Մեր խոնարհ ծառան ակնկալում է 30% ձայն

10/04/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցությունում որոշել են հետեւել ԱՄՆ-ի վարչակազմերի փորձին: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ազդարարեց ԱՄ ղեկավար Ա. Գեղամյանը: Եվ ի՞նչ եք կարծում, այդ ի՞նչ փորձի մասին է խոսքը, որին ԱՄ ղեկավարը որոշել է հետեւել:

Բանից պարզվում է, որ ամերիկացիները միշտ սկզբում ձեւակերպում են խնդիրը, նոր անցնում գործողությունների: Ա՛յ, հենց այս իմաստուն փորձին էլ որոշել են հետեւել ԱՄ-ում, եւ այդ կուսակցության ղեկավարը նստել ու մի գրքույկ է գրել: Այն կրում է արդեն ծանոթ «Հակաճգնաժամային ծրագիր» անունը: Բայց «Հակաճգնաժամային ծրագիր-2»-ը, դրա հեղինակի հավաստմամբ, 2002թ. ծրագրի կրկնությունը չէ: Այս մեկն «արդիականացված է», եւ գրվել է, հաշվի առնելով անցած 5 տարիների ընթացքում աշխարհում ու մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները: «Հակաճգնաժամային ծրագրի» հիման վրա ԱՄ-ն նախատեսել է «ազգային նախագծեր»: Ըստ Ա. Գեղամյանի, այս ծրագիրն ԱՄ-ի՝ «ԱԺ հաղթական մուտքից հետո» հնարավորություն կտա 100 օրում առնվազն 42-43 օրենքներ ընդունել: «Երբ 1932-ին Ֆրանկլին Ռուզվելտը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, 11 օրվա ընթացքում, կրկնում եմ, լեզվական սայթաքում չկա, 11 օրվա ընթացքում ընդունվել է ավելի շատ օրենք, քան մինչեւ Ռուզվելտը՝ 70 տարիների ընթացքում, այսինքն՝ մարդիկ ծրագիր են ունեցել»,- հայտարարեց ԱՄ ղեկավարը: Նրա խոսքերով՝ իրենք իրենց նախընտրական ռազմավարության մեխը ծրագիրն են դարձրել, որովհետեւ մեր ժողովուրդը հոգնել է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, որովհետեւ «իշխանությունն ամեն ինչ անում է, որ ասի՝ ընդդիմություն չկա, ընդդիմությունն էլ ամեն ինչ անում է, որ ասի՝ իշխանությունները կաշառված են, կոռումպացված են, եւ այլն»: «Մարդիկ ծրագիր են ուզում: Մարդիկ ուզում են ճանապարհ տեսնել: Մարդիկ ուզում են թունելի վերջի լույսը տեսնել»,- կարծում է նա: ԱՄ ղեկավարը երեկ հայտարարեց նաեւ, թե իրենք ակնկալում են, որ առաջիկա ընտրություններն «այնուամենայնիվ լինելու են շատ ավելի օրինական եւ արդար»: Ասվածից կարելի է եզրակացնել, որ ըստ Ա. Գեղամյանի, նախորդ ընտրություններն «օրինական եւ արդար են եղել», պարզապես ակնկալվում է, որ առաջիկա ընտրությունները «շատ ավելի օրինական ու արդար» կլինեն: Իսկ ինչո՞ւ է ակնկալվում: «Որովհետեւ մենք այլեւս չենք կարողանա մեր ժողովրդին զսպել: Եվ եթե օրինախախտումներ եղան, ընտրակեղծիքներ եղան, ԱՄ-ն հենց ինքը կոչով կդիմի ազգաբնակչությանը, ասելով, ոտքի կանգնեք, որովհետեւ մենք կորցնում ենք երկիր: 2003 թվականը չի կրկնվի, 2005-ը չի կրկնվի: Սա ՀՀ-ի համար վերջին եւ եզակի հնարավորությունն է»,- բացատրեց Ա. Գեղամյանը: Հետաքրքիր է. ի՞նչ նկատի ունի ԱՄ ղեկավարը՝ ասելով, թե «2003 թվականը չի կրկնվի»: Մի՞թե այն, որ այս անգամ ինքը հանրահավաքային շարժման պիկին մի երկու շաբաթով ընդհատակ չի անցնի, ինչպես եղավ 2003-ին՝ ՀՀ նախագահի ընտրության 1-ին եւ 2-րդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում: Ինչեւէ, թող տպավորություն չստեղծվի, թե Ա. Գեղամյանը միավորման կողմնակից չէ: Ախր կուսակցության անունն էլ է դա հուշում: Ինչպես հայտնի է, ԱՄ-ն արդեն ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել համատեղ մի շտաբանման մարմին ստեղծել, որը պետք է վերահսկի ընտրությունների ընթացքը: Նմանօրինակ առաջարկ արել է նաեւ Արամ Գասպարիչը: Ա. Գեղամյանն առաջարկում է, որ այդ մարմնի ղեկավարը լինի Պարույր Հայրիկյանը: ԱՄ ղեկավարի հավաստմամբ՝ եթե 2-3 կուսակցություն էլ լինի, «ենք կհամադրենք մեր ուժերը, որ խախտումները կանխենք»: «Ուժերը համադրելուց բոլորս ենք շահելու, առաջին հերթին՝ երկիրը»,- հայտարարեց Ա. Գեղամյանը, ում գլխավորած կուսակցությունն առաջինն էր, որ հայտարարեց ԱԺ ընտրություններին միայնակ գնալու մտադրության մասին: Ինչպես հայտնի է, չմիավորվելուց հետո ընդդիմադիրները հիմա էլ բազմաթիվ ընտրատարածքներում միմյանց դեմ թեկնածուներ են դրել: Հնարավո՞ր է, որ ԱՄ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների հարցը համաձայնեցնի ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի միմյանց դեմ չպայքարեն: Պարզվում է՝ ոչ: «Այսօրվա դրությամբ ոչ մի ընդդիմադիր չի կարող ասել, թե այս կամ այն ընտրատարածքում ի՞նչ տրամադրություններ են գերիշխում՝ պայմանավորված առաջադրված թեկնածուների հետ: Չի կարող խոսել ժողովրդավարությունից եւ այն «ռամկաների» մեջ դնել: Մենք խորհրդակցելու ենք մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որ հնարավորինս ցանկացած ընտրատարածքում ապահովենք ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ»,- բացատրեց Ա. Գեղամյանը: Ի դեպ, վերջինս երեկ ուղղակի կամ անուղղակի մի քանի զուգահեռներ անցկացրեց իր եւ Ուինսթոն Չերչիլի, իր եւ Ֆրանկլին Ռուզվելտի միջեւ: Իսկ ինչքա՞ն ձայն են ակնկալում ԱՄ-ում առաջիկա ընտրություններում: «2006-ին «Գելափ» ինստիտուտի մեթոդաբանությամբ բավականին լուրջ ուսումնասիրություններ են անցկացվել ՀՀ-ում: Այդ ուսումնասիրությունների արդյունքում ձեր խոնարհ ծառայի վարկանիշը 54-58% էր: Ես մեր գործընկերների առաջ խնդիր եմ դրել. գոնե դրա կեսը եթե մենք չենք ապահովում, կնշանակի՝ շատ վատ ենք աշխատել, իսկ վատ աշխատելու սովոր չենք: Այսինքն՝ նվազագույնը, այն էլ՝ կեսն ապահովելու պայմաններում, 28-30% մենք ձայն հավաքելու ենք: Եվ թույլ չենք տալու, որ հանկարծ որեւէ մեկը բախտախնդրությամբ զբաղվի եւ փորձի կեղծել ընտրությունների արդյունքները»,- պատասխանեց Արտաշես Գեղամյանը: Նա նշեց նաեւ, թե երբ հայտարարել են, որ չեն օգտվելու վճարովի եթերից, հազարավոր մարդիկ են եկել կուսակցություն: «Հուզիչ պահեր էլ են եղել. թոշակի կեսն են եկել, բերել-տվել, որ բան անենք, մենք ասել ենք՝ բանկում հաշիվ կա, տարեք էնտեղ տվեք: Այնպես որ, այդ հարցը բաց է, բայց, ամենայն հավանականությամբ, կօգտվենք վճարովի եթերից»,- եզրափակեց ԱՄ ղեկավարը: