Այդ քաղցր բառը՝ ազատություն

08/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

Միջազգային ելքի իրավունքի եւ ֆիքսված կապի (հեռախոսակապի) մենաշնորհի պայմաններում հեռահաղորդակցման ենթակառուցվածքները Հայաստանում ԱՊՀ երկրների համեմատ դանդաղ էին զարգանում:

Խիստ սահմանափակված այս ոլորտը ներդրումների համար հրապուրիչ չէր դիտարկվում, ինչն էլ հնարավորություն չէր տալիս տվյալների տեղափոխման ծառայությունների մատուցման համար կիրառել կապի ժամանակակից միջոցներ: Իրավիճակն այսօր էլ նույնն է, քանի որ միջազգային ելքի մենաշնորհի իրավունքը վերացվել է միայն 2007-ի փետրվարին, իսկ ֆիքսված կապի պարագայում մենաշնորհը դեռ գործում է, ինչն էլ իր հերթին՝ հանրապետության ամբողջ տարածքով, տվյալների տեղափոխման առումով, որոշակի խնդիրներ է առաջացնում:

Բոլոր դեպքերում շուկան ազատականացվել է, եւ մի շարք լիցենզավորված ընկերություններ ներքին շուկայի համար լուրջ մրցակցության են նախապատրաստվում: Սակայն մինչ ընկերությունները ծառայություններ մատուցելու հայտ կներկայացնեն, դեռ պետք է պետական կարգավորողի կողմից որոշակի ընթացակարգ անցնեն, որին կանդրադառնանք առաջիկայում:

Մեր հարցին, թե՝ «ո՞վ եւ ի՞նչ հնարավորություններ ունի» պատասխանեց «Արմինկո» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը։ Նրա գնահատմամբ, «ԱրմենՏելի» ցանցն ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքը: Ցանցի մի մասը կազմում է օպտիկամալուխային համակարգը, որը, համաձայն 1988-ի պաշտոնական տեղեկատվության, անցնում է հանրապետության 25 կենտրոնական շրջաններով: Հանրապետության մնացած 23 շրջաններն օպտիկամալուխային ցանցին միանում են թվային եւ անալոգ գծերով` պղնձային մալուխի կամ ռադիոկապի շնորհիվ: Թվային գծերի թողունակությունը բավարար է 2 մեգաբիտ վայրկյան արագությամբ տվյալների փոխանակման համար: Սակայն պղնձալարերի կամ ռադիո ենթակառուցվածքների պարագայում նրանց հնարավորությունները խիստ սահմանափակ են, ուստի այդ գծերի վարձակալումն իրականում անիմաստ է: Ընդունված նորմերի համաձայն, անալոգային գծերը թույլ են տալիս ինֆորմացիան ստանալ 28 կբիտ-վրկ արագությամբ, իսկ 50-ականներին տեղադրված «ԱրմենՏելի» գծի արագությունը կազմում է 14,4 կբիտ-վրկ: 2006-ին «ԱրմենՏելը» սկսել է CDN համակարգի ներդրումը, սակայն այստեղ էլ մոդեմի ցածր թողունակության խնդիր կա: Հայաստանի մարզերից «ԱրմենՏելի» ցանցին անլար միացման հնարավորությունը կազմում է 20 կբիտ-վրկ: Այս ծառայության րոպեավճարն արժե 20 դրամ: Իսկ 24 աշխատանքային օրվա ընթացքում, 8-ժամյա աշխատանքային օրվա հաշվարկով, գինը կազմում է 700-1000 ԱՄՆ դոլար` մեկ բաժանորդի համար: Մի խոսքով, ինչպես հասկացաք, գնային առումով կապի այս տեսակն արդարացված չէ: Մրցակցության երկրորդ տեղում «Ֆայբերնետն» է, որը թեպետ ունի սեփական օպտիկամալուխային գիծը, սակայն չունի սեփական ենթակառուցվածքները: «Ֆայբերնետը» կամ պետք է կառուցի իր սեփական ենթակառուցվածքները, կամ էլ վարձակալի «ԱրմենՏելից»: Այստեղ էլ խնդիրը բարդանում է, քանի որ «ԱրմենՏելը» երբեմն գծի մեջ վարձակալության համար ազատ «զույգ» չի ունենում:

«Հայաստանի հեռահաղորդակցության ցանցեր» ՓԲԸ-ն նույնպես փակում է Հայաստանի ողջ տարածքը: Սակայն այս ընկերությունը թվային եղանակով տվյալների փոխանակման նպատակով իր սարքավորումները դեռեւս չի շահագործում: Բացի այս էլ՝ այստեղ նման կարգի ծառայությունների մատուցման համար համապատասխան թույլտվություն եւ վերազինում է անհրաժեշտ: Արբանյակային կապի պարագայում Հայաստանն ունի մոտ 10 արբանյակից օգտվելու հնարավորություն: Այս ծառայության գինն էլ կախված է մի շարք պարամետրերից` ալեհավաքի չափից, ծառայության փաթեթից եւ այլն: Հայաստանի օպերատորների համար լավագույն տարբերակ է համարվում նորվեգական արբանյակային կապի օպերատոր «Telenor» ընկերության տրամադրած ծառայություններից օգտվելը: «Արմինկո» ընկերության տեխնիկական բաժնի տնօրենի գնահատմամբ, «Արմինկոն» ունի մոտ 100կմ 1 գբիտ-վրկ արագությամբ կապուղի, եւ ցանցին միացումը կատարվում է օպտիկամալուխային եւ ռադիոկապի շնորհիվ: Մեկ այլ մրցակից` ADC ընկերությունն արդեն սկսել է օպտիկամալուխային ցանցի կառուցումը եւ որոշակի ծառայություններ է մատուցում, սակայն ցանցի զինվածության մասին տեղեկատվություն չկա: «ՎԵԲ» ընկերությունը նույնպես պաշտոնական տեղեկատվություն իր ցանցի զինվածության մասին չի հրապարակել: «Կորնետ» ընկերությունը, որը ներկայումս համարվում է բանկային համակարգի մատակարարը, աշխատում է անլար տեխնոլոգիաներով, եւ գծի թողունակությունը կազմում է 10 մբիտ-վրկ: Անլար տեխնոլոգիաներով է աշխատում նաեւ «Քսալտ» ընկերությունը:

Բաժանորդները թերեւս կողմնորոշվեցին, թե որ ընկերությունների վրա կարող են հույս դնել, սակայն տեղական օպերատորների համար ծանր ժամանակներ են սկսվում: Շուկան կկարգավորի ինտերնետ կոչվող ապրանքի գինը, իսկ օպերատորներին մնում է հաշվարկել իրենց ապրանքի ինքնարժեքն ու ներկայացնել պետական կարգավորող մարմիններին: Այս գործընթացի համար դեռ 6 ամիս ժամանակ կա: Իսկ մինչ այդ մենք կշարունակենք ընթերցողներին ներկայացնել մյուս ընկերությունների գնահատականն իրենց մրցակիցների ունեցած հնարավորությունների մասին: