Հիմնական վարկածը

06/04/2007

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի պատճառների վերաբերյալ հիմնական վարկածը ոչ քաղաքական է։ Այս օրերին բոլորը խոսում են, որ Վ. Ղուկասյանը, չնայած իր «աստվածավախությանը» (ինչպես հայտնի է՝ նա սովորաբար եկեղեցի մտնում է ծնկաչոք եւ բոլոր առիթներով խոսում է իր՝ հավատացյալ լինելու մասին), աչքի է ընկել իր արկածախնդիր պատմություններով: Հատկապես գյումրեցիներին հայտնի է եւ մամուլում բազմիցս է գրվել նրա եւ նրա որդու մասնակցությամբ տարբեր «ռազբորկաների» մասին։ Ընդ որում, այդ արկածախնդրությունները հիմնականում ավարտվել են զինված բախումներով։ Վերջին տարիներին Գյումրիում հաճախակիացել են օրը ցերեկով զինված «ռազբորկաները»։ Ըստ տարածված վարկածների՝ այս մահափորձը կարող է լինել այդ դեպքերից մեկի շարունակությունը։ Վ. Ղուկասյանը հաստ աղիքի բարդ վիրահատությունից հետո ապաքինվում է: Ի դեպ, մեր տեղեկություններով, երեկ հիվանդանոց Վ. Ղուկասյանին տեսության է գնացել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը։