«Ասում էի՝ ոտքերիդ տակն ավլեմ՝ երեխաներիս 2 հացի փող տուր»,- ասում է 47-ամյա Ռոբերտը

10/04/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Այս անգամ հյուրընկալվել էի Ռոբերտենց տանը: Նրանց հրաժեշտ տալիս՝ տխրում եմ: Տխրելուց բացի, ամաչում եմ, որովհետեւ 45-ամյա տղամարդն ինձ հազար անգամ շնորհակալություն է հայտնում իրենց տուն գնալու համար: Ասում է` «Անկեղծ եմ ասում, ինձ համար շատ կարեւոր էր, որ խնդրանքս չմերժեցիք, եկաք մեր տուն ու լսեցիք ինձ: Կարեւոր էր հատկապես նրա համար, որ երկու որդիներս իրենց լավ զգան, հասկանան, որ ամբողջ Հայաստան պետությունն իրենցից երես չի թեքել, դեռ կան մարդիկ, որ իրենցով հետաքրքրվում են, թող հասկանան, որ դեռ ամեն ինչ կորած չի: Եթե նկատեցիք՝ տղաներս ձեզ ճանապարհելիս հպարտությամբ էին նայում շուրջբոլորը, որովհետեւ ուզում էին, որ մարդիկ տեսնեն, որ չնայած աղքատ ենք, բայց մեր տուն ոտք դնող կա: 1000 անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ աղքատ մարդկանցով հետաքրքրվում եք ու վերեւից չեք նայում մեզ»: Ռոբերտը երկու որդիների համար եւ՛ հայր է, եւ՛ մայր: Կինը` Մարիամը, արդեն 10 տարի է, տառապում է հոգեկան հիվանդությամբ: Ռոբերտը հարկ եղած դեպքում՝ լվացք է անում, երեխաների ու կնոջ համար կերակուր է պատրաստում, աման է լվանում, ավլում եւ պատրաստ է անել ամեն ինչ, միայն թե տղաներն իրենց պաշտպանված զգան: Ամսական 25.000 դրամ վճարելով տանտիրոջը` վարձակալությամբ ապրում են Էրեբունի համայնքի Աթոյան փողոցում գտնվող սեփական տան առանձնացված մի սենյակում: Սենյակի մի քանի ամսվա վարձը չվճարելու համար արդեն 120.000 դրամ պարտք են կուտակել, եւ պարզ չէ, թե նրանց վաղվա օրն ինչպես եւ որտեղ կանցնի: Մասնագիտությամբ տեխնիկ-տեխնոլոգ Ռոբերտ Եղիազարյանի բնակարան ստանալու հերթն այդպես էլ չի հասել, քանի որ Սովետական Միության փլուզումից հետո այդ գործընթացը կասեցվել է: Նրանց գորշ սենյակում հիվանդասենյակի նման մահճակալներ են շարված, եւ տպավորությունն այնպիսին է, ասես այդ տանն ապրող մարդիկ միայն քնում են: Ռոբերտի կինն ասում է` «Ինչ էլ ունեինք` վաճառել ենք: Եղել է, որ մի աթոռը 2 հատ հացի հետ ենք փոխանակել: Սեղանը` մի քանի հարյուր դրամով ենք ծախել, որ երեխեքն էդ օրը ուտելու բան ունենան: Էս մահճակալն ու փոքր սեղանն էլ տանտիրոջինն է»: Միակ բանը, որ տանտիրոջինը չէ` բազմոցն է, որը Ռոբերտի ու Մարիամի ամուսնական բազմոցն է: Տղաներից ավագը 16-ամյա Արթուրն է, իսկ Արայիկը սովորում է 8-րդ դասարանում: Արայիկի մոտ ծնողները 5 տարեկանում աննորմալ երեւույթներ են նկատել, իսկ երբ տարել են բժշկի` ախտորոշվել է էպիլեպսիա հիվանդությունը: Տղայի նոպաները տարիքի հետ սկսել են հաճախակիանալ: Իմ այցելության պահին Արայիկն իրենց տան բակում հին մետաղներ էր առանձնացնում: Հարեւաններն անպետք տեխնիկան գցելու փոխարեն տալիս են Արայիկին, որպեսզի քանդի, միջի մետաղը հանձնի եւ իր համար քաղցրեղեն գնի: Էպիլեպսիկ նոպաները մեղմելու համար Արայիկի օգտագործած դեղորայքը շատակերության ազդեցություն են թողնում, եւ տղան սկսել է գիրանալ: «Քաղցր շատ ա սիրում»,- ասում է Ռոբերտը: Նրա կինը պարբերաբար բուժվում է հոգեբուժարանում եւ հիմնականում դեղորայքի ազդեցության տակ է իրեն մի քիչ լավ զգում: Մարիամն ասում է` «Արայիկս ինձ շատ վախացրեց: Առաջին անգամ, որ երեխեն նոպա ունեցավ` շատ վախեցա, ոնց որ ուղեղս խախտվեր: Ա՛յ, էդ օրվանից ես խանգարվեցի, ուղեղս լավ չի: Գլխացավերս սպանում են, անընդհատ ստանոկի դռռոց եմ լսում ու ինձ թվում ա, որ բոլորն էլ լսում են: Ուզում եմ տանեն, պառկացնեն, ձայներ եմ լսում»: Ռոբերտը գլուխը խոնարհում է ու, երբ Մարիամը սենյակից մի պահ հեռանում է` ցավով ասում է` «Ինչքան էլ պատմեմ` չեք պատկերացնի իմ վիճակը: Թշնամուս չեմ ցանկանա, որ իմ ճակատագրին արժանանա: Կինս ժամանակին ինձ այնպիսի արդուկած շալվարներ էր հագցնում, որ բոլորը հիանում էին իր արած գործով: Էսօր սենց դժբախտություն է եղել, ու ես անելանելի վիճակում եմ: Ամեն ինչ ինձ վրա է: Մի կողմից՝ տղայիս ծանր հիվանդությունը, բայց ինքը շատ լավ տղա է, արտակարգ երեխա է, մյուս կողմից էլ՝ կնոջս հիվանդությունը ու մեր էս ծայրահեղ աղքատությունը… Եղել է, որ ցանկացել եմ ինքնասպան լինել, բայց երեխաներիս անտեր թողնելու միտքն է ինձ հետ պահել»: Ռոբերտը վարձակալությամբ մեքենա է վերցրել եւ որպես տաքսի այն վարում է: «Ոչինչ չեմ հասցնում, օրերով երեխեքս սոված են մնում: Պատահում է՝ օրը 1000 դրամ եմ աշխատում, բայց պատահում է, որ մի բան էլ պարտք եմ մնում»,- ասում է նա ու վստահեցնում, որ չորրորդ տարին է, ինչ իրենք Նոր տարի չեն նշում: Ասում է, որ Ամանորին դռները փակում ու լաց են լինում, որովհետեւ ամեն տարի հասկանում են, որ կյանքն էլ ավելի «դժվար ապրելի» է դառնում իրենց համար: «Եթե օրվա հացն ապահովում ենք, ուրեմն էդ օրը մեզ համար Նոր տարի է: Երեխեքս ամեն Նոր տարի նստում-լաց են լինում»,- ասում է Ռոբերտը, ում որդին` Արթուրը, բենզալցակայանում է աշխատում եւ 4 օրը մեկ հերթափոխով աշխատելով՝ 2000 դրամ է ստանում: Հարցնում եմ` «Ո՞նց ես»: Ասում է` «Եսիմ, ուզում եմ բանակ գնամ»:

Շիզոֆրենիայով տառապող 2-րդ կարգի հաշմանդամ Մարիամի թոշակը 6000 դրամ է, իսկ մանկուց հաշմանդամ, էպիլեպսիկ Արայիկի թոշակը` 5000 դրամ: 47-ամյա Ռոբերտը պարբերաբար ներողություն է խնդրում, որ իրեն թույլ է տալիս այդքան անկեղծանալ ու, երբ խոսում է իր սոցիալական դժվարություններից` ջղաձգվում, կարմրում է ու ուզում է լաց լինել, բայց զսպում է: Ասում է, եթե էդ մեկն էլ իրեն թույլ տա` շատ կթուլանա: Պատահել է, երբ Մարիամը հոգեբուժարանում է եղել, սակայն ամուսինը տրանսպորտի փող չի ունեցել եւ որդիների հետ ոտքով է գնացել կնոջը տեսակցության: «Կոշիկ էլ չունեի, ասում էի` ինձ գցելու, հին կոշիկ տվեք` հասնեմ հիվանդանոց»,- պատմում է նա: Իր արժանապատվությունն ու ինքնասիրությունն էլ է ստիպված մի կողմ դրել: Գիշերները չի քնել, նստել, մտածել է ու իր վիճակը նկարագրող բառեր է փնտրել, որպեսզի նամակ-դիմումներում կարողանա նկարագրել իր ընտանիքի անօգնական վիճակը: Բոլոր մեծահարուստներին ու պետական մարմիններին դիմումներ է ուղարկել, խնդրել է մի փոքրիկ հողակտոր կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, սակայն բոլորի կողմից մերժվել է: Ասում է, որ երբեք չի մոռանա, թե ինչպես է մի անգամ անճարությունից գնացել մի մեծահարուստի տուն, ով նաեւ պատգամավոր է. «Ես սենց լրիվ հուսահատված, որպես մարդ լրիվ կոտրված՝ գնացի ու էդ մեծահարուստին կանգնել խնդրում եմ, ասում եմ` ինձ գործ տուր, երեխեքս սովից մեռնում են, կինս հիվանդանոցում պառկած է: Ասում է` չունեմ: Ասում եմ` ես քեզ աղաչում եմ` գամ էս տանդ դիմացը ավլեմ` դու ինձ օրը 2 հացի փող տուր: Ասում է` չունեմ: Ասում եմ` ոտքիդ տակը առավոտից իրիկուն կմաքրեմ, կավլեմ, մենակ 2 հացի փող եմ ուզում: Չունեմ եւ վերջ»: Ռոբերտը վստահեցնում է, որ պետական բոլոր գերատեսչություններում իր անուն-ազգանունը ճանաչում են, որովհետեւ եղել է, որ անպատասխան նամակներին հաջորդել են նոր նամակները: «Մեր մեծահարուստները հիմա իրենց շների համար քոլիկների փոխարեն տուն են կառուցում ու կիլոներով մսով են կերակրում: Մտածում եմ, ասում եմ` լա՛վ, մարդն էս ի՞նչ ա դառել, որ շների համար էդքան փող են ծախսում, իսկ ես իմ ընտանիքով մի շան քոլիկ էլ չունեմ ու օրերով ցամաք հաց էլ չենք ճարում: Ինչի՞ են մարդիկ էսքան անտարբեր դարձել, սոված երեխուն ձեռք չեն մեկնում, իսկ շներին ճոխ պահում են»,- բարկությունից շնչակտուր լինելով ասում է Ռոբերտը, ով պատրաստ է օգնել ցանկացած մեկին, ով օգնության կարիք ունի, որովհետեւ հասկանում է նեղն ընկած մարդու հոգեվիճակը: Ռոբերտն ասում է, որ 100 անգամ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի անունով նամակ է գրել, բայց չի համարձակվել այն ուղարկել. «Մտածում եմ, որ Բելլա Քոչարյանը մայր է, կին է, կհասկանա իմ երեխաների վիճակը: Մայրն ուրիշ է, էլի, հիմա ես իմ տղամարդ հալով ինչքան էլ բացատրեմ, ինձ չեք հասկանա: Գիտեի, որ ոնց էլ նամակը տամ կամ ում էլ տամ, մեկ է՝ իրեն չի հասնելու: Ասում էի` մի օր մի տեղ հանդիպում կունենա` չեմ նայի ախրանային, թեկուզ տան-սպանեն` մենակ նամակը տամ, բայց չարեցի, նամակները տունը գցած է»: Ռոբերտը խոսում-խոսում է, ու ինչքան խոսում է, այնքան տխրում եմ, ու ինչքան ուժ է գտնում խոսելու, թոթափվելու համար, այնքան ուրախանում եմ, որովհետեւ նա խոսելու, կիսվելու կարիք ունի: Ասում է, որ, եթե անգամ չկարողանանք իր ընտանիքին նյութական աջակցություն ցուցաբերել՝ հոգ չէ, որովհետեւ` «Մարդկային ուշադրությունը, որ մեզնով հետաքրքրվեցիք, ավելին է ցանկացած բանից: Էն, որ էսքան տարվա իմ մենակության մեջ ես էսօր կիսվեցի, խոսեցի` իմ համար մի մեծ աշխարհ է»,- ասում է նա, ում լսելով զարմանում ես, թե ինչքան ուժեղ է այս մարդը ու դեռ ինչքան դժվարություններ կարող է հաղթահարել իր կամքի ուժով: