Հիմա նստած ողբում է ինքն իր վրա

10/04/2007 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Ասում է թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու անկուսակցական, Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Սեյրան Սարոյանը:

– Հակոբ Հակոբյանը շաբաթ օրն իր մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներն անուղղակի վերագրում է ձեզ, եւ ի պատասխան ձեր հայտարարության, թե` «Հակոբ Հակոբյանը ինքն է իր վրա կրակել, իր կողմնակիցներն են դա կազմակերպել», ասել էր, թե` «Սեյրան Սարոյանը դդումի կեցվածք է ընդունել: Միայն դդում մարդը կարող է ասել, որ ես ինքս ինձ վրա կարող եմ կրակել»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ի՞նչ ասեմ, միայն անմակարդակը կարող է նման խոսելաձեւ ունենալ: Ինքն իր մակարդակն այդտեղ էլ է ցույց տալիս: Ի՞նչ ասեմ` կա օրենք, կա Դատախազություն, Ոստիկանություն, թող պարզեն, թե ինչի՞ է նման այդ մարդը: Եթե նա կարողանում է Հայոց բանակի գեներալին, ով նման հաղթանակներ է տարել, այդպես վերաբերվի` արդեն երեւում է, թե ով ինչի է ընդունակ: Իսկ ամեն մեկն իր խելքից է ընկնում նման բաների մեջ, ու հենց նման դեպքերում երեւում է, թե ով է իր ասածը:
– Իսկ ի՞նչ հիմքեր ունեք ասելու, որ ինքն է իր վրա կրակել:

– Որովհետեւ ուրիշ ոչ ոք այս պահին չէր կրակի նրա ավտոմեքենայի վրա: Օրինակ, որեւէ տրամաբանություն չկա այն մեղադրանքների մեջ, թե մենք ենք կրակել: Հենց այսօրվա (խոսքը երեկվա մասին է.-Լ.Ս.) դատավարությունից էլ երեւաց, թե ով` ով է: Երեւաց, թե ով է կեղծարարը: Թող նա (Հակոբ Հակոբյանը.- Լ.Ս.) գնա ու իր հարազատների մեջ ման գա, թե ով է կեղծարարը, ով էդ կարգի քայլի կդիմի: Կարո՞ղ եք ասել, թե ես ինչո՞ւ պետք է կրակեի նրա վրա, կամ` Սուսաննան (խոսքը մյուս թեկնածուի` Սուսաննա Հարությունյանի մասին է.-Լ.Ս.) իրենից ի՞նչ է ներկայացնում, որ գնայի նրա շտաբը վառեի:

– Հ. Հակոբյանն ասում է, որ իր նախաձեռնող խմբի անդամներից մեկին դուք ստիպել եք հրաժարվել իր ստորագրությունից ու դրա համար առեւանգել ու ձեր տանը «զալոժնիկ» եք պահում:

– Էդ մարդիկ այսօր դատարանում են եղել, թող ինքն անիմաստ բաներ չխոսի: Ի՜նչ ուզում է թող ասի, ես նրա մասին ոչինչ չեմ ասի, բոլորն էլ գիտեն, թե ինքն ով է, ինչ մարդ է: Գիտեք, էլի, թե նա ինչ մարդ է եւ ինչի է ընդունակ:

– Հակոբ Հակոբյանը ձեզ առաջարկում է միասին մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ նա պատրաստ է փաստաթուղթ ստորագրել այն մասին, որ եթե դուք կարողանաք 21 տոկոս ձայն հավաքել, ապա ինքը վայր կդնի իր մանդատն ու տեղը կզիջի ձեզ: Այս մասին ի՞նչ կասեք:

– Ուրեմն` ինքը թող մի հատ իր մակարդակն ու իր մասնակցությունն այս պետության մեջ նայի, հետ նայի իր անցյալին ու տեսնի, թե ով է եղել ինքը, հետո փորձի ինձ հետ միասին ինչ-որ հարցազրույցի նստի: Եթե նա նույնիսկ իր մտքում կարող է նման հույս ունենալ, ապա ես չեմ կարողանում պատկերացնել, թե նա ինչքան ցածր մարդ է: Եթե ինքը կարողանա ասել, որ գոնե մի տոկոս մեր ազգին ինչ-որ ծառայություն է մատուցել, ես կփորձեմ իր հետ հարցազրույցի գնալ:

– Հիմա Էջմիածնում ի՞նչ մթնոլորտ է, ասում են` լարված իրավիճակ է:

– Որտե՞ղ: Նման բան չկա, պարզապես ինքը (խոսքը Հակոբ Հակոբյանի մասին է.-Լ.Ս.) փողով բոլորին հավաքել էր իր կողքը ու հիմա նստած ողբում է ինքն իր վրա, որ իր կողքը ոչ մի մարդ չունի: Ինքը նստած իր վրա ողբում է, որովհետեւ բոլորին փողով առնելով՝ մտածում էր, թե էս կյանքը մենակ փողով է: Ինքն ամենաայլանդակ ձեւով վիրավորել ա իր ամենամոտիկ ու հարազատ մարդկանց: Ա՛յ, դրա պատճառով է, որ այսօր ոչ ոք, անգամ հարազատ-բարեկամ, իր կողքը չունի: Էլ ինչի՞ համար է էդքանից հետո լրբություն անում, շառը գցում սրա-նրա վրա: 50 հոգանոց ստորագրություններից (նախաձեռնող խմբի.-Լ.Ս.) 15-ը ֆալշ ա: Հակոբ Հակոբյանի հարազատներն են ինձ տեղեկացրել, որ իր ցուցակում լիքը ֆալշ ստորագրություն կա: Թող գնա ու իր հարազատների մեջ ման գա, թե ով է իրեն էդ օրը գցել: Թող ուրիշների վրա ցեխ չշպրտի առանց ամաչելու: