Բարոյալքման վտանգ

15/04/2007

Հոգեբան Խաչիկ Գասպարյանին միշտ մի խնդիր է մտահոգում, թե աճող սերնդի աչքերում ինչպե՞ս ենք մենք հանդես գալիս: «Հոկտեմբերի 27»-ի դեպքից հետո ես աշխատում էի մի քանի երեխաների հետ, ովքեր հոգեկան ցնցում էին ստացել: Ոչ թե այն պատճառով, որ խորհրդարանի շենքում նրանց ընտանիքից մարդիկ կային, այլ հեռուստացույցով նրանք տեսել էին, թե ինչ սարսափ է կատարվում այն մարդկանց հետ, ովքեր մեզ համար հերոսներ էին: Սա մի գործոն է, որը կարող է վնասել ապագա սերնդի պատկերացումները, կարող է կոտրել իշխանության մեջ ներգրավված լինելու ցանկությունը, նախաձեռնությունը: Սա շատ վտանգավոր հարց է: Մի դեպք էլ պատմեմ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս նախագահ չէր, մենք Ղարաբաղում էինք, աշխատում էինք մի հոգեբանական կենտրոնում: Դրսում խաղացող մի երեխա գետնից գտավ թերթի մի կտոր` Լ. Տեր-Պետրոսյանի նկարով: Բերեց, տատին ցույց տվեց ու զարմանքով հարցրեց. «Ո՞վ է այս մարդը»: Տատն էլ ասաց. «Նա մեր թագավորն է եղել»: Երեխան թերթն անտարբերությամբ շպրտեց ու գնաց: Եվ ես հասկացա, որ մենք իշխանության հեղինակության եւ հեղինակության իշխանության վերաբերյալ նոր սերնդի մեջ սխալ «մեսիջներ» կարող ենք հաղորդել, որն ապագայի համար շատ վտանգավոր է: Կուզենայի, որ քաղաքական եւ տնտեսական գործիչներն այսօր շատ զգոն լինեին եւ մտածեին, թե ինչպիսի բարոյական կերպար է ձեւավորվում նոր սերնդի աչքերում»,- ասում է հոգեբանը: