ եմ լսում:
5-րդ հարկից լսվող աղմուկը բոլոր սենյակների բնակիչներին վախեցնում է: 1-ին հարկի բնակիչ Հասմիկ Հովհաննիսյանը աղմուկ է բարձրացրել եւ ուզում է անհապաղ ինձ տեսնել: Չարացած հայացքով ու կոկորդը պատռելով անեծքներ տեղացող տիկին Հասմիկն ինձ տեսնելով՝ փոքր-քիչ խաղաղվում է: Բորբոքված ասում է` «Բոլորին օգնում եք, իսկ իմ նման ամենաաղքատին անտեսում եք: Էս հարեւաններն իմ վիճակի մասին չեն պատմում, չեն ուզում, որ իմ տուն էլ գաք: Ամեն անգամ գալիս եք էս շենք, բոլորի տունը մտնում եք, բացի իմ տնից: Հենց գալիս եք` ես մուտքի մոտ սպասում եմ, որ լայեղ կանեք, իմ տուն էլ կգաք, բայց միշտ թողնում-հեռանում եք»: 41-ամյա տիկին Հասմիկին բոլորը լքել են, որովհետեւ տարիներ առաջ հայտնվել է կալանավայրում, եւ «նստած» կնոջ պիտակն ամբողջ կյանքում իրեն հետապնդում է: Հարցնում եմ` «Ինչո՞ւ եք հայտնվել կալանավայրում»: Զայրույթը մի քիչ մեղմելով՝ ասում է` «Դե՛, գոնե դուք էդ հարցը մի տվեք, էլի: Բոլորի կյանքում էլ սխալներ լինում են, բայց մարդն ուզում է ճիշտ ապրել, իսկ անցյալը չի թողնում, որ սխալներն ուղղի: Բոլորը երեսով են տալիս, չգիտես՝ ո՞նց պաշտպանվես»: Տիկին Հասմիկը ոչ այնքան ուզում է իրեն պաշտպանել, որքան իր երեխային: Ասում է, որ վախենում է երեխայի համար, որովհետեւ անցյալում իր հետ կատարվածն անդրադառնում է աղջկա վրա: 12-ամյա Արմինեն չգիտի, որ ինքը կալանավայրում է ծնվել, որովհետեւ մայրը 7 ամսական հղի վիճակում տեղափոխվել է կանանց եւ անչափահասների կալանավայր: «Աբովյանի հիվանդանոցում եմ ծննդաբերել»,- ասում է մայրը ու Արմինեին հրամայում դուրս գալ միջանցք, որպեսզի կարողանա խոսել: Տիկին Հասմիկը վախենում է աղջկան ճշմարտությունն ասել, իսկ ամենաշատը վախենում է նրանից, որ հարեւաններն իրենից գաղտնի մի օր երեխայի երեսին կշպրտեն ճշմարտությունը: Արմինեն սովորում է Զեյթունի գիշերօթիկ դպրոցում եւ միայն շաբաթ-կիրակի օրերին է տուն գալիս: Մայրն ասում է, որ աղջկան արգելում է բակ գնալ եւ ընդհանրապես թույլ չի տալիս տանից դուրս գալ: «Վախենում եմ, դե՛, մի օր պիտի ասեմ, բայց թող մեծանա, չափահաս դառնա, որ կարողանա հասկանալ ինձ: Կամ կամուսնացնեմ` նոր, որ հանկարծ իմ պատճառով իրա սիրած տղան իրանից ետ չկանգնի»,- ասում է նա: Հարցնում եմ` «Ինչո՞ւ էիք աղմուկ բարձրացրել, ի՞նչ էիք ասելու»: Պատասխանում է` «Իմ վիճակը շատ վատ ա, երեխուս քիթ-կոկորդը նոր են վիրահատել, մի օրվա մեջ 2 վիրահատություն է տարել, լիքը արյուն ա կորցրել, բերել եմ տուն, բայց բան չկա ուտելու: Ուր գնում եմ, որ աշխատանք տան, ասում են` մինի պիտի հագնես, բարետես են ուզում… երկար ոտքերով աղջիկ ա պետք: Եթե 41 տարեկան եմ, ջահել չեմ, ուրեմն` չպիտի՞ աշխատանք տան: Էս ա մեր կյանքը: Նույնիսկ հավաքարարի համար եմ դիմել, չեն ընդունել, պիտի դոլար տաս, որ ավելն ու սավոկը տան ձեռքդ, ասեն` ավլի: Մենք շատ վատ պայմաններում ենք ապրում, նայում եք, էլի: Բոլորին պարտք եմ, խանութում ցուցակս հասել ա եսիմ ուր: Լավ ա, գոնե երեխես դպրոցում ուտում ա, բայց նույնիսկ էդ շաբաթ-կիրակին չեմ կարում պահեմ: Շատ նեղված եմ, էսօր իմ հարեւան Գեւորին խնդրել, ասել եմ՝ պարտքով 100 դրամ տուր, երեխես սոված ա, մի հատ հաց առնեմ, ուտի»: Տիկին Հասմիկն աղջկա հետ գոյատեւում է «Փարոսի» 11.000 դրամ նպաստով, ինչը ստանալուն պես բաժանում է պարտատերերին: Ամսական 2000 դրամ էլ սենյակի համար է վճարում, սակայն վստահեցնում է, որ հսկայական պարտքեր են գոյացել: Նախկինում առեւտուր է արել, ձուկ է գնել ու վերավաճառել, սակայն ներկայումս անգամ ձուկ գնելու գումար չունի: Տիկին Հասմիկենց հանրակացարանի ընդհանուր զուգարանը նողկալի վիճակում է, քանի որ կոյուղու խողովակները խցանվել են, եւ ամեն ինչ խառնվել է իրար: Ասում է, որ այս շենքում բնակվող երեխաների առողջությունը վտանգված է, որովհետեւ զուգարանը, որից նրանք օգտվում են, ուղղակի խոլերայի բուն է: «Մտեք, տեսե՛ք, ճիճուները իրանց համար ման են գալիս, ու մեր երեխեքն էլ էդ զուգարանից են օգտվում: Հիվանդանոցից նոր եմ բերել, բայց վաղը-մյուս օրը վատանալու ա, ընկնենք հիվանդանոցի դռները,- ասում է նա ու նեղսրտում,- Ոչ մի անգամ չի եղել, որ դրսից ինձ 10 կոպեկ տան, կամ երեխուս մի քրջով օգնեն, ասեն` մայր ու աղջիկ ուրախացեք: Էսքան տարի փող չի եղել, որ մի հագուստ գնեմ երեխուն: Մի անգամ օգնություն էին բերել, բայց տղամարդու մեծ շորեր ինձ բաժին ընկավ, ես դա ի՞նչ պիտի անեի»:
Արմինեն ներս է մտնում: Հարցնում եմ` «Ո՞նց ես»: Ասում է` «Լավ չեմ: Ուզում եմ լավ սովորեմ, լավ մարդ դառնամ, ուրիշ տեղ ապրենք, սեփական տուն ունենանք, որ մաման թողի ես դուրս գամ, երեխեքի հետ խաղամ: Ես երեխեքի հետ խաղալու կարոտ եմ, նեղվում եմ մենակ: Շաբաթ-կիրակի գալիս եմ, ու դուռը փակում, նստում ենք: Չի թողում, որ ուրիշների հետ շփվեմ»: Տիկին Հասմիկը լսում է աղջկա խոսքերն ու գլուխն է օրորում` ցույց տալու համար, որ հասկանում է աղջկան: Ասում է` «Երեխես դրսի կարոտ ա: Ասում ես` խի՞ ես ջղայնանում: Ախր, իմ տեղը որ շուն լիներ, չէր ապրի, կսատկեր»: Դուրս գալիս հանդիպում եմ տիկին Հասմիկենց հարեւան Գեւորգին: Նա շատ մտահոգված է Արմինեի ճակատագրով: Ասում է, որ շատ է մտածել այս երեխային ինչ-որ կերպ օգնելու համար: «Պատկերացրե՛ք, որ եթե ես մի քիչ ֆինանսական հնարավորություն ունենայի, էս երեխային կորդեգրեի, նորմալ կպահեի: Օրերով ուտելու բան չեն ունենում, մեղք է էդ երեխան»: