Քաշաթաղի շրջանը Ղարաբաղի վերաբնակեցվող շրջաններից է: Այն մյուս շրջանների համեմատ ավելի վատ վիճակում է գտնվում: Շրջանն ազատագրելուց հետո մարդիկ տեղափոխվել են այստեղ` բնակություն հաստատելու նպատակով: Ոմանց բնակարանային խնդիրները լուծվել են պետության միջոցներով, ոմանք սեփական ուժերով են տունը վերակառուցել կամ նորոգել, իսկ ոմանք էլ պարզապես ապրում են անմխիթար պայմաններում:
Մինչեւ վերջին տարիները քաշաթաղցիներն օգտվում էին մի շարք արտոնություններից, չէին վճարում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց, սակայն անցյալ տարվանից որոշվեց, որ նրանց կտրամադրվի վերաբնակչի կարգավիճակ, որի համաձայն՝ կօգտվեն այն արտոնություններից, որոնցից օգտվում են մյուս շրջանների վերաբնակիչները:
Բացի բնակարանային խնդիրներից, շրջանում լուրջ է աշխատատեղերի հարցը, ինչպես նաեւ՝ ազատ ժամանցի կազմակերպման խնդիրը: Անցյալ տարվա աշնանը կայացած Համաարցախյան առաջին խորհրդակցության ժամանակ քաշաթաղցի երիտասարդները ցավով նշել էին, որ շրջանում մշակույթի տներ, երիտասարդական ակումբներ չկան: Այդ պայմաններում Քաշաթաղում երիտասարդներն անում են հնարավորը` մյուս շրջաններից ետ չմնալու համար. նրանք մասնակցում են հանրապետությունում կազմակերպվող մշակութային, մարզական եւ ինտելեկտուալ տարբեր միջոցառումներին, ինչպես նաեւ՝ շրջանի ներսում իրենց ուժերով կազմակերպում են տարբեր միջոցառումներ: Ի դեպ, ամեն անգամ համահայկական խաղերում Քաշաթաղն առանձին թիմ է ներկայացնում:
Շրջանում կազմակերպված հերթական միջոցառումը տեղի ունեցավ Հարավային Քաշաթաղում: Այն նախաձեռնել էր 2005թ. մարտին շրջանի Բերձոր քաղաքում ստեղծված «Հայ Երիտասարդների Ակումբ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը:
Երկու տարի «ՀայԵր Ակումբ»-ի անդամները` 12-60 տարեկաններ, չունենալով միջոցներ, գործունեության տարրական պայմաններ, աշխատեցին: 2007 թվականի մարտի վերջերին կազմակերպությունը շրջանի հարավային բնակավայրերում իրականացրեց «Ներկայացնում ենք Քաշաթաղը» ծրագրի առաջին` գարնանային փուլը: Ծրագրով նախատեսված էր՝ որպես կենտրոն ընտրելով շրջկենտրոնից հնարավորինս հեռու 6 բնակավայր, կազմակերպել տեղի պայմաններին, պահանջներին համապատասխան մարզական, մշակութային, ինտելեկտուալ միջոցառումներ, հանդիպումներ երիտասարդության հետ`ծանոթանալով տեղի հիմնախնդիրներին: Ութ հոգանոց աշխատանքային խումբը մեկնեց Հարավային Քաշաթաղ` Միջնավան, Կովսական, Կումայրի, Իշխանաձոր, Այգեհովիտ, Ծաղկաբերդ գյուղերը: Յուրաքանչյուր բնակավայրում կազմակերպված միջոցառումներին մասնակցում էին նաեւ շրջակա գյուղերի դպրոցների աշակերտներ, երիտասարդներ:
«Այսօր խոսելով Քաշաթաղի գյուղաբնակ երեխաների, երիտասարդների մասին, անհնար է չնշել այն անհամապատասխանությունը, որ կա նրանց արժանիքների եւ հնարավորությունների միջեւ: Ծրագրի ընթացքում, մենք, մեկ անգամ չէ, որ համոզվեցինք դրանում: Ընդհանրապես, միայն զարմանալ եւ հիանալ կարելի է այն մարդկանց կատարած աշխատանքով, որոնք 21-րդ դարասկզբին ապրում են… 20-րդ դարասկզբի կենսապայմաններով եւ կարողանում են արարել ու, հասարակական հիմունքներով, թեկուզեւ հաճախ ոչ պրոֆեսիոնալ ձեւով, հոգեւոր սնունդ ապահովել մատաղ սերնդի համար»,- ասաց կազմակերպության նախագահ Համբարձում Արզանյանը: