«Հեղափոխությունը վերեւից ավելի էֆեկտիվ կլինի»

10/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

– Պարոն Կարապետյան, վերջերս շատ է խոսվում հեղափոխության համար անհրաժեշտ «կրիտիկական մասսայի» մասին: Ի՞նչ է դա: Պարզապես մարդկանց որոշակի քանա՞կ:

– Մեր պատկերացմամբ` «կրիտիկական մասսա» գաղափարը մարդկանց այն քանակությունն է, որն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը հասկանա, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ ինքը կարող է տեր կանգնել իր իրավունքներին: 48 միլիոնանոց Ուկրաինայում «կրիտիկական մասսան» 300.000-ը դարձավ: «Կրիտիկական մասսան» ամբողջ հասարակությունը չէ: Մեզ մոտ թյուր կարծիք կա. բոլորին թվում է, թե հասարակությունն ամբողջությամբ պետք է ակտիվանա, այսինքն` 2 միլիոնն էլ բարձրանան, գնան կանգնեն մի տեղ: «Կրիտիկական մասսան» այն մասսան է, որից հետո թե՛ հասարակության մեջ, թե՛ իշխանության շրջանակներում սկսում են հասկանալ, որ պայքարել այդ իղձերի դեմ դառնում է անիմաստ, այսինքն` պետք է քաղաքական լուծում գտնել:

– Ուկրաինայի համար 300.000-ը դարձավ «կրիտիկական մասսա»: Հայաստանի համար դա ի՞նչ թիվ է կազմում:

– Մեր կարծիքով` Հայաստանի համար 50-100.000-ի միջակայքում ընկած յուրաքանչյուր թիվ արդեն կրիտիկական է գործողությունները թելադրելու համար, այսինքն` ցույց տալու համար, որ իշխանությունը պետք է քաղաքական երկխոսություն սկսի:

– Այսինքն` 2003-ի ընտրություններից հետո երկրում կա՞ր կրիտիկական մասսա:

– Իհարկե:

– Այդ դեպքում ինչո՞ւ չհաջողվեց այն ժամանակ հեղափոխություն իրականացնել:

– Խանգարեցին երեք շատ կարեւոր հանգամանքներ: Մեկ. չկար կազմակերպված ուժ, որը շարժումը կպահեր այնքան ժամանակ, ինչքան պետք է, որովհետեւ «կրիտիկական մասսան» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Այն ժամանակ կային անհատ մարդիկ, բայց հեղափոխական թավշյա գործընթացներ անելուն լիովին պատրաստված ուժեր չկային: Ես սա ասում եմ` որպես ականատես: Երկու. Հայաստանում հասարակությունը մինչեւ վերջ պատրաստ չէր թավշյա փոփոխությունների, որովհետեւ չկային ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Վրաստանի փորձը: Մեր իշխանության բախտն այդ առումով շատ բերեց: 3-րդ խնդիրն այն մարդկանց խումբն էր, որոնք պետք է գլխավորեին այդ շարժումը (այդ թվում` եւ ես): Խանգարում էին որոշների կամային հատկությունները, որոշները չունեին անհրաժեշտ բազիս, որոշները կարծում էին, որ միայն կանգնելը հերիք է: Ինչ-որ տեղ խանգարում էր նաեւ ֆինանսավորման պակասը, որովհետեւ ես չեմ հիշում, որ մենք այն ժամանակ հնարավորություն ունենայինք բազմաքանակ թռուցիկներ տարածել, կառույցներ ստեղծել, որոնք վերահսկեին միտինգավորների գործունեությունը: Այն ժամանակ տեխնոլոգիապես պատրաստ չէինք թե՛ որպես լիդերներ, թե՛ որպես ուժ:

– Դուք բացառո՞ւմ եք ապրիլի 12 լույս 13-ի դեպքերի կրկնությունը:

– Հայաստանում ոչինչ բացառել հնարավոր չէ: Ամեն անգամ նման դեպքերի կրկնությամբ Հայաստանը որպես երկիր դրվում է շատ մեծ հարվածի տակ: Հայաստանի իշխանությունը կատարված գործընթացներից հետեւություններ չի անում: Գնալով իրավիճակը շատ վատթարանում է: Բավականաչափ ծանր կացություն է ստեղծվում արտաքին եւ ներքաղաքական զարգացումների մեջ («Տէց-ի կռուգներ» եւ այլն): Եվ մեզ ասում են` ապրիլի 12 կլինի: Ուզում է` 24 լինի, 28 լինի: Դրանից հետեւություններ կանի՞ իշխանությունը:

Ինչպես գիտեք, մենք ապրիլին պաշտոնապես չմիացանք շարժմանը եւ ճիշտ դուրս եկանք` շարժումը չհաղթեց:

– Գուցե, եթե միանայիք, հաղթե՞ր:

– Ոչ: Մենք հստակ ասում ենք եւ պոռոտախոս չենք: Մենք էլ միանայինք, շարժումն այն ժամանակ չէր հաղթելու: Մեր հաշվարկները դա ցույց էին տալիս:

– Եթե այսօր նախագահը լուծարի ԱԺ-ն, ազգային հեղափոխության գործընթացը դադարեցվելո՞ւ է:

– Ազգային հեղափոխության գործընթացը կանգնեցնելն անհնար է: Դա նպատակաուղղված է լինելու այնպիսի փոփոխությունների, որ Հայաստանը դառնա ուժեղ ռեգիոնալ երկիր: «Հեղափոխություն վերեւից» տարբերակն իմ կարծիքով կլինի ավելի էֆեկտիվ, առանց ցնցումների:
– Ի՞նչն է խանգարում ընդդիմադիր բոլոր ուժերին միավորվել:

– Որեւէ մեկը չի ասում, թե ինչ-որ բան խանգարում է: Դա կոնսուլտացիաների խնդիր է: Մենք նայելու ենք, թե շարժումն ինչն է ուժեղացնելու: Ես միշտ դեմ եմ եղել մեխանիկորեն միացմանը: Ուկրաինայում միացան չորս ուժեր, Վրաստանում` երեք, այսինքն` մեխանիկական միացությունը դեռ ոչ մի անգամ չի բերել հեղափոխության: Պետք է միշտ նայել, թե պրոցեսը որ ուժերը եւ ինչով կարող են ուժեղացնել: Դրա համար մենք հիմա հանդիպումներ ենք ունենում` Վազգեն Մանուկյան, Հովհաննես Հովհաննիսյան, Աշոտ Մանուչարյան, շուտով հանդիպումներ կլինեն «Հանրապետություն» կուսակցության լիդերների հետ: Մենք շարունակում ենք մարդկանց հետ զրուցել, փորձել գտնել ընդհանուր եզրեր, ամենակարեւորը, հասկանալով, որ դա մեխանիկական միացություն չէ: Ես ինքս եմ առաջինը ասել` ամբիցիաները մի կողմ են դրվում: Մենք չենք դնում այս խնդիրը, չենք դնում նաեւ գեոքաղաքական խնդիրը, որովհետեւ աշխարհում այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ գեոքաղաքական խնդիրների հարցը շուտով դուրս կգա: