Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ղեկավար Գուրգեն Արսենյանը Հայաստանում նախընտրական իրավիճակը բավարար է գնահատում, իսկ քաղաքական պրոցեսները՝ նորմալ:
Նախընտրական իրավիճակը գնահատում են բավարար, որովհետեւ «այս վիճակի համար բավարարը բավարար է»: ՄԱԿ-ի լավ կամ գերազանց գնահատականին արժանանալու համար դեռ անելիքներ կան: Օրինակ՝ պետք է անել ամեն ինչ, որ ընտրությունները լինեն քիչ քննադատելի, իսկ ընտրությունների արդյունքները՝ քիչ վիճարկելի: Այս նպատակին հասնելու համար ՄԱԿ-ը խոստանում է անել իր ուժերի ներածին չափով: Օրինակ, ընտրական հանձնաժողովներում ՄԱԿ-ի ներկայացուցիչները թույլ չեն տա, որ արձանագրությունները կեղծվեն: ՄԱԿ-ը խոստանում է, որ «այն, ինչ կա քվեատուփում, չի փոխվելու, եւ այն, ինչ կլինի քվեատուփում, կլինի նաեւ արձանագրություններում»: Սակայն սա, ըստ Գ. Արսենյանի, չի նշանակում, թե ՄԱԿ-ի անդամ հանձնաժողովականները վազելու են փողոցներով՝ տեսնելու համար, թե որտեղ են անձնագրեր հավաքում, կամ որտեղ կան կուտակումներ: ՄԱԿ ղեկավարը երեկ «Փաստարկ» ակումբում նաեւ հայտարարեց, թե «ՄԱԿ-ի 20 հազարից ավելի անդամներ պատրաստ են» հենց այսօր էլ սկսել նախընտրական պայքարը, սակայն օրենքը չխախտելու համար սպասում են նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկին՝ ապրիլի 8-ին: Բնականաբար, ՄԱԿ-ը հստակեցրել է նաեւ իր կարգախոսը. ընտրության ժամանակ ՄԱԿ-ում հղում են արել Պարույր Սեւակին, բայց թե կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվել այդ հղումը, Գ. Արսենյանը երեկ չասաց ու առաջարկեց մի քանի օր էլ համբերել, մինչեւ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկի: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու թեմային՝ Գ. Արսենյանը հայտարարեց, թե իր գլխավորած կուսակցությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, որովհետեւ «Սերժ Սարգսյանն այն անձնավորությունն է, որը վայելում է ՄԱԿ-ի վստահությունը»:
ՄԱԿ ղեկավար Գ. Արսենյանը երեկ անդրադարձավ նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձին: Արսենյանն այդ մահափորձը քաղաքական սպանության փորձ չի որակում, քանզի «Հայաստանում չկան ընդհատակյա ահաբեկչական կառույցներ, որ լեգիտիմ թիրախներ են հայտարարել»: Օրինակ, ըստ նրա, Շամիլ Բասաեւն իր համար թիրախ է հայտարարել 10 տարեկանից բարձր ռուսներին, Բեսլան քաղաքում դպրոց գրավել, երեխաների սպանել: ՄԱԿ ղեկավարն իր տեսակետը փորձեց նաեւ այլ կերպ հիմնավորել, բայց ստացվեց բավականին զավեշտալի մի բան: «Եթե մի տեղ իշխող կուսակցության ներկայացուցչի ինչ-որ մի բան կարկուտի արդյունքում տուժում է, դա քաղաքական հարթության գո՞րծ է»,- հարցրեց Գ. Արսենյանը, փաստորեն մահափորձը համեմատելով բնական աղետի հետ: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի սպանությունը, որ Գ. Արսենյանն այն համարի քաղաքական: Այստեղ էլ ՄԱԿ ղեկավարը նշեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցածը ու բերեց հայտնի ահաբեկչական կազմակերպությունների օրինակները, որոնք ահաբեկչական ակտից հետո հայտարարում են, որ դա իրենք են կազմակերպել: