Ինչո՞ւ է թանկանում ջրի սակագինը

10/04/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա փետրվարի վերջին «Երեւան ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ջրի սակագինը գործող 172,8 դրամից 181,9 դրամ դարձնելու առաջարկով: Ջրի սակագինը վերջին անգամ բարձրացել էր անցյալ տարվա հունիսին: ՀՀ կառավարության եւ ջրամատակարար ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ դա պետք է լիներ վերջին թանկացումը, իսկ 3 տարի հետո ջրի գինը պետք է աստիճանաբար նվազեր եւ վարձակալության 10-րդ տարում հասներ 93 դրամի: Ինչո՞ւ ընկերությունը նորից որոշեց թանկացնել ջրի գինը: Այդ մասին մեկնաբանություններ է տալիս ՀԾԿՀ Սակագնային վարչության պետ Արմեն Արշակյանը:

– ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի եւ ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության միջեւ 2005թ. կնքված Երեւանի ջրամատակարարման համակարգը վարձակալության տալու մասին եռակողմ պայմանագրի համաձայն՝ ջրի սակագինը պետք է մի անգամ բարձրանար, 3 տարի մնար նույնը, որից հետո պետք է աստիճանաբար իջներ: Ջրի սակագինն անցած տարի բարձրացավ: Սակայն «Երեւան ջուր» ընկերությունը նորից բարձրացնելու մասին հայտ է ներկայացրել հանձնաժողովին: Որքանո՞վ է համապատասխանում այդ առաջարկը պայմանագրի դրույթներին:

– «Երեւան ջուր» ընկերությանը տրված ջրային համակարգի օգտագործման թույլատվության համաձայն՝ ընկերությունը ջրամատակարարման եւ ջրահեռացման համար ներկայացրել էր 10 տարվա համար բազիսային սակագներ: Բազիսային եմ ասում, որովհետեւ այդ սակագները փոփոխման ենթակա են միայն 4 գործոններից ելնելով: Առաջինը ջրամատակարարման ծավալն է, այսինքն՝ ավելացե՞լ է սպառումը, թե՞ ոչ: Երկրորդը դրամ-եվրո փոխարժեքի փոփոխությունն է, երրորդը սղաճն է, իսկ չորրորդը՝ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունն է: Մենք էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն դեռեւս չունենք: Եվրո-դրամ փոխարժեքի հարաբերության դեպքում ակնհայտ է, որ դրամն արժեւորվել է: Հայտնի են նաեւ սղաճի տեմպերը, որի մասին տեղեկատվությունը վերցնում ենք Վիճվարչությունից: Միակ խնդիրը, որը պետք է պատճառ լիներ սակագնի վերանայման համար՝ սպառման ծավալների փոփոխությունն է: «Երեւան ջուր» ընկերությունը ներկայացրել էր 2006թ. սպառման ծավալները, որոնք շեղվում էին այն կանխատեսումներից, որ ամրագրված էր թույլատվության պայմաններում: 2006թ. սպառումը կանխատեսում էր մոտ 65 մլն խմ ջրի սպառում, սակայն ընկերության փաստացի տվյալներում նշված էր մոտ 55 մլն խմ: Հասկանալու համար, թե ընկերության մոտ ինչպիսին է եղել իրական սպառումը, հանձնաժողովը որոշում կայացրեց մոնիտորինգ անցկացնել եւ պարզել ընկերության հաշվառման բազայում եղած տվյալների եւ հաշվիչների վրա գրանցված տվյալների տարբերությունը:

– Իսկ որքա՞ն է եղել ջրի սպառումը 2005թ.:

– Մոտ 59,8 մլն խմ: Փաստորեն, 2006թ.՝ 2005թ. համեմատ սպառումը կրճատվել է մոտ 4,8 մլն խորանարդ մետրով:

– Ասացիք, որ ընկերության ներկայացրած տվյալներով՝ 2006թ. ջրի սպառումը մոտ 10 մլն խմ պակաս է եղել, քան կանխատեսվում էր: Այդ ի՞նչ կանխատեսումներ են եւ ինչո՞ւ պիտի ազդեն սակագնի վրա:

– Երբ վարձակալության էր տրվում Երեւանի ջրամատակարարման համակարգը, մրցույթ հայտարարվեց: Մրցույթի պայմաններից մեկն էլ սակագների չափն էր: Մեզ համար կարեւոր էր, որ այդ սակագները հնարավորինս ցածր լինեին: Իհարկե, կարեւոր էին նաեւ տեխնիկական պայմանները: Իսկ ընկերությունը որպեսզի հասկանար, թե ինչ գին էր սահմանելու, պետք է հասկանար, թե ջրամատակարարման սպառման ինչ կանխատեսումներ կան: Դրա համար էլ այդ կանխատեսումները համակարգը շահագործելու թույլտվության մեջ ֆիքսված են: Եվ ահա անցած տարի ընկերության ներկայացրած տվյալների համաձայն՝ մոտ 10 մլն խմ պակաս ջուր է սպառվել, քան կանխատեսվում էր:

– Իսկ «Երեւան ջուր» ընկերությունը չի՞ պատճառաբանել, թե ինչո՞ւ են նվազել ջրի սպառման ծավալները:

– Մենք այդ հարցը տվել ենք: Ընկերությունը պատճառաբանել է, թե առաջին հերթին դա պայմանավորված է հաշվիչների տեղադրմամբ՝ իրենց հաջողվել է ավելացնել հաշվիչները: Հաշվիչների տեղադրումը բերել է նրան, որ բաժանորդները խնայողաբար են ջուր օգտագործում: Երկրորդը՝ երբ որ անցյալ տարի սակագինը բարձրացավ, մարդիկ սկսեցին ավելի խնայողաբար օգտագործել: Եվ երրորդ պատճառն այն է, որ ընկերությունը բարելավել է հաշվառման համակարգը: Ընկերության ներկայացրած տվյալների մեջ գրանցման եւ վերծանման դեպքում որոշակի թերություններ կային: Մոնիտորինգի խնդիրն է՝ պարզել, թե արդյոք այդ հաշվիչների գրանցումների վերծանման գործընթացը նորմա՞լ է իրականացվում, եւ այդ հաշվիչների ցուցմունքը համապատասխանո՞ւմ է արդյոք ընկերության ունեցած բազային ցուցմունքներին:

– Իսկ ի՞նչ մեթոդով է իրականացվում այդ մոնիտորինգը:

– Մոնիտորինգը կատարվում է հետեւյալ սկզբունքներով՝ Երեւան քաղաքի բոլոր սպառողները բաժանվեցին երկու խոշոր խմբերի՝ բնակչություն եւ այլք: Խոշոր սպառողներն էլ, իրենց հերթին, բաժանվեցին հետեւյալ 2 ենթախմբերի՝ առաջին 50 խոշոր սպառողները եւ հաջորդ 700 խոշոր սպառողները: Առաջին 50 խոշոր սպառողները պարտադիր ենթարկվելու են մոնիտորինգի, իսկ հաջորդ 700-ից բոլոր մասնաճյուղերից ընտրանքային կարգով ընտրվելու է դրանց 10 տոկոսը: Այդ 70-ի մոտ արձանագրված շեղումները կիրառվելու են մնացած 700 սպառողների ծավալների վրա: Ինչո՞ւ ընտրեցինք այդ 750 խոշոր սպառողներին: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այդ 750 բաժանորդների սպառած ջրի ծավալը կազմում է 2006թ. ամբողջ ծավալի 90 տոկոսը: Մանավանդ, որ մեր հասարակական կազմակերպությունները եւ հասարակությունը խնդիրներ է տեսնում հիմնականում խոշոր սպառողների մոտ: Իսկ բնակիչ-սպառողներին բաժանեցինք խմբերի՝ ամսական 0-3 խմ սպառում ունեցողների, 3-6, 6-12, 12-ից ավելի խմ սպառում ունեցող բաժանորդների: Մեր մասնագիտական գնահատմամբ՝ 12 եւ ավելի խմ սպառումը նորմալ էր, եւ այդ դեպքում մոնիտորինգ անելու կարիք չէր զգացվում: Մոնիտորինգ իրականացրեցինք 0-12 խմ սպառում ունեցող խմբերի մոտ: Ամբողջ տարածքում ընտրվեց բոլոր բաժանորդների 1 տոկոսը: Ընտրությունը կատարվեց պատահական ծրագրային սկզբունքով, որպեսզի լավ կամ վատ սպառողների խնդիր չառաջանար: Բայց ընկերության հետ պայմանավորվեցինք, որ այդ 1 տոկոսի մոտ արձանագրված շեղումները կիրառելու ենք բնակիչ-բաժանորդների ողջ խմբի վրա:

– Իսկ մոնիտորինգը ովքե՞ր եւ ինչպե՞ս են իրականացնում:

– Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնց մեջ ընդգրկվել են մեկական ներկայացուցիչներ հանձնաժողովի կողմից, «Երեւան ջուր» ընկերությունից եւ, ըստ ցանկության, նաեւ հասարակական կազմակերպություններից կամ Ջրային տնտեսության պետական կոմիտեից: Ցավոք սրտի, հասարակական կազմակերպություններից ոչ բոլորը ցանկացան մասնակցել այդ գործընթացին:

Խումբը ցուցմունքների հավաքագրումը վերջացնելուց հետո այդ տվյալները երկու կողմի ստորագրություններով ներկայացնում է հանձնաժողով: Ցանկության դեպքում կարող են ստորագրել նաեւ հասարակական կազմակերպության եւ Ջրպետկոմի ներկայացուցիչները: Տվյալների հավաքագրումից հետո սկսելու ենք երկրորդ՝ ցուցմունքների վերլուծության փուլը: Վերլուծությունից հետո պարզ կլինի, թե ջրի սպառման վերջնական ինչ ծավալ ունենք:

– Արդեն 3 շաբաթ է, ինչ սկսվել է մոնիտորինգը: Ինչպիսի՞ն է սկզբնական տպավորությունը: Արդյոք ջրի սպառման ծավալներն այնքան նվազե՞լ են, որ ընկերությունը ուզում է սակագինը բարձրացնել: Կամ ընկերության ներկայացրած տվյալները որքանո՞վ են շեղվում մոնիտորինգի խմբի ներկայացրած տվյալներից:

– Քանի դեռ վերլուծությունը չի կատարվել, հնարավոր չէ ասել, թե շեղումները շատ են կամ քիչ են: Շեղումները կարող են լինել բազմաթիվ, եւ՛ դրական, եւ՛ բացասական: Մենք այժմ փորձում ենք ավարտել ցուցմունքների հավաքագրման եւ վերծանման գործընթացը, որը բավականին դժվար աշխատանք է: Մեր նպատակն է՝ հավաքագրել 1000 ցուցմունք: Թեպետ աշխատում ենք մի քիչ ավելի լինի, որովհետեւ ցանկացած ժամանակ լինելու են վիճահարույց ցուցմունքներ: Վերծանման գործընթացն ավարտելուց հետո կսկսենք վերլուծական փուլը: Եվ օրենքով սահմանված 90-օրյա ժամկետում կավարտենք թե՛ մոնիտորինգը, թե՛ սակագների վերանայման գործընթացը: Ես ուզում եմ դուք մի բան էլ նկատի ունենաք՝ «Երեւան ջուրը» սակագնի բարձրացման հայտ տալով՝ ակնկալել է, որ վերահաշվարկումը արվի ոչ թե անմիջապես 2007թ. համար, այլ այն տարիների համար, երբ որ նախատեսված էր սակագնի նվազեցում: Ինչպես գիտեք, ընկերության առաջարկի եւ կնքված պայմանագրի համաձայն՝ առաջին 3 տարիներին 1 խմ ջրի բազիսային սակագինը պետք է լիներ 172,8 դրամ: Հաջորդ տարի նվազեցում էր կանխատեսվում, հետո էլի նվազեցում՝ մինչեւ 93 դրամ: Այսինքն, այդ 9 դրամը որ առաջարկել է բարձրացնել, ոչ թե հիմա պետք է ավելանա, այլ այն ժամանակ, երբ որ բազիսային սակագնի նվազեցում է անելու՝ 2009թ. հետո: Նպատակը այն է, որ իր ֆինանսական հոսքերը կայունացնի:

– Փաստորեն, ընկերությունը ցանկություն ունի փոխհատուցում ստանալ իր խոստացած նվազեցման դիմաց:

– Չէ, փոխհատուցում չէ: Ջրի սակագինն էլի կիջնի, բայց ոչ այնքան, որքան նախատեսել էր: 9 դրամով պակաս կիջնի: Բայց սա դեռ առաջարկ է: Հանձնաժողովը դեռ չի հաստատել:

– Խոստովանենք, որ բավականին խորամանկ առաջարկություն են ներկայացրել:

– Չէ, այստեղ խորամանկության խնդիր չկա, ընկերության շահը լիովին հասկանալի է: Նպատակն այն է, որ «Երեւան ջուրն» ուզում է ստանալ կանխատեսելի եւ կայուն ֆինանսական հոսքեր: Դրա մեջ ոչ մի ողբերգություն չեմ տեսնում, դա տնտեսագիտության մեջ տրամաբանական է:

– Սակագների բարձրացման առաջարկ անելու համար պատճառ է հանդիսացել ջրի սպառման ծավալների նվազումը: Իսկ դրամի արժեւորումը կամ եվրոյի արժեզրկումը պատճառ չէ՞, որ ջրի սակագինը ոչ թե բարձրացվի, այլ հակառակը՝ իջեցվի: Կամ էլ եվրոյի արժեզրկումից ստացած օգուտներով փոխհատուցվի սպառման ծավալների կրճատման հասցրած վնասը, եթե, իհարկե, դա այդպես է:

– Բնականաբար, մեկ գործոնի ազդեցությունը մյուսով չէր կարող փոխհատուցվել: Դրամ-եվրոյի ճշգրտումը կատարում է այնքանի մասով, որը կբերի սակագնի նվազեցումը 3,8 դրամով, իսկ ջրի սպառման ծավալների ավելացման մասով ազդեցությունը կազմում է 10,7 դրամ: Սղաճը բերում է 2-3 դրամի ավելացման: Սպառման նվազեցումն ավելի շատ է ազդում սակագնի վրա, քան թե դրամ-եվրո հարաբերակցությունը: Բացի այդ, եթե իրականության մեջ նայեք, ընկերությունը եվրոյով ի՞նչ ծախսեր ունի, որ ազդեցությունը մեծ լիներ:

– Իսկ որքա՞ն է կազմում ջրի սպառման կորուստների չափը:

– Սակագնի վերանայման դեպքում կորուստների խնդիրը չի դիտարկվում: Բայց ասեմ, որ սակագնային մեր մեթոդների համաձայն՝ կորուստների մեծությունը սակագնի վրա ուղղակի ազդեցություն չունի: Ընկերության կորուստը իր գրպանին է ազդելու: Կոնկրետ «Երեւան ջուր» ընկերության դեպքում նոր մեթոդ ենք կիրառել, որ ո՛չ կորուստները, ո՛չ հավաքագրումը չազդեն սակագնի վրա: Այս մեթոդը հնարավորություն է տալիս, որ ոչ թե կարգավորող մարմինն ընկնի մատակարար ընկերության հետեւից եւ ստիպի կրճատել կորուստները կամ ավելացնել հավաքագրումը, այլ ընկերությունն՝ ինքը, իր շահերից ելնելով՝ պետք է ամեն ինչ անի, որ իր կորուստները նվազեցնի եւ հավաքագրումն ավելացնի: