Պատվիրան տասներորդի պրիմ

08/04/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թվում է` Ավետարանն` իր տասը պատվիրաններով, օրենսդրական ողջ փաթեթը բավարար են կանոնավորելու մարդկային փոխհարաբերությունները: Այսինքն` որպեսզի մարդը, հատկապես, եթե նա նաեւ չինովնիկ է կամ պատգամավորության թեկնածու, չխաբի, չգողանա, ընտրակեղծիքներ չանի, բավական է ծանոթանա Ավետարանի պատգամներին, ծայրահեղ դեպքում` ՀՀ օրենսդրությանը, եւ վերջ: Սակայն քանի որ Բարձրյալն անտեսանելի է, իսկ Աղվան Հովսեփյանը` հեռու, հատկապես ընտրություններից առաջ մարդկային անառողջ բնազդները կարգավորող թարմ նորմերի անհրաժեշտություն է առաջանում: Տակավին 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նման փորձ արեց ՀՅԴ-ն. նախագահական ընտրությունների գլոբալ ընտրակեղծիքներից ուշքի չեկած հասարակությանը դաշնակցականները փորձեցին ներկայանալ որպես կատարվածից անտեղյակ, ազնիվ ընտրությունների սիրահար ուժ եւ կուսակցություններին առաջարկեցին հուշագրի տեքստ, ուր կոչ էր արվում ընտրություններին զերծ մնալ սեփական կուսակցությունների օգտին կեղծիքներ անելու գայթակղությունից: Դաշնակցության անկեղծությանը, հասկանալի է, քչերը չհավատացին, եւ հուշագիրը մնաց անստորագիր: Վստահ ենք, եթե հուշագիրը ստորագրվեր, կհիշեցներ եբրայական հայտնի անեկդոտը, երբ դարբինն իր աշակերտներին հորդորում է տանից մեկական գավաթ գինի բերել եւ լցնել տակառը: Հաջորդ օրն աշակերտներից յուրաքանչյուրն իր բաժակը խնամքով դատարկում է տակառի մեջ, իսկ փորձելիս պարզվում է, որ տակառում միայն ջուր է: Հուշագրի ինստիտուտը Հայաստանում, թվում էր, կենսունակ չէ, սակայն «Հայաստան» հանրախանութի սեփականատեր, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված ԲՀԿ-ական Հայրապետ Հայրապետյանն օրերս իր մրցակիցներին առաջարկեց ստորագրել հուշագիր, որով թեկնածուները կպարտավորվեն ընտրություններին խախտումներ չանել: Սակայն վերոնշյալ երկու դեպքում էլ հուշագրերի ներկայացման շարժառիթը մրցակիցների հանդեպ անվստահությունն է, մրցակիցների ազնվությանը չհավատալը: Հասկանալի է, որ հուշագիրը ներկայացնողն էլ թեւիկներ չունի: Հուշագրերի հմայքը թերեւս այն է, որ դրանք իրավական ուժ, իրավական հետեւանքներ չունեն: Պարզապես բթացնում են դիմացինի զգոնությունը, հասարակական կարծիք ձեւավորում հուշագիրը ներկայացրած կուսակցության կամ թեկնածուի բարոյական բարձր նկարագրի մասին: Գուցե տեղին չէ, սակայն վերոնշյալ հուշագրերի ձեւական լինելու մասին գրելով` անկեղծ չէր լինի չանդրադառնալ նաեւ լրագրողական աշխարհին առաջարկված «Վարքականոնին»: Այն ներկայացրել է Երեւանի մամուլի ակումբը: «Վարքականոնի» համաձայն` այն ստորագրած լրատվամիջոցները պարտավորվել են ընդունել հետեւյալ սկզբունքները`«ճշգրտություն եւ անկողմնակալություն, ինչը ենթադրում է մինչեւ հրապարակելը` ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկության հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ»: «Խմբագրական անկախություն» ենթագլուխն ասում է, որ «խմբագիրները պետք է կարողանան դիմակայել իրադարձությունները լուսաբանելու նպատակով գովազդատուների, հովանավորների, ԶԼՄ-ների սեփականատերերի գործադրած ճնշումներին»: Չկասկածելով «Վարքականոնի» հեղինակների ազնիվ մղումներին, այնուամենայնիվ, սա եւս վերոնշյալ հուշագրերի պես ֆորմալ մի նորմ է, որի սկզբունքային կետերից շատերը լրատվամիջոցներն, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող իրականացնել: Հասկանալի է, որ այս կարծիքը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, մեղմ ասած, չի կիսում. «Լրատվամիջոցներն իրենց հանդեպ դժգոհությունից, անվստահությունից կամ դատական քաշքշուկներից խուսափելու նպատակով առաջարկում են կանոնների հավաքածու` «Վարքականոն», որին պարտավորվում են հետեւել: Այն խախտելու դեպքում «Վարքականոնին» միացած լրատվամիջոցներն ընտրել են մեղմ մի ձեւ. ձեւավորվել է ոչ ֆորմալ մի մարմին, որը պատրաստ է դիտարկել բոլոր բողոքները, տալ իր եզրակացությունը, եւ, եթե բողոքը համարվի հիմնավորված, կտա իր եզրակացությունը, որը կհրապարակվի «Վարքականոնը» խախտած լրատվամիջոցում: Դա կբերի մամուլի հանդեպ վստահության մեծացման»: Բորիս Նավասարդյանը նաեւ ավելացրեց, որ օրենքի հանդեպ հարգանքը շատ դեպքերում կախված չէ լրատվամիջոցներից: Օրենքների իրականացմանը հետեւում են իրավապահ մարմինները, դատարանները, որոնց որոշումները ոչ միշտ կարող են արդար լինել. «Այս դեպքում լրատվամիջոցն ասում է` խնդի՞ր է առաջացել իմ եւ քաղաքացու, իմ եւ հասարակության միջեւ, ես եմ վերցնում այդ խնդիրը հարթելու պատասխանատվությունը: Սա խնդիրների, վեճերի ինքնակարգավորման այլընտրանքային լուծում է: Նույնը` բարոյական նորմերի դեպքում: Բարոյական նորմերի կատարումը տվյալ անձի բարոյական խնդիրն է` նա կարող է դրանք կատարել, կարող է չկատարել: Որտե՞ղ են հետեւանքները: Պրակտիկ հետեւանքներ չկան: Կարող է մարդիկ իրեն չհարգեն, հա՞, ինչը տեղի է ունենում այսօր Հայաստանում` տարբեր հարցումների արդյունքում»: Պարոն Նավասարդյանը խնդրեց չհամեմատել հիշատակված հուշագրերը «Վարքականոնի» հետ. «Թեեւ նման հուշագրերին դրականորեն եմ վերաբերվում, քանի որ եթե ցանկացած քաղաքական գործիչ կամ կուսակցություն առաջարկում է ինչ-որ կանոններ` ազնիվ ընտրապայքար անցկացնելու համար, այդ կանոնի հրապարակումը կարող է զսպող դեր կատարել տվյալ քաղաքական գործչի եւ նրա մրցակիցների դեպքում: Եթե այն, իհարկե, անկեղծ է, եւ եթե մրցակիցները միանան այդ նախաձեռնությանը: Ցավոք, մենք շատ լավ գիտենք, որ շատ դեպքերում նման հուշագրերն անկեղծ չեն, ձեւական բնույթ են կրում եւ ընտրապայքարի ձեւերից մեկն են: Ընդամենը: Հուշագիր առաջարկողն ուզում է դրանով ուղերձ տալ, որ ես ազնիվ եմ` չլինելով ազնիվ: Եվ ես չգիտեմ, թե ձեր նշած դեպքերում մղումները որքան ազնիվ էին, բայց գիտեմ, որ դրանք համեմատել մեր նախաձեռնության հետ չարժե. մեր մղումն անկեղծ է»: Ոչ ընտրություններից առաջ եւ ոչ էլ հետո բարոյականությունը խթանող նորանոր միջոցներ փնտրելու հարկ չկա. դրանք, միեւնույն է, չեն աշխատի, ինչպես չեն աշխատում ամեն կարգի հուշագրերը, նամակագրերն ու կարոտագրերը: