Կոչ է անում սթափվել

10/04/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեւան քաղաքի թիվ 5 ընտրատարածքը (Դավիթաշեն, Արաբկիր)՝ առաջադրված մեծամասնական թեկնածուների ցանկից դատելով, կարելի է ասել, ընդդիմադիր երանգ ունի։ Ակնհայտ իշխանական թեկնածուն միայն Լեւոն Սարգսյանն է՝ Հանրապետական կուսակցությունից։ Մյուս թեկնածուներն են՝ անկուսակցական Թաթուլ Մանասերյանը, Համլետ Հովսեփյանը (Ազատամարտի վետերանների միություն կուսակցություն), Հովհաննես Հովհաննիսյանը (Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցություն) եւ Հայկ Բաբուխանյանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 5-րդ ընտրատարածքում անթույլատրելի դեպքեր արդեն արձանագրվում են։ Մասնավորապես, անձնագրեր են հավաքում եւ մարդկանց հորդորում ձայն տալ այսինչ թեկնածուին։ «Սպառնալիքներ են հնչում այդ անձանց նկատմամբ, արգելում են երեւալ բակերում հանդիպումների ժամանակ։ Անգամ սպառնալիքներ են տեղում, որ՝ եթե մենք իմանանք, որ դուք այլ անձերի հետ կապ ունեք, մեզանից չնեղանաք, աշխատանքից կազատենք»,- ասաց Թ. Մանասերյանը: Վերջինս նշեց նաեւ, որ իր մրցակիցներին կոչ է արել սթափվել, թիվ 4 ընտրատարածքի օրինակով կնքել խաղաղ եւ քաղաքակիրթ ընտրապայքարի հուշագիր, քանի որ արդար ընտրությունները ենթադրում են, որ ամեն մեկն իր մասով պետք է պատասխանատվություն ստանձնի՝ կեղծիքներ եւ բռնություններ թույլ չտալու համար: Թ. Մանասերյանը լավատեսորեն է տրամադրված եւ համոզված է, որ ընտրազանգվածի վերաբերմունքն իր նկատմամբ չի փոխվել «Արդարություն» դաշինքից դուրս գալուց հետո։ Պատգամավորի խոսքով, իր կողքին կանգնած է ընտրողների այն զանգվածը, որն ուզում է տեսնել աշխատանք, պայքար՝ իր համար ու իր շահերի համար։ «Մարդիկ սիրում են աշխատողներին, ոչ թե ծույլիկներին»,- ասաց Թ.Մանասերյանը՝ հիշեցնելով, որ ինքն ակտիվորեն աշխատել է այս 5 տարիների ընթացքում՝ թե՛ առանձին ընտրողների հետ, եւ թե՛ օրենսդրական նախաձեռնություններով՝ ի տարբերություն շատ այլ (այդ թվում՝ ընդդիմադիր) պատգամավորների։

Նրան վստահություն է ներշնչում նաեւ այն հանգամանքը, որ 2 ավանդական կուսակցություններ արդեն պաշտոնապես հակված են պաշտպանելու իր թեկնածությունը, թեեւ ինքը բանակցությունների չի գնացել նրանց հետ։ Դրանցից մեկը՝ Հնչակյան կուսակցությունը, արդեն համապատասխան հայտարարություն է արել։ Մյուսը ռամկավարներն են, որոնք դեռ հայտարարություն չեն արել, բայց, ըստ Թ. Մանասերյանի, դա կարող է լինել ցանկացած պահի։ «Ինձ սատարելու են երիտասարդական կազմակերպություններ, որն ինձ համար շատ պատվաբեր է»,- ասաց Թ. Մանասերյանը։ Նա նշեց, որ իրեն սատարում են նաեւ ընդդիմադիր դաշտի մտավորականները, սակայն ճշգրտեց՝ իրենց իրապես ընդդիմադիր համարողները, «ոչ թե նրանք, ովքեր կարող են այսպես շինծու թեկնածուներ ներկայացնել: Եվ չեմ կարծում, որ սա վերջն է, որովհետեւ նոր է սկսվում ընտրապայքարը, կարող են լինել նաեւ այլ հայտարարություններ»։ Թե ովքե՞ր են իրական ընդդիմադիրները՝ նա չհստակեցրեց` այդ գործը թողնելով լրագրողներին։ Եթե հիշում եք, դեռեւս ամիսներ առաջ լուրեր էին շրջում, թե Թ. Մանասերյանը, ի թիվս Վարդան Բոստանջյանի եւ Վիկտոր Դալլաքյանի, անդամագրվելու են «Բարգավաճ Հայաստանին»: Վ. Բոստանջյանը մտավ ԲՀԿ,

Վ. Դալլաքյանը ԲՀԿ-ին սերտաճել է առանց «փաստաթղթի»: Թ. Մանասերյանն ինքն իրեն բացարձակ ընդդիմադիր քաղաքական գործիչ է համարում: Ընդդիմության շարքերում, սակայն, այնքան էլ այդ կարծիքին չեն: Ի դեպ, երեկ Թ. Մանասերյանը չբացառեց, որ ընտրվելու դեպքում կարող է անդամակցել որեւէ խումբ-խմբակցության, քանի որ միայնակ աշխատելու դեպքում աշխատանքն այնքան էլ արդյունավետ չի լինի։ Սակայն «ի՞նչ ուժի հետ կարելի է միանալ, ի՞նչ անձանց հետ, ո՞ր անկախ պատգամավորների հետ, հիմա իսկապես դժվար է ասել, որովհետեւ ես պարզորոշ չեմ կարող տեսնել, եւ ամեն ինչը կերեւա ընտրություններից հետո»։

Վերջում նա անդրադարձավ նաեւ Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե այն մարդիկ, ովքեր լավ մտքեր ունեն, սակայն քաղաքական եւ ֆինանսական կապիտալ չունեն, պետք է գրքեր գրեն։ «Կարծում եմ` ամենակարեւոր զենքերից մեկը գաղափարն է, գաղափարական պայքարը եւ ոչ թե փողի պայքարը»,- ասաց Թ. Մանասերյանը՝ ավելացնելով, որ ինքը 5 անտիպ գիրք ունի, եւ բացի այդ՝ դասավանդում է ՀՀ-ում եւ դրա սահմաններից դուրս: Մանկավարժությունն, ըստ նրա, պատգամավորական գործունեությունից պակաս կարեւոր բան չէ, իսկ քաղաքական ակտիվությունը պայմանավորված չէ մանդատով։