Տաքսու վարորդների հետ մեր այսօրվա զրույցի թեման ԱԺ ընտրություններն են ու պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Վարորդներից շատերն արդեն հասցրել են «զզվել» պատգամավորական թեկնածուների «սուտ» խոստումներից: Իսկ նրանց մի մասն էլ շատ անտարբեր ու հոգնած է քաղաքական բոլոր տեսակի պրոցեսներից ու թեկնածուներից:
Տիկին Արուսն ու Դաշնակցությունը
Թեեւ մի քանի օր է, ինչ պաշտոնական քարոզարշավը սկսվել է, բայց վարորդ Վարդանն արդեն հասցրել է խորապես հիասթափվել: «Հիասթափվել եմ, որովհետեւ մարդիկ անսկզբունքային են դարձել: Հիասթափվել եմ, որովհետեւ Ռուբեն Հախվերդյանն այն միակ երգիչն էր, որի երգերի տակ սիրահարվել, տխրել ու ուրախացել եմ: Կիրակի օրը հայտարարեցին, որ քարոզարշավը սկսվել է ու եթերում հայտնվեց իմ շատ սիրելի Ռուբեն Հախվերդյանը: Էն մարդը, որը երգում էր տիկին Արուսի մասին, ու ես էդ երգը կարայի օրվա մեջ 100 անգամ լսել: Հախվերդյանի երգած տիկին Արուսին սիրել եմ, որովհետեւ տիկին Արուսի մասին իմ սիրած երգիչն է երգում: Ու հիմա տիկին Արուսի մասին երգող երգիչը երգում է Դաշնակցության մասին: Ապշած լսում եմ երգը ու ուզում եմ հասկանալ, թե ինքն ինչո՞ւ է դաշնակների գովքը անում, թե դաշնակները մեր դարավոր ընկերներն են: Ես միշտ մտածել եմ, որ Հախվերդյանը հոգով երգողներից է, ու ինքը երգում է էն, ինչ որ սրտով զգում է: Է, հիմա ի՞նչ մտածես, որ ինքը հոգով դաշնակցակա՞ն է: Ես չգիտեմ, ճիշտն ասած, թե Դաշնակցական կուսակցությունն ի՞նչ գաղափարախոսություն ունի, բայց իր նման երգիչը չարժե, որ կուսակցականացվի: Ու հետո մեր երգիչները ժողովրդի առաջ պատասխանատվություն պիտի ունենան: Թող կանգնեն, ասեն, որ՝ ժողովուրդ ջան, իմ երգերը լսող երկրպագուներ ջան, կուսակցության մասին երգն ուղղակի պատվեր է, ես դրանով փող եմ աշխատում: Մենք էլ կմտածենք, որ ի՞նչ կա որ, մեր երգիչներն էլ իրավունք ունեն փող աշխատելու: Չէ՞ որ, 45 տարեկան մարդ եմ, ու Ռուբեն Հախվերդյանի երկրպագուն եմ: Իր ձայներիզներն առնում եմ, իր մասին հաղորդումները պարտադիր նայում եմ ու փող եմ հավաքում, որ հեքիաթների երգերով իր թանկանոց DVD-ն առնեմ: Երգիչները պիտի հասկանան, որ իրենց սիրողներն իրենց խաբված են զգում, կարծես մեր սիրած մարդիկ, արվեստի մարդիկ էլ են մեզ դավաճանում: Լավ կլիներ, որ Ռուբեն Հախվերդյանը կանգներ-հայտարարեր, որ՝ սիրելի ժողովուրդ ես կուսակցական չեմ, ուղղակի երգում եմ»,- ասում է Վարդանն ու հավելում, որ Հայաստանում շարքային քաղաքացիների շրջանում կուսակցական լինելն ասես ախտանիշ լինի: «Էդ շատ վատ բան է, բայց թող կուսակցությունները մտածեն դրա մասին: Կուսակցություններն էնքան են վարկաբեկվել, կարծես վարակի պես մի բան լինեն, ու, եթե մեկը մտնում է մի կուսակցություն` աշխատում ես հեռու մնալ նրանից, որ հանկարծ քեզ էլ չկուսակցականացնի: Օրինակ, վաստակավոր արտիստ, մեր շատ սիրելի Սոս Սարգսյանն ի՞նչ գործ ուներ, որ մտավ Դաշնակցություն: Էն օրն էլ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավի ժամանակ Գուժ Մանուկյանն էր կանգնել թեկնածուների շարքում: Իրենք պիտի հասկանան, որ ժողովուրդն արվեստի մարդուն սիրում է, երբ նա ազատ է եւ քաղաքականացված չէ: Քաղաքական գործիչներն էնքան են իրենց խայտառակել, որ քաղաքականացված դերասանը կամ երգիչը քաղաքականացվելով կեղտոտվում է ժողովրդի աչքին: Ինչո՞ւ սովետի ժամանակ արվեստի մարդիկ կոմունիստ չէին դառնում»,- ասում է վարորդ Վարդանը, եւ խոսքը շարունակելով անդրադառնում Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: «Իմ հարեւանի տղան նկարիչ է ու շատ ճիշտ բան է ասում: Ընտրությունների ժամանակ ուսանողներին կասի` դե, քվեարկեք իմ կուսակցության օգտին, որովհետեւ մեր «պապան» Փարիզում մեր համար ասաբնյակ է կառուցում: Մի խոսքով` արվեստի մարդը չպիտի ոտք դնի կուսակցություն կամ քաղաքականություն, որովհետեւ ժողովրդից հեռանում է, ժողովուրդը համարում է, որ նա այլեւս իր մարդը չի»:
«Ոնց որ ժողովրդին էշի տեղ դնեն»
Վարորդ Հովիկն ասում է, որ քարոզարշավը վաղուց էր սկսվել, սակայն համապատասխան մարմինները որեւէ անգամ փորձ չարեցին կանխել օրինախախտ թեկնածուի գործողությունները: «Էդքան ընտրակաշառքները որ բաժանում էին ու եթերով ցույց էին տալիս, դա քարոզարշավ չէ՞ր: Դե՛, թող պատժեին, օրենք կիրառեին: Երբ ասում են, որ պաշտոնական քարոզարշավը սկսվել ա` իմ ծիծաղը գալիս ա: Պատգամավորական թեկնածուների աշխատողները դեռեւս 5 ամիս առաջ են ընկել դռնեդուռ ու բոլորի ստորագրությունը հավաքում են, լուսանկարում են, համոզում ու խնդրում են: Հիվանդանոցներում բաց դռների օրեր են կազմակերպում, նախընտրական կտեր են տալիս, ու նոր հիմա իբր թե օրենքը թույլ ա տալիս սկսել…»,- հեգնանքով ասում է Հովիկն ու անտարբերությամբ նշում, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում, թե իր ընտրատարածքի թեկնածուներն ովքեր են եւ ինչ ծրագրերով են ուզում մտնել խորհրդարան: «Էն օրը լսում էի «Օրինաց երկիր» կուսակցության Արթուր Բաղդասարյանի խոսքերը ու ծիծաղս գալիս էր, թե՝ սենց պիտի անենք, նենց պիտի անենք: Դուք էլ լրագրողներ եք, մի հատ չե՞ք հարցնում՝ որ էդ սենց-նենց անելը կարայիք իրականություն դարձնեիք, երբ որ ԱԺ նախագահ էիք, ինչի՞ չէիք անում: Լավ, մենք սովորական մարդիկ ենք, հնարավորություն չունենք իրան հարց տալու, բա դուք չե՞ք հարցնում` պրն Բաղդասարյան, էն ժամանակ ինչո՞վ էիք զբաղված, ջո՞ւր էիք ծեծում: Ժողովուրդը տեսավ, թե ինչքանով իրանց կյանքը փոխեցիք, հո գիժ չի՞, որ նորից ձեզ իշխանություն տա: Չնայած ինքը իշխանությունը որ թողեց, ես մտածում եմ, որ կարող ա էնքան ազնիվ ա, որ դրանց հետ յոլա չգնաց: Կարող ա եւ իրոք, էդ մարդը չէր կարա դրանց մեջ աշխատեր, ի՞նչ իմանաս»,- ասում է Հովիկն ու զարմանում, թե ի՞նչ երեսով են իշխանության մեջ եղած քաղաքական գործիչները չարած գործերի համար նորից խոստումներ տալիս՝ «ոնց որ ժողովրդին էշի տեղ դնեն, ա՛յ մարդ»:
Մեր քվեն ո՞ւմ ա պետք
Վարորդ Ռուբենն ասում է, որ իրեն ոչ ընտրություններն են հետաքրքրում, ոչ էլ քաղաքականությունը: «Որովհետեւ դրանից մեր կյանքը չի փոխվում: Պաշտոնական քարոզարշավը վաղուց էր սկսվել, դրա համար էլ օրը մեկի ավտոն պայթեցնում են, օրը մեկին խփում են,- ասում է նա ու հավելում,- Սերժի ու Ռոբերտի կռիվ ա: Մեր քվեն ո՞ւմ ա պետք կամ ի՞նչ պիտի փոխի: Էդ կռվի մեջ կհաղթի նա, ով որ շատ փող ունի ու ով որ ավելի ուժեղ ա: Իսկ ընդհանրապես բոլորն էլ գիտեն, որ Սերժն ա թագավոր նստելու»:
«Սենյոր Լեոնսիոյին կճանչնա՞ս»
Շարունակելով նախընտրական ստենդների առատության թեման, վարորդ Սուրենը դժգոհությամբ ասում է. «Ախր, եթե մի քիչ մարդկություն ունենային, կասեին` լավ, էս շիթերի վրա որ էսքան փող ենք ծախսում՝ ո՞ւմ ա պետք: 1 նկարից 600 հատ նույն փողոցում դնում ենք, բոլորն էլ մեր պատկերին ծանոթ են: Եկեք էս մի շթի գումարով մի ընտանիքի լավություն անենք, համ պետքական գործ կանենք, համ էլ բարոյական ա: Մի շթի գումարով կարան մի ընտանիք պահեն: Ընդհանրապես մեր երկիրը նման ա բրազիլական էն հին կինոներին, երբ որ սեւերի ու սպիտակների վարք ու բարք էր: Ռաբինյա Իզաուրան հիշո՞ւմ եք, ա՛յ, շատ տիպիկ էդ դարաշրջանն ա: Սեւերը մենք ենք, սպիտակները` իշխանավորները: Սենյոր Լեոնսիոյին հիշո՞ւմ եք, էն բռնապետը, որ սեւերին օր ու արեւ չէր տալիս: Սպիտակները հիմա, որ ձեւականորեն իբր ընտրություն են կազմակերպում, սեւերի ձայնի հույսին են` էդ սաղ սուտ ա, որովհետեւ սեւերի դերը ստեղ ընդհանրապես չկա: Ընտրությունը սպիտակների գործն ա, իսկ սեւերին ուղղակի օգտագործում են սպիտակ երեւալու համար: Օրինակ` ամեն օր հայտարարում են, թե էսքան սեւի լավություն արինք, փող տվինք եւ այլն, ասում են, որ իրանք ավելի սպիտակ երեւան: Մենք էշի պես աշխատում ենք, իսկ իրանք բյուջեն թալանելով մեզ լավություն են անում: Մեր փողերով իրանց նկարները տպում-կախում են փողոցներում: Հասկացա՞ք ինչ ա կատարվում: Ես մարդկանց հոգեբանությունը լավ եմ հասկանում, էն հին աղվեսներից եմ, դրա համար էլ ջահելներիդ բացատրում եմ: Էն որ ասում են` թե ականջ ունեք՝ լսեք: Հիմա դուք ոնց որ ականջ ունեք, դե՛ լսեք»,- ասում է Սուրենն ու երկար-բարակ պատմություններ պատմում սկսած «Ռաբինյա» Իզաուրայից՝ վերջացրած Գեւորգ Չաուշով:
Ուժեղը ուժեղին միացավ
Վարորդ Գեւորգն աշխատանքի ընթացքում միշտ ռադիո է լսում: Հիմնականում՝ «Ազատություն» ռադիոկայանի լուրերին է հետեւում: Օրուգիշեր քաղաքում քշող վարորդն ասում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենաառաջինն է սկսել իր քարոզարշավը՝ իր բարեգործությունների մասին հեռուստատեսությամբ հաղորդումներ ցույց տալով: «Վարորդներով շատ բան ենք տեսնում ու լսում: Դե, ճամփա ենք գնում, կլիենտների հետ խոսում ենք դեսից-դենից: Արդեն փողոցներում ռեկլամներ են կպցրել, էնքան շատ են, որ քշել չի լինում: Էնքան եմ լսել էդ քաղաքական գործիչներին ու կուսակցություններին, որ սկսել եմ ջոկել սուտն ու ճիշտը: Նենցները կան մեջները, ոնց որ սաղիս էշի տեղ դնեն: Երեւի մտածում են՝ հավ ենք, հիշողություն չունենք: Արտաշես Գեղամյանին շատ չեմ հավատում, բայց ճիշտ բաներ ասում ա: Եթե ուզում ես իմանաս, Հանրապետական կուսակցությունն ա դուրս գալիս: Խի՞: Անձրեւից դուրս պրծած, ժամանակավոր սնկեր չեն, խոսքի տեր մարդիկ են: Օղորմածիկ Անդրանիկ Մարգարյանի խոսքերն էի երեկ նորից լսում: Ռեալ բաներ են ասում, չեն ասում՝ սենց կանենք, նենց կանենք, սուտ-փուչ խոստումներ… Սերժ Սարգսյանն ուժեղ քաղաքական գործիչ ա, խելքով մարդ ա, էս կուսակցության գլխին հիմա կանգնած շատ բան կարա անի: Ուժեղը ուժեղին միացավ, մի լավ բան կըլնի: Վազգեն Սարգսյանի ախպերը՝ Արամն էլ ա լավ խոսում, բայց հեն ա, Ազգային ժողովում էր, ի՞նչ արեց»,- ասում է վարորդ Գեւորգը:
«Ժողովուրդը ազնիվ մարդու ծարավ ա»
Վարորդ Խաչիկն, ինչպես միշտ, յուրաքանչյուր հարցի մասին իր կարծիքն արտահայտելիս նախ քննում է տվյալ մարդու անձը. «Ընդհանրապես ժողովուրդը էսօր ազնիվ մարդու ծարավ ա: Դուք նայեք քաղաքական գործիչների անձերը: Էն օրը նենց մի տեսակ սիրտս ճմլվեց ու լավ զգացում ունեցա: Հեռուստատեսությամբ, չեմ հիշում՝ ո՞ր ալիքով Արամ Սարգսյանի հետ հարցազրույց էր: Ճիշտն ասած, եթե Վազգենի անունը չտար, չէի էլ իմանա, որ ինքն ա ախպերը: Հաղորդավարը հարցնում էր, թե ժողովրդին իշխանափոխություն էիք խոստացել, ինչո՞ւ խոստումը չկատարեցիք: Իրա պատասխանը ինձ շատ անակնկալի բերեց, ու ես անկեղծորեն իրա անձը սիրեցի: Ասեց՝ իմ խոստումը չկատարելու համար ես ժողովրդից ներողություն եմ խնդրում: Ես մինչեւ հիմա որեւէ քաղաքական գործչից նման պատասխան չէի լսել: Ուրեմն ինքը մեծ մարդ ա, որ իրանից ցածր մարդկանցից, ժողովրդից ներողություն ա խնդրում ու անկեղծ ա»,- Ա. Սարգսյանի խոսքերից ազդված` ասում է Խաչիկն ու վստահեցնում, որ մարդիկ այսօր «ճշտի» կարիք ունեն: «Օրինակ` բոլորն ասում են` էս ենք արել, էն ենք արել, բայց մենք գիտենք, որ չեն արել ու սուտ են խոսում, բայց ինքը, փաստորեն, մեզ չխաբեց, չարածի համար ներողություն խնդրեց ու ժողովրդի սիրտը էդ մարդկային վերաբերմունքն ավելի ա շարժում, քան թե ճոխ-ճոխ ստերը: Ես ծանոթ չեմ իրա ծրագրերին, չգիտեմ էլ՝ ի՞նչ կուսակցություն ա իրանը, բայց կուզենամ, որ մի քիչ շատ խոսի, ու կարողանանք իրան ճանաչել: Թե չէ, գիտենք, որ ինքը վարչապետ ա եղել, բայց դեմքով էլ չենք ճանաչում: Ընդհանրապես կարեւոր չի, թե ես իրան կամ էլ մյուսին կընտրեմ, բայց ձեզ կարամ ասեմ, որ ժողովուրդն էսօր վերաբերմունքի կարիք ունի: Կաշառքով մարդու սրտին չես կպնի, մարդը վերաբերմունք ա ուզում, ուզում ա, որ իրա հետ հաշվի նստեն: Ժողովուրդն ամեն ինչը ճշտով ա սիրում»,- ասում է Խաչիկն ու պատգամավորական թեկնածուներին խորհուրդ տալիս՝ հսկայական գումարներ ծախսելու, կաշառք բաժանելու փոխարեն՝ խոսել անկեղծ, ճշմարիտ ու սրտանց: