– Դավիթաշենի ԵԿՄ տարածքային ղեկավար Ռուբեն Գեւորգյանը վստահեցնում էր, որ իր տարածքից որեւէ երկրապահ երբեւէ չի ընդգրկվի ձեր կազմակերպության շարքերում: Իրականում ի՞նչ վիճակ է:
– Դավիթաշենի ԵԿՄ-ից բազմաթիվ տղաներ կան, որոնք եկել-մտել են մեր կազմակերպություն: Հիմա մեր մոտ ավելի շատ են, քան իր մոտ: Գեւորգյան Ռուբենն իր տեսակետն է ասել, բայց իր տեղակալ Պապոն ահագին տղաների հետ մեր մոտ են եկել, ու Դավիթաշենում արդեն մեր բաժանմունքը կայացած է: Մոտ օրերս լրիվ պատկերն արդեն պարզ կլինի, ու կասենք, թե ինչքան մարդ է իր մոտից դուրս եկել ու մեր մոտ եկել: Բացի դրանից ինչքա՜ն մարդ կար, որ իր մոտ չէին գրանցվել ու հիմա մեր մոտ են գրանցվել:
– Դավիթաշենում թաղապետի երկու թեկնածուների անուններ են առայժմ շրջանառվում, երկուսն էլ երկրապահներ են՝ Սուրիկ Ղուկասյան եւ Ռուբեն Գեւորգյան: Ս. Ղուկասյանը կարծիք էր հայտնել, թե այդ ընտրությունների ժամանակ ԵԿՄ «տղաները կիսվելու են»: Դուք ի՞նչ կասեք:
– Ընթացքը ցույց կտա, հիմա չենք կարող ասել: Օրինակ, Սուրիկի հետ մենք նորմալ հարաբերություններ ունենք, ու եթե տղաներն ուզենան Սուրիկին պաշտպանել, ես դեմ չեմ լինի:
– Իսկ Ռուբեն Գեւորգյանի պարագայո՞ւմ:
– Ես դեմ կլինեմ հաստատ:
– Ինչո՞ւ:
– Էդ ձեւ է, այդպես եմ զգում:
– Իսկ Ղուկասյանին ինչո՞ւ դեմ չեք:
– Որովհետեւ ինքը նորմալ է տրամադրված «Ոգու փորձությանը», օգնում է: Սատար է կանգնում մեզ Սուրիկը:
– Ասում են, «Ոգու փորձություն» կազմակերպության ստեղծման հիմնական պատճառը ձեր եւ Մանվել Գրիգորյանի միջեւ եղած սուր տարաձայնություններն են: Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը:
– Չէ, մենք իրար հետ տարաձայնություն չունենք: Ես Մանվելի հետ շատ նորմալ հարաբերություններ ունեմ, ու մենք հարազատներ ենք, ուղղակի իր հոգեբանությունն ուրիշ է, իմն՝ ուրիշ: Ես ուրիշ ձեւ եմ աշխատում, ինքն՝ ուրիշ:
– Ուրիշ հոգեբանությո՞ւն, թե՞ քաղաքական դիրքորոշում:
– Չէ, քաղաքականություն չէի ասի, որովհետեւ ինձ թվում է` ոչ ինքը կա քաղաքականության մեջ, ոչ՝ ես:
– Ընդդիմության կողմից մեղադրանքներ հնչեցին երկրապահների հասցեին այն բանի համար, որ նրանք ապրիլի 12-ի գիշերը թույլ տվեցին ժողովրդին դաժան ծեծի ենթարկել: Վատ չե՞ք զգում:
– Երկրապահի գործն, իմ կարծիքով, սահմանները պաշտպանելն է, ոչ թե միտինգի մասնակցելը: Ես 1989 թվականին էլ միտինգներին չեմ մասնակցել, արդեն պատերազմ էր, ու ես պատերազմին եմ մասնակցել: Ես մտածում եմ, որ ժողովրդի համար ամենամեծ օգնությունը դա է, ոչ թե այն, որ մի 200 կամ 500 մարդ գա-կանգնի այնտեղ:
– Իսկ երբ ժողովրդի վրա իշխանությունները մահակ են բարձրացնո՞ւմ:
– Մենք տեղյակ չենք եղել դրա մասին: Հնարավոր է՝ մեր անհատ տղաները եղած լինեն: Շատ ցավալի է դա, վատ բան է, ես չեմ ընդունում:
– Եթե նորից լինեն նման դեպքերը, դուք ի՞նչ կանեք:
– Աստված չանի, որ կրկնվի: Մենք աշխատելու ենք այնպես անել, որ չկրկնվի, որովհետեւ դա սխալ է, ես չեմ ընդունում: Ավելի լավ է` ներքին լարվածությունը ներսում թուլացնեն, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե մեր երկրի գլխին վաղը-մյուս օրն ինչ է գալու: Ավելի լավ կանեն` երկրի սահմաններն ուժեղացնեն:
– Խոսակցություններ կան, թե ձեր կազմակերպության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանը եւ ուզում է ձեր միջոցով թուլացնել ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի դիրքերը:
– Ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի Հանրապետության մեջ Դեմիրճյանն էլ օգնի, Արամ Սարգսյանն էլ ու երկրի տակ եղած բոլորը, որովհետեւ այդ կազմակերպությունը պիտի բոլորին էլ հոգեհարազատ լինի:
– Ասել էիք, թե ձեր կազմակերպության նպատակը զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելն է: ԵԿՄ-ն չի՞ օգնում:
– 10 տարի է, ես նույն գործն եմ անում: Բոլորին էլ օգնում եմ:
– Այդ դեպքում ո՞րն էր նոր կազմակերպություն ստեղծելու նպատակը:
– Դե՛, հիմա ընտանիքում էլ է նման բան լինում: Ասենք, երկու կամ հինգ ախպեր են լինում, տարբեր ուղղություններ են ունենում, բայց էլի հարազատ են ու նույն գործն են անում: Այդտեղ ի՞նչ կա: