Հերիք է աչքաչափով հաշվեն

08/04/2007 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

«Արդյունավետ քաղաքականություն եւ հետազոտություններ» հասարակական կազմակերպությունը զբաղվում է հայտնի «Exit Poll»-ով` ելքային հարցումներով: Այս կազմակերպությունը ստեղծվել է 2005թ. Սահմանադրական հանրաքվեից մի քանի ամիս առաջ, եւ իր կողմից իրականացված առաջին լուրջ «Exit Poll»-ը եղել է հենց հանրաքվեն: Այժմ այս կազմակերպությունը պատրաստվում է իր երկրորդ` լուրջ ելքային հարցմանը: Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդյունավետ քաղաքականություն եւ հետազոտություններ» հասարակական կազմակերպության անդամները, ըստ կազմակերպության նախագահ Համազասպ Դանիելյանի, կլինեն հանրապետության 41 ընտրատարածքներում եւ քվեարկությունից դուրս եկած քաղաքացիներից կհետաքրքրվեն, թե նրանք համամասնական ընտրակարգով ներկայացված քաղաքական ուժերից որին են տվել իրենց ձայնը: ԱՄՆ-ում եւ այլ երկրներում «Exit Poll»-ը համարվում է հասարակության կողմից ձեւավորված, այսպես ասած, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը հաշվառում է, թե որ տեղամասում որ ուժը քանի տոկոս ձայն է հավաքել: Ի տարբերություն ԿԸՀ-ի, որը նման տեղեկատվության տիրապետում է ընտրատեղամասերը փակվելուց հետո, «Exit Poll»-ն այն ստանում է անմիջապես քվեարկությունից հետո: Հիշեցնենք, որ հենց այս ելքային հարցման արդյունքում է Ուկրաինայում տեղի ունեցել «նարնջագույն» կոչվող հեղափոխությունը:

– Քանի որ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ձեր կազմակերպությունն արդեն իրականացրել է նույն ելքային հարցումը, կարո՞ղ եք ասել, թե ձեր ունեցած արդյունքները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

– «Exit Poll»-ը Հայաստանում նորություն է, եւ քաղաքացիների (նույնիսկ քաղաքականությամբ հետաքրքրվող) մեծամասնությունը շատ մոտավոր պատկերացումներ ունի, թե ինչ է «Exit Poll»-ը եւ ինչ նպատակներ է այն հետապնդում: Դրա համար իսկապես շատ կարեւոր է, որ մարդիկ նախ իմանան, թե սա ինչ է: Մենք առաջիկայում կպատրաստենք տեսահոլովակներ, որոնք նախքան ընտրությունները հեռուստաընկերություններով կցուցադրվեն: Սա շատ կարեւոր է, որովհետեւ «Exit Poll»-ի առանցքում ընկած է հենց քաղաքացիների համագործակցությունը մեզ հետ: Այլապես անիմաստ է «Exit Poll»-ը: Այո, Հայաստանում այն մի քիչ ռիսկային է. քանի որ այն նոր բան է Հայաստանում, միգուցե քաղաքացիները մեզ չվստահեն, մանավանդ, որ այսօր իրավիճակը բավականին լարված է: Բացի այդ, մեր հանրապետությունը փոքր է, եւ շատ հնարավոր է, մարդիկ ոչ այնքան անկեղծ պատասխանեն: Այս ռիսկայնությունն էլ կա: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Exit Poll»-ը շատ քիչ մարդկանց շրջանակում է իրականացվել: Հիմա մենք երկու անգամ մեծ ընտրանք` մարդկային ռեսուրս ենք վերցնելու, իսկ որքան մեծ է ընտրանքը, այնքան մեծ է արդյունքների ճշտության հավանականությունը: Այս ընտրություններում մենք միայն համամասնական ընտրակարգի վերաբերյալ ենք «Exit Poll» իրականացնելու: Մեծամասնականի «Exit Poll» չենք անելու: Հանրաքվեի մեր տվյալները հուսադրող էին, որովհետեւ մեր տվյալները շատ չէին տարբերվում պաշտոնականից: Այլ հարց է, որ պաշտոնական տվյալների վերաբերյալ տարբեր քաղաքական ուժերի կողմից բավական վիճելի տեսակետներ հնչեցին: Մեր ելքային հարցման տվյալների եւ պաշտոնական տվյալների տարբերությունը 4 տոկոս էր կազմում, բայց մեզ մոտ իրավիճակն այլ էր, որովհետեւ քաղաքացիների հիմնական մասը հրաժարվել էր պատասխանել մեր հարցմանը, իսկ մենք իրավունք չունենք նրանց ստիպել պատասխանել, որովհետեւ դա իր իրավունքն է: Եթե անգամ մենք կարողանայինք ինչ-որ կերպ նրանցից պատասխան կորզել, ապա դա ազդելու էր մեր տվյալների ճշտության վրա, որովհետեւ եթե մարդն ինչ-ինչ պատճառներով չի ուզում պատասխանել, ապա միեւնույն է` համոզելու դեպքում նա մեզ ուրիշ պատասխան է տալու: Դրա համար մենք նման բան չենք արել եւ չենք անելու: Այս ընտրություններին ավելի բարդ է լինելու «Exit Poll» իրականացնել, քան հանրաքվեն էր, որի դեպքում միայն` այո կամ ոչ էր: Իսկ այս ընտրություններին 25 քաղաքական ուժ է մասնակցելու: Հանրաքվեի դեպքում հաշվում էինք` այո-ն ու ոչ-ը, իսկ այս ընտրությունների պարագայում մենք ունենք 5 տոկոսի արգելապատնեշը, եւ 1 տոկոսի տարբերությունն անգամ կարող է լուրջ լինել: Դրա համար մենք ընտրանքը մեծացնում ենք: Շատ կարեւոր է, թե ընտրատեղամասից դուրս եկած քաղաքացին որքանով անկեղծ կլինի: Դրա համար մեր առջեւ իսկապես շատ լուրջ խնդիր է դրված: Սա շատ ավելի լուրջ նախագիծ է, մեծ են նաեւ ռիսկերը եւ շատ համարձակ պետք է լինել, որպեսզի այս ընտրությունները հնարավոր լինի կանխատեսել «Exit Poll»-ի միջոցով:

– Ասացիք` մեծ պատասխանատվություն է դրված ձեզ վրա: Ո՞վ է դրել նման պատասխանատվություն ձեզ վրա:

– Ինձ վրա ոչ ոք պատասխանատվություն չի դրել: Խոսքը կազմակերպության մասին է: Յուրաքանչյուրն ինչ-որ գործ անելիս ուզում է պրոֆեսիոնալ անել, որպեսզի թատրոնի չվերածվի այն:

– Վերջին անգամ որտե՞ղ է անցկացվել «Exit Poll»-ը, եթե չեմ սխալվում՝ այն ամերիկյան ծագում ունի:

– Այո, այն առաջին անգամ կիրառվել է 1967-ին, ԱՄՆ-ում: 1972-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ է կիրառվել եւ շատ արագ տարածվել է աշխարհում: Մեր հարեւան երկրներից եւ՛ Ռուսաստանում է անցկացվել, եւ՛ Ուկրաինայում: Ադրբեջանում եւ Վրաստանում էլ է այն անցկացվել: Այսինքն` մենք այդ առումով մեկ քայլ հետ ենք մնացել, այլ բան է, թե ինչպես են անցկացվել, որովհետեւ նույն Ադրբեջանում «Exit Poll»-ը պաշտոնական տվյալների համեմատ 10 տոկոսից ավելի տարբերություն է ունեցել: Ուկրաինայում «Exit Poll»-ի եւ պաշտոնական տվյալների տարբերության վրա եղավ հեղափոխությունը, մարդիկ լսեցին, որ իրենց մոտ մարդիկ հարցում են արել, տեսել են, որ այլ արդյունք է, ու գնացին վրաններ տեղադրեցին: Հիմա դա լավ է, թե վատ, չեմ կարող ասել, ոչ էլ ուզում եմ ասել, թե մենք նման հեռահար նպատակ ունենք: Ամենեւին էլ` ոչ, պարզապես ուզում եմ ասել, որ բացի նմանատիպ դեպքերից՝ «Exit Poll»-ի նշանակությունը մի քանի ժամից մինչեւ մեկ-երկու օր է: Անգամ զարգացող երկրների մեծամասնությունը, ովքեր ջանք են գործադրում ժողովրդավարական դառնալ, «Exit Poll»-ը պարտադիր կիրառում են ընտրությունների ընթացքում:

– Այն, որ հանրաքվեի ժամանակ ունեցած ձեր տվյալները պաշտոնականից տարբերվել են չնչին տոկոսով, իսկ հասարակությունը հակված է այն կարծիքին, որ պաշտոնական թիվը բավական հեռու է իրականից, չի՞ մտահոգում ձեզ: Մտավախություն չունե՞ք, որ ժողովրդի մոտ անվստահելի կազմակերպության համբավ կունենաք:

– Մեզ մոտ, ինչպես ասացի, բավական մեծ է եղել պատասխաններից հրաժարվողների թիվը: Եթե դրանք այն մարդիկ են, ովքեր ինչ-ինչ պատճառներով վախեցել են «ոչ» ասել, եւ այն մարդիկ, ովքեր «դուխով» «այո» են ասել, պարզ է, որ այդ տարբերության վրա ազդել է: Կարեւորը քաղաքացիների անկեղծությունն է: Այլընտրանքային տվյալներ չկան. միգուցե տարբերությունը մեծ է, բայց ոչ ոք չի կարող ինձ փաստերով ասել, թե 2000 հոգու շրջանում հարցում ենք արել, 90 տոկոսն ասել է՝ «ոչ», եւ 10 տոկոսն է ասել՝ «այո»:

– Կոպիտ ասած, ձեր կազմակերպությունն այլընտրանքային ԿԸՀ է: Հնարավո՞ր է` ընտրությունների օրը դուք պարբերաբար հրապարակեք, թե որ քաղաքական ուժը քանի ձայն ունի տվյալ պահին:

– Ինչ-որ առումով` այո, ԿԸՀ-ին նման ենք, որովհետեւ ինչ-որ ֆունկցիա մեզ մոտ կրկնվում է` կապված տվյալների հրապարակման հետ: Իսկ ինչ վերաբերում է տվյալներ հրապարակելուն, ապա Ընտրական օրենսգրքով արգելվում է ընտրությունների ընթացքում նման տվյալ հրապարակելը: Որովհետեւ «Exit Poll» կարող է անել նաեւ ոչ անկողմնակալ կառույց, եւ նրանք կարող ենք հայտարարել, թե արդեն այսինչ ուժն ունի 50 տոկոս ձայն, ինչը կարող է ազդել քաղաքացիների կողմնորոշումների վրա: Եթե ասեն` այսինչ ուժը մեկ տոկոսի ձայն ունի, ապա քիչ հավանական է, որ այդ կուսակցությանը ձայն տվողը ջանք կթափի, տնից դուրս կգա ու կգնա քվեարկելու: Միջազգային պրակտիկայում դա արգելվում է: 20:01-ին, երբ կփակվեն ընտրական տեղամասերը, մենք արդեն կկարողանանք հայտարարել մեր ունեցած տվյալները: Այդ ժամանակ դեռ ոչ մի տեղամաս տվյալ չի ունենա, իսկ մենք կհրապարակենք դա:

– Բոլոր տեղամասերո՞ւմ եք լինելու:

– Լինելու ենք 41 ընտրատարածքներում: Բոլոր տեղամասերում չենք հասցնի լինել: Եթե մի ընտրատարածքում լինի 10 տեղամաս, մենք կլինենք, ասենք, երեքում: Վերջնական դեռ չենք որոշել:

– Մարդկային ռեսուրսի բացակայության պատճառով հնարավո՞ր է քաղաքական ուժերից էլ մարդիկ ներգրավեք ձեր «Exit Poll»-ում:

– Ոչ, մեզ մոտ շատ կարեւոր է անկուսակցական լինելը: Անկողմնակալությունը մեզ համար շատ կարեւոր է: Մեր թիրախային խումբը կազմվելու է պատրաստակամ սոցիոլոգներից կամ հարակից գիտությունների ուսանողներից: Ի վերջո, շատ կարեւոր է, թե ինչ արդյունքներ է ունենալու այս քվեարկությունը, եւ թե մեր հարցման արդյունքներն ինչքանով են տարբերվելու ԿԸՀ հրապարակած տվյալներից, որը շատ ավելի ուշ է լինելու: Ու այդ մարդիկ պետք է նաեւ շահագրգռված լինեն արդար եւ թափանցիկ արդյունքներ վեր հանելուն, եւ քաղաքացիներին բացատրելու, թե ինչ նպատակ ենք հետապնդում իրականացնել:

– Մինչ ընտրությունները ինչ-որ հարցում իրականացրե՞լ եք քաղաքացիների շրջանում, թե՞ դուք միայն «Exit Poll» եք անում:

– «Exit Poll»-ը, ճիշտ է, պատկանում է հանրային կարծիքի հարցման ընտանիքին, բայց ունի իր առանձնահատկությունը, որովհետեւ մենք հարցում ենք անցկացնում արդեն քվեարկությունից դուրս եկած քաղաքացիների շրջանում: Բացի այդ, այս փուլում տարբեր կազմակերպություններ եւ՛ կողմնակալ, եւ՛ անկողմնակալ, եւ՛ նկարողներ, այնքան են իրենց հարցումներով հոգնեցրել քաղաքացիներին, որ եթե նույնիսկ մենք նման ակցիա էլ անեինք` մեզ ոչինչ չէր տալու: Մեր նպատակը ելքային հարցումն է:

– Այսօր Հայաստանում սոցիոլոգներին եւ նման ուսումնասիրություն իրականացնողներին, մեղմ ասած, չեն վստահում: Մեկին անվանում են` «ծախված», մյուսին` նկարող, մտավախություն չունե՞ք, որ արդյունքները հրապարակելուց հետո ձեզ էլ այդ պիտակներից մեկը կկպցնեն:

– Խնդիրն այն է, որ մեր այս առումով էլ է մեր նախաձեռնությունը ռիսկային: Ես չեմ կարող կանխատեսել ելքը, մեր կանխատեսումները մենք կարող ենք ասել ընտրություններից հետո: Մենք նաեւ պատրաստ ենք նման հարձակումներին. հայ իրականությունը ցույց է տալիս, որ վերջին ընտրություններից հետո քաղաքական այնպիսի ուժ չի եղել, որը կասկածի տակ չդնի արդյունքները: Մենք մասնագիտորեն իրականացնելու ենք մեր աշխատանքը, որը մյուս երկրներում հաջողություն է ունեցել: Ես հավատում եմ, որ այն մեզ հաջողվելու է, բայց եթե անգամ չհաջողվի, ապա ինչ-որ մի օր պետք է Հայաստանում սկսել «Exit Poll»-ը: Ինչ-որ մի օր մեր քաղաքական ուժերը պետք է սովորեն, որ միայն աչքաչափով հաշվելով չի որոշվում, թե իրենց ինչքան են ձայն տվել: Այսինքն` պետք չէ ասել, ես այստեղ հանրահավաք եմ անցկացրել, եղել է 15.000 մարդ, կամ այսքանը խոսք է տվել, որ ինձ է ընտրելու, ուրեմն` ես այս քաղաքից 15.000 ձայն ունեմ: Մեզ համար կարեւորն ընտրությունների տվյալները հնարավորինս ճշգրիտ իմանալն է, որպեսզի հենց նույն ԿԸՀ-ն չկարողանա մանիպուլյացիաների դիմել: Մերն ընդունված, կիրառելի մեթոդ է: Թող կուսակցություններն էլ նույնն անեն ու կանխատեսեն արդյունքները: Այնպես որ` ինչ-որ ուժեր միշտ դժգոհ են լինելու: Հիմա ուշադիր եղեք, թե ինչ է կատարվում կուսակցությունների անդամների թվերի մեջ: Յուրաքանչյուր կուսակցություն հայտարարում է, թե ինքն այսքան թվով անդամ ունի: Երբ այդ թվերը գումարում ենք, տեսնում ենք, որ Հայաստանում այդքան թվով չափահաս քաղաքացի չկա: Այնպես որ` մենք գիտենք, որ ինչ-որ խմբի կողմից քարկոծվելու ենք, որովհետեւ մեր իրական արդյունքները ոչ բոլորին են բավարարելու: Բայց դա իրենց գործն է, որովհետեւ մենք խղճով ու պատասխանատվությամբ ենք գործ անելու:

Հ.Գ. Այս պահին «Exit Poll»-ով զբաղվող միակ կազմակերպությունը Հայաստանում «Արդյունավետ քաղաքականություն եւ հետազոտություններ» հասարակական կազմակերպությունն է: