Ընտրացուցակները ճշգրտվում են

10/04/2007

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը երեկվա ասուլիսում տեղեկացրել է, որ ոստիկանությունը կազմել է նախնական ընտրացուցակները, եւ ապրիլի 2-ից դրանք կախված են ՀՀ բոլոր ընտրատեղամասերում եւ տեղադրված են www.elections.am կայքում: Մահտեսյանը տեղեկացրել է, որ մինչեւ ԱԺ ընտրության օրն ընտրացուցակները հնարավորինս ճշգրտելու նպատակով ակնկալում են քաղաքացիների, կուսակցությունների եւ հ/կ-ների օգնությունը, որպեսզի նրանք ոստիկանությանը տեղեկացնեն նախնական ցուցակներում առկա անճշտությունների եւ բացթողումների մասին: Նա նշել է, որ անճշտության առավել տարածված տեսակներից է մահացածների առկայությունը ցուցակում: Ընդհանրապես, նախնական ցուցակների տվյալով առկա է 2.328.747 ընտրող, այն դեպքում, երբ Սահմանադրության հանրաքվեի ցուցակի տվյալով եղել է 2.253.262 ընտրող: Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության ղեկավար Ալվինա Զաքարյանի խոսքերով էլ՝ նախնական ցուցակների տվյալն անկասկած կնվազի, հաշվի առնելով այն անճշտությունների ուղղումը, որ ենթադրվում է: Մասնավորապես, ոստիկանությունը քաղաքացիներին եւ ընտրական գործընթացի մասնակից կուսակցություններին խնդրում է դիտողությունների դեպքում դիմել ոստիկանության տվյալ տարածքի անձնագրային բաժին կամ տվյալ համայնքի ղեկավարին: Ըստ Ա. Զաքարյանի, բոլոր խնդիրներով զբաղվելու համար բացվել է թեժ գիծ, որը գործելու է մինչեւ մայիսի 11-ը ներառյալ: Թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 56-13-46 եւ 53-43-91: Ա. Զաքարյանն ասում է, որ ընտրացուցակների ճշտման գործընթացը լինելու է անընդհատ, ընդհուպ մինչեւ մայիսի 12-ը: Ցուցակներն ընտրատարածքներում վերջնականապես կկախվեն ընտրությունից 2 օր առաջ: Նա ասել է նաեւ, որ իրեն էլ են հայտնի ընտրողների անձնագրերը վերցնելու մասին խոսակցություններ: Նա նշել է, թե ինքն, օրինակ, լսել է, որ անձնագիրը վերցնում են տվյալ անձին մի քանի հազար դրամ ընտրակաշառք տալով: «Ես չեմ հասկանում, մարդը ո՞նց կարող է իր անձնագիրը տա մեկ այլ անձի, թեկուզ 5000 դրամ ընտրակաշառքի դիմաց: Չէ՞ որ այդ անձնագրով տվյալ անձը կարող է մեկ այլ արարք կատարել, որը կբերի շատ ծանր հետեւանքների»,- ասել է նա: