Սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ

10/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ «Երեւան» հյուրանոցում Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը եւ Աշոտ Մանուչարյանը նախաձեռնել էին կլոր սեղան` «Հայաստանի ներկա իրողությունների պայմաններում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը» թեմայով: Կլոր սեղանի մասնակիցները (Արտակ Զեյնալյան, Ֆելիքս Թոխյան, Ռուբեն Թորոսյան, Պետրոս Մաքեյան եւ այլք) փորձեցին պատախանել այն հարցերին, թե «Որքանո՞վ է նպատակահարմար հասարակության այսպիսի բեւեռացված ընկալումների պայմաններում ձեռնամուխ լինել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ծրագրին», «Որքանո՞վ է Ազգային անվտանգության տեսանկյունից շահեկան այսօր բարձրացնել Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը», «Այս իշխանությունը` իր ձեւավորման կարգով եւ իր վերաբերյալ եղած հասարակական կասկածով, իրավունք ունի՞ զբաղվելու այդ հարցով», եւ այլն:

Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ նախ պետք է պատասխանել այն հարցին, թե մենք իրոք ուզո՞ւմ ենք ժողովրդավարական երկիր կառուցել, թե՞ «զուտ ձեւ ենք անում, թե ուզում ենք»: Նրա կարծիքով` այսօրվա իշխանությունները «ձեւ են անում» եւ դա անում են «դրսի համար»: Նա կարեւոր համարեց նաեւ այն հարցի պատասխանը, թե «Ի՞նչն է աշխատեցնում Սահմանադրությունը»: Նրա կարծիքով` «Սահմանադրությունն ինքն իր մեջ պետք է պարունակի իրեն աշխատեցնող կետեր»:

Կլոր սեղանի մյուս նախաձեռնող Աշոտ Մանուչարյանի կարծիքով էլ` այսօր Կովկասում ստեղծվել են տարածքներ, որոնցում «բացահայտ կրիմինալ խմբերը բռնազավթել են իշխանությունը, տնտեսությունն ամբողջությամբ կենտրոնացված է մի քանի հոգու ձեռքում, ընտրական համակարգը չի գործում, դատարանները կատարում են այս մարդկանց հանձնարարականները, կուսակցությունների եւ ԶԼՄ-ների մի մասը մտել է այդ կրիմինալի մեջ, կրիմինալը դարձել է չարիք այս ժողովուրդների համար, եւ այս պայմաններում խոսել սահմանադրական փոփոխությունների մասին, անհեթեթ է»: Ի տարբերություն Ա. Մանուչարյանի, սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ «նպատակահարմար է այսօրվա իրավիճակում սահմանադրական փոփոխություններ անել»: Նրա կարծիքով` 1998-ից մինչեւ 2001-ի աշուն սահմանադրական փոփոխությունների գաղափարախոսությունը մեկն էր` ժողովրդավարության հաստատում: Նա կարծում է նաեւ, որ «այսօր իշխանությունները եկել են այն համոզման, որ շատ մեծ շռայլություն է մեծ քայլերով դեպի ժողովրդավարություն գնալը»:

Կլոր սեղանի մեկ այլ մասնակցի` Ռուբեն Թորոսյանի կարծիքով էլ` «ով խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին, նա ասում է, որ 2003-ի ընտրություններն արդար էին»: Նրա կարծիքով` Հայաստանում գործում է ոչ թե սահմանադրական կարգ, այլ` «գավառացիների կարգ»:

Կարծիքներ հնչեցին նաեւ, որ սահմանադրական առաջարկվող փոփոխությունների նախագծերով առաջարկվում է փոխել 100-ից ավելի հոդվածներ, եւ փաստորեն ստացվում է ոչ թե բարեփոխում, այլ բոլորովին նոր Սահմանադրություն:

Բանախոսներից մի քանիսն առաջարկեցին սահմանադրական բարեփոխումների միջոցով ժողովրդին տալ «հանրաքվեի եւ օրենսդրական նախաձեռնությունների իրավունք»:

Կլոր սեղանի մեկ այլ մասնակից` «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը պնդեց, որ «բեւեռացման այս պայմաններում չի կարելի նման փոփոխություններ անել»: Նա դիմեց իշխանություններին. «830.000 «կողմ» ձայն չեք կարող հավաքել: Պետք է նկարեք կամ լցնեք»: Այս տեսակետի հետ շատերն էին համաձայն:

Վերջում կլոր սեղանը վարող Պ. Հայրիկյանը հայտարարեց, որ «սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունն իշխանություններինը չէ: Դա իմ նախաձեռնությունն է: Իրենք մեզնից գողացել են»։ Իսկ Ռ. Թորոսյանը կոչ արեց. «բոլորս դեպի ՀՀ օրենքների կատարում, այլ ոչ թե նրանց ժամանակավրեպ փոփոխում»: