Սերը մարդուն տրված ամենագեղեցիկ զգացմունքներից մեկն է: Ինչեր ասես, որ չեն արել մարդիկ սիրո համար՝ դարձել են պոետ ու սերենադներ երգել, խանդել են ու լացել, բարձրացել են «յոթերորդ երկինք» եւ իջել ծովի հատակը: Այսօր այդ ամենը, իհարկե, ծիծաղելի է թվում: Այսօր լավագույն դեպքում իրար «չատով» նամակ են գրում կամ բջջային հեռախոսով «մեսիջ» ուղարկում:
Եթե առաջ սիրահարված զույգերը գնում էին կինոթատրոն եւ «տակից» ձեռք բերում վերջին շարքերի տոմս, ապա այսօր վերջին շարքերում, հիմնականում, ադի-բուդի են ուտում: Եթե առաջ սիրահարվում էին աղջկան կամ տղային, ապա այսօր աղջկա կամ տղայի «պապային», ավելի շուտ՝ «պապայի գրպանին»: Եթե առաջ ասում էին՝ «ես քեզ սիրում եմ», ապա այսօր ասում են՝ «Ախչի, հերդ գիտի՞, որ ես քեզ ուզում եմ», կամ «ես յարվել եմ քո վրա»: Եվ, վերջապես, եթե առաջ կար «սեր առաջին հայացքից», ապա այսօր կա «սեր ինտերնետից»:
Թվում է՝ կյանքն առաջ է գնացել եւ, բնականաբար, կանայք այլեւս տղամարդկանց ոտքերը չեն լվանում, բացի «տան կին» լինելուց, նրանք նաեւ հասարակության լիիրավ անդամ են: Բայց… Եկեք տեսնենք, թե ինչպես ենք մենք սիրում կանանց: Հասկանալի է, որ մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը (էս վերջերս էլ` փետրվարի 14-ը) անձեռնմխելի են: Այս օրերին մենք ընդգծված սիրում ենք նրանց:
Իսկ ընդհանրապես, ժամանակակից հայ տղամարդն իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում տարբեր կանանց վերաբերվում է տարբեր կերպ: Օրինակ` մորը շատ սիրում է, կնոջ հետ ապրում է, աղջկան «երես է տալիս», զոքանչից խուսափում է (զզվում է, հարգում է, վախենում է. -ընդգծիր ինքդ), իսկ սիրածին պահում է: Սիրո արտահայտման Ժամանակակից ձեւերից են.
1. Հետեւյալ բառերը եւ արտահայտությունները. «ազիզ», «ջիգյար», «մռութդ կծեմ», «կյանք», «լավ ծիտ ա» եւ այլն:
2. Հետեւյալ վարվելաձեւը. ամբողջ մարմնով ընկնում են սիրած էակի աջ կամ ձախ ուսին, ավտոմեքենայի ձայնային ազդանշանով հասկացնում են, որ տվյալ աղջիկն իրեն դուր եկավ, եթե ձմեռ է, ապա անպայման ձնագնդով նրան խփում են, աշխատում են «կապել» ընկերոջից կամ ծանոթից վերցրած արտասահմանյան ավտոմեքենայով, որտեղ բարձր միացրած է ռուսական «ֆաբրիկայի» կամ հայկական ռաբիս երաժշտություն:
Պետական կառավարման եւ քաղաքական դաշտում հայ կանայք շատ քիչ են (դա էլ դեռ խորհրդային ժամանակներից մնացած «պլանով մի 3-4 % կին պետք է լինի» մտածելակերպի շարունակությունն է): Եվ դա հասկանալի է, որովհետեւ մենք դեռ շարժվում ենք «կինը դրսի համար չէ, կինը պետք է երեխա պահի» արտահայտությամբ:
Սիրելի՛ կանայք, վերոնշյալն, իհարկե, կատակ էր (չնայած ասում են, որ յուրաքանչյուր կատակի մեջ մի քիչ կատակ կա, իսկ մնացածը լուրջ է), եւ անկախ ամեն ինչից` մենք ձեզ շատ ենք սիրում: Եվ գարնանային այս առաջին տոնի առթիվ ցանկանում ենք ձեզ երջանկություն, առողջություն եւ, իհարկե, սեր: