Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում շուտով «Թամանյանի ժառանգությունը» խորագրով բաց լուսանկարչական մրցույթ է անցկացվելու։ Մրցույթի մեկնարկը տրվել է դեկտեմբերին, իսկ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան տարեվերջին։ Մրցույթի նպատակն է՝ թամանյանական ճարտարապետական դպրոցի կառույցների լուսանկարների միջոցով ընդգծել նրանց դերն ու տեղը մեր քաղաքում ու նրանց հանդեպ սրտացավ վերաբերմունք սերմանել։ Մրցույթի կազմկոմիտեն՝ արվեստաբան Ռուզան Սարյանը, գրականագետ Ավիկ Իսահակյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, նկարիչ-տառաստեղծ Ռուբեն Հակոբյանը (Թարումյան) եւ ճարտարապետ, Ա. Թամանյանի թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը ահազանգում են, որ մեր քաղաքն «օրըստօրե զրկվում է իր գեղագիտական ու պատմական ինքնությունից»։ Մեր օրերում պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող շատ շինություններ ոչնչացվում եմ կամ էլ փրկվելով ոչնչացումից՝ շատ անճաշակ ու անճոռնի վերափոխվում ու հավելվում են կցակառույցներով։ Կազմկոմիտեն նշում է, որ քաղքենիական վերափոխման են ենթարկվում հիմնականում շինությունների ճակատները, խախտվում է մարդու ու նրան շրջապատող միջավայրի կապը։ Կոչ անելով անտարբեր չմնալ քաղաքի հետագա ճակատագրի նկատմամբ, «Թամանյանի ժառանգությունը» ֆոտոմրցույթի նախաձեռնողները ցանկանում են դրդել լուսանկարիչներին, պետական մարմիններին ու անհատներին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի դիմնանկարի վրա։ Իսկ քաղաքի դիմանկարի անբաժանելի մասն են կազմում ոչ միայն բնակելի, վարչական ու արդյունաբերական, ուսումնական հաստատությունների շենքերը, այլեւ՝ կամուրջները, հուշարձանները, ցայտաղբյուրներն ու այգիները, որոնք միջավայր են ստեղծում։ Իսկ հարմար ու գեղեցիկ միջավայրը գեղագիտական ու դաստիարակչական հսկայական դեր ունի։
Մրցույթը կանցկացվի երկու՝ «Ճարտարապետական կառույց» եւ «Մարդը ճարտարապետական միջավայրում» անվանակարգերում։ Մրցույթի նախաձեռնողները լուսանկարիչների ակտիվ մասնակցություն են ակնկալում եւ պատրաստ են համագործակցել հովանավորների հետ։ Մրցույթի պայմաններին, հայտերի ներկայացման կարգին ու ժամկետներին կարելի է տեղեկանալ contest.tamanyan.org ինտերնետային կայքից։