Անդրեն ու Հայկոն 1500 դրամ արժեն

08/04/2007

Հայաստանի երիտասարդ «աստղային» անձնավորությունները՝ էստրադային երգիչներն ու հաղորդավարները, հենց իրենց աստղային կարգավիճակի ու անհոգ ու փայլփլող կյանքի մոդելով ապրելու շնորհիվ դարձել են բավականին հետաքրքիր բիզնեսի աղբյուր։ Ամեն օր հեռուստատեսային էկրանին հայտնվող «աստղերի»՝ հիմնականում արական սեռի ներկայացուցիչները երկրպագուների մեծ բանակ ունեն, որոնք ոչ միայն ցանկանում են իրենց կուռքերի ինքնագրերը կամ լուսանկարները ձեռք բերել, այլեւ երազում են անմիջական շփում ունենալ նրանց հետ։ «Աստղերին» աստեղային երկնակամարից փոքր-ինչ իջեցնելու եւ հասարակ երկրպագուներին նրանց հետ անձնական շփման հնարավորություն տալու համար որոշ շատ հեռանկարային ու սրամիտ բիզնեսմեններ են հայտնվել, որոնք վաճառում են «աստղերի» բջջային հեռախոսահամարները։ Քաղաքում որոշակի կետեր կան, որտեղ այցելուներին շշուկով առաջարկվում է ներկայացված «աստղերի» ցուցակից ընտրել մեկ կամ մի քանի մարդու եւ, հետո, որոշակի գումար վճարելով՝ դառնալ նրանց անձնական հեռախոսահամարների երջանիկ սեփականատերը։ Շոու-բիզնեսի կանոններն ազդում են նաեւ այս յուրահատուկ առքուվաճառքի վրա, այստեղ նույնպես օրենքներ կան. «աստղի» հեռախոսահամարի գինն ուղիղ կապ ունի աստղային սանդղակում նրա զբաղեցրած տեղի հետ։ Ամենաթանկը՝ 1500 դրամ, գնահատվում են առաջին մեծության «աստղերը», իսկ ավելի համեստներն արժեն 500-1000 դրամ։

Հեռախոսահամարներ վաճառող կետերի հիմնական հաճախորդները դպրոցական կամ ուսանողական տարիքի աղջիկներն են։ Երգիչներն ու հաղորդավարներն ասացին, որ իրենք օրական մոտավորապես 15-20 հեռախոսազանգ են ստանում անծանոթ աղջիկներից, որոնք իրականում շատ բան չեն ուզում իրենցից, միայն մի քանի րոպե տեւողությամբ զրույց։ Վերջիվերջո, նրանք այդ զրույցի համար վճարել են։ Կան «աստղեր», որոնք դրանից չեն նեղսրտում ու շարունակում են նույն հեռախոսահամարն օգտագործել, իսկ նրանք, ովքեր անցանկալի զանգերից խուսափել են ուզում եւ հաճախակի են փոխում հեռախոսահամարները, զարմանում են, թե ինչպիսի օպերատիվությամբ է իրենց նոր համարը հայտնի դառնում «աստղային» հեռախոսային բիզնեսի ներկայացուցիչներին։