Ջուր, սրճարան, ասֆալտ ճանապարհներին: Սա ամենակարեւորն է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչների լիակատար երջանկությունն ապահովելու համար: Գյուղացիներն ունեն ինչպես խմելու, այնպես էլ՝ ոռոգման ջրի խնդիր: Խմելու ջուրը գնում են Թալինից` դույլը 50 դրամով: Ընտանիքին միջինում մեկ տոննա ջուրը բավականացնում է մոտ հինգ օր: Ոռոգման ջուրը գալիս է Ախուրյանի ջրամբարից:
Սրճարանը գյուղացիներին պետք է, որ նստելու ու զրուցելու տեղ ունենան: Թե չէ, տղամարդիկ հավաքվում են գյուղական ակումբի կամ խանութների դռների առջեւ, իսկ կանանց դա էլ հասանելի չէ: Ի՞նչն է շատ գյուղում. խանութներն ու տաքսի ծառայությունները: Վերջիններից մոտակայքում հայտնաբերվեց երեք հատ:
Լրագրողներին գյուղում առանձնապես չեն ողջունում: Նրանց ընկալում են այնպես, ինչպես բարեգործական ընկերություններին: «Եթե 100%-ով վստահ չես, որ գրածդ մեզ ինչ-որ բանով կօգնի, ինչո՞ւ ես եկել»: Բայց, այնուամենայնիվ, բողոքում են իրենց դժվար ապրուստից. ո՞վ գիտե, գուցե կօգնի:
Մյասնիկյանում բնակվում է 4460 մարդ: Գյուղացիներն այստեղ են տեղափոխվել հիմնականում Շիրակի մարզից, Ջավախքից, Սիրիայից՝ Երկրորդ համաշխարհայինից հետո, կան փախստականներ Բաքվից: Շատ են քրդերն ու եզդիները:
Քրդերի ու եզդիների հետ հայերի հարաբերությունները լավ են: Ճիշտ է, մեր երկրում ապրող այլ ազգություններից առանձնանալու հայկական ազգային առանձնահատկությունն այս գյուղում էլ է նկատելի:
«Մենք ապրում ենք հաշտ ու համերաշխ, բայց դա հայերի շնորհքն է,- ասում են սանէպիդկայանում աշխատող հայ կանայք: Շենքում դեռ ցուրտ է, ու նրանք բոլորը հավաքվում են մի սենյակում. սուրճ են խմում ու զրուցում: -Թե չէ եզդիներն այսպիսին են` մի բան ասես նրանցից մեկին, բոլորով վրադ կհարձակվեն»:
Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը հավաստիացնում է, որ նման վերաբերմունքը եզդիների հանդեպ գյուղացիների նախանձի արդյունք է:
«Եթե հինգ տարի առաջ եզդին ուներ 150 գլուխ ոչխար, հիմա նա ունի 1000 գլուխ մայր ոչխար: Եթե առաջ նրանք ապրում էին վրաններում, հիմա ապրում են լավ տներում: Որովհետեւ, ի տարբերություն հայերի, աշխատասեր ժողովուրդ են»,- ասում է գյուղապետը: Գործազրկության վերաբերյալ բողոքները գյուղում շատ են:
Գյուղացիները մեծամասամբ չունեն մշտական աշխատանք, աշխատում են օրավարձով: Շատերը` եւ կանայք, եւ տղամարդիկ, աշխատում են խաղողի այգիներում, որոնք գնել է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը:
«Բատրակություն են անում»,- արհամարհանքով նետում են Մշակույթի տան մոտ կանգնած երկու տղամարդ: Երկուսն էլ գործազուրկ են:
Գյուղացիներն ասում են, որ շատերն ունեն տնամերձ հողամասեր, սակայն դրանք մշակելը ձեռնտու չէ` պարարտանյութերը եւ այլ անհրաժեշտ պարագաները թանկ արժեն:
Աշխատող կինն այստեղ վատ է ընկալվում: Ուրեմն հասել է ծայրահեղության ու ստիպված է աշխատել, որպեսզի պահի ընտանիքը: Կամ էլ` չունի ամուսին ու պիտի երեխաներին կերակրի: Սանէպիդկայանի սանիտարուհի Աղավնին գյուղում ապրում է արդեն հիսունմեկ տարի: Ապրում է քրոջ եւ քրոջ դստեր հետ: Ասում է, որ 23.000 դրամ ամսական աշխատավարձը սննդին հազիվ է բավականացնում: Իսկ ինքը դեռ պետք է շաքարախտի դեղ գնի, վճարի էլեկտրականության, ջրի, գազի համար:
«Մեր գյուղը գազիֆիկացված է: Բայց էսքան ժամանակ ոչ ոք չի եկել անվտանգության նորմերը ստուգելու: Իսկ եթե տասնհինգ օր ուշացնում ես գազի վարձը, չեն ալարում, գալիս, միանգամից անջատում են»,- դժգոհում է նա:
«Սովխոզի 70%-ն արտասահմանում է: Եթե նրանք չլինեին, մարդիկ էստեղ չէին կարողանա ապրել: Ոչ աշխատանք կա, ոչ էլ ուրիշ բան»,- ավելացնում է Աղավնին: Գյուղացիներն իրենց գյուղն անվանում են «Չորրորդ սովխոզ»:
– Լավ, հերիք է բողոքես,- ընդհատում է նրան կանանցից մեկը: -Ավելի լավ է ասա` ընտրություններին գնալո՞ւ ես:
– Անպայման:
– Ո՞ւմ օգտին ես քվեարկելու:
– Ով ինձ փող տա, նրա օգտին էլ քվեարկելու եմ: Աղջիկ ջան,- դիմում է ինձ,- էստեղ ոչ ոք մուրացկանություն չի անում, բայց եթե իրենք վաճառում են իրենց ձայները, եթե ինչ-որ մեկին փող են տվել, որ բաժանի ժողովրդին, թող ես էլ լինեմ էդ փող ստացողներից մեկը:
– Իսկ եթե ոչ ոք չվճարի՞:
– Ուրեմն ուղեղս էդ րոպեին ում թելադրի, իրեն էլ կընտրեմ:
Գալիք խորհրդարանական ընտրությունների հանդեպ գյուղացիները հիմնականում անտարբեր են: Ոմանք նույնիսկ չգիտեն՝ ինչ ընտրություններ են սպասվում: Մի կին հարցրեց՝ «Ի՞նչ ընտրություններ, նոր գյուղապե՞տ ենք ընտրելու»:
Իրենց գյուղապետին մյասնիկյանցիները սիրում են: Գյուղում առկա խնդիրները բացատրում են ոչ թե նրանով, որ գյուղապետը «չի մտածում», այլ` «մտածում է, բայց չի ստացվում»:
Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանն այս ամենի մասին այլ կարծիք ունի:
«Մեր գյուղում խնդիր չկա,- ասում է նա:- Փառք աստծո, գյուղը քաղաքին մոտ է (12 կմ), կտրված չենք աշխարհից: Միակ խնդիրը ոռոգման ջուրն է: Անցյալ տարի 300 հա հող ենք չորացրել ջուր չլինելու պատճառով: Չեմ կարծում, որ խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի: Իսկ խմելու ջուր մայիսից կունենանք՝ գերմանական «Նոր ակունք» ընկերության շնորհիվ: Արդեն տեղադրել ենք հաշվիչները»:
Գործազրկության վերաբերյալ բողոքները պարոն Պետրոսյանը համարում է ամենաանհեթեթը:
«Մեր գյուղում ամեն ընտանիքից գոնե մի հոգի աշխատում է պետական կառույցներում: Իսկ պետական կառույցներ մենք շատ ունենք՝ գյուղապետարան, Մշակույթի տուն, դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա, շտապօգնության հիվանդանոց, սանէպիդկայան, գազի հիմնարկություն, էլեկտրակայան, հրշեջ կայան, երկաթուղային կայարան:
Էռնեկյանի «Ագաթա» ընկերությունն աշխատողների կարիք ունի, բայց չի կարող գտնել: Օրական 3000-4000 դրամ են վճարում: Բայց իրենց (գյուղացիներին) սազական չի բատրակություն անել,- ասում է Ա. Պետրոսյանը եւ շարունակում,- այս գյուղը միշտ զբաղվել է հողագործությամբ ու անասնապահությամբ: Նախկինում ունեինք մոտ 1000 հա խաղողի ու պտղատու այգիներ, որոնցում աշխատում էին 16 դաշտային բրիգադներ՝ յուրաքանչյուրում 30 աշխատող: Այսօր այստեղ կա մարդ, որ ունի 2300 հա հող, ու նրան աշխատող ձեռքեր են պետք: Ինչո՞ւ չեն գնում աշխատելու: Ցանկության դեպքում օրական մինչեւ 5000 դրամ կվաստակեն: Բայց իրենք փոխարենը տանը նստած մտածում են` թող ինձ նպաստ տան մի 18.000 դրամ, յոլա կգնանք: Իրենց մոտ խորհրդային ժամանակներից պահպանվել է չաշխատելու ու դրա համար փող ստանալու սովորույթը»:
www.hetq.am