Սկիզբը՝ նախորդ հինգ համարներում
Ընթերցողներից ոմանք այս հոդվածաշարն ուղղակիորեն համարում են ՀՀՇ-ի ուշացած PR։ Ոմանք էլ հակառակն են ասում, ասում են, թե միտումնավոր կերպով ընդդիմությանն այնպես եմ ներկայացնում, որ ՀՀՇ-ն պարզերես դուրս գա։ Երկու տեսակետն էլ սխալ է, քանի որ այս հոդվածաշարը ես ընդհանրապես կարող էի չգրել։ Օրվա թեմաները, փառք Աստծո, այնքան շատ են, որ «պատմական» էքսկուրսների կարիք չունեմ, բայց ինձ անհանգստացնում են մոտեցող ընտրությունները, որոնք անպայման անցնելու են ազատ, արդար եւ թափանցիկ։ Դրանք լինելու են ԱԱԹ (ազատ-արդար-թափանցիկ) ոչ այն պատճառով, որ մեր իշխանությունները հասկացել են հակառակի արատավորությունն ու նվիրվել ժողովրդավարական արժեքներին, այլ որովհետեւ նկարչությունն այս անգամ նախորդիվ է։ Իսկ այդպես է, որովհետեւ Հայաստանն այլեւս քաղաքական համակարգ չունի, եւ պետք է հասկանալ, թե ի՞նչ եղավ այդ համակարգը, ո՞ր պահից դադարեց գոյություն ունենալ։
Շարունակելով նախորդ հինգ հոդվածներում սկսված պատմությունը (բայց ոչ պատմագիտությունը) հասնում եմ արդեն այն պահին, որը կարելի է կոչել ճակատամարտ։ Դա 1996-ին էր, ավելի ճշգրիտ՝ 96-ի գարնանը, երբ վերագործարկվեց Մեծամորի ատոմակայանը՝ էներգետիկ ճգնաժամը կամաց-կամաց ուղարկելով անցյալի գիրկը։
Իսկ էներգետիկ ճգնաժամն իշխանություններին ծնկի բերելու հարցում ամենակարեւոր գործոնն էր։ Գործազրկությունը մարդիկ ինչ-որ կերպ կարող էին բացատրել ու հասկանալ։ Քաղցն ու թերսնումը մարդիկ ինչ-որ կերպ կարող էին բացատրել ու հասկանալ։ Աննշան աշխատավարձերն ու չնչին թոշակներն էլ ինչ-որ կերպ կարելի էր բացատրել ու հասկանալ։ Մարդիկ միայն չէին հասկանում, թե ինչո՞ւ էին հանգցրել լույսը։ Դա պարզապես անբացատրելի էր, առեղծված, որն ինքս ինձ համար բացահայտել եմ երկու տարի առաջ, գործի բերումով մասնագետների հետ շփվելիս։
Անբացատրելիությունն ավելի խորացել էր 95-ի կեսերին, երբ իշխանություններն աստիճանաբար սկսել էին ավելացնել լուսավոր ժամերը եւ պակասեցնել խավարը։ Սա խորացրել էր մարդկանց կասկածները, թե աներեւույթ մի ձեռք անում է այն, ինչ ուզում է՝ անջատում է, միացնում, պակասեցնում է, ավելացնում։
Ատոմակայանի վերագործարկումը չէր կարող իսպառ փարատել այս կասկածները, բայց վստահություն էր ներշնչում։ Իսկ վստահությունը կարող էր մոռացության մատնել արհավիրքը։ Պետք էր շտապել, պետք էր շրջանառության մեջ դնել հողանցման (արտադրվել է, բայց չի տրվել բնակչությանը) գաղափարը, մազութի առեղծվածային անհետացման վարկածը եւ վերջապես հանգեցնել այն եզրակացության, որ այդ ամենն արվել է հեղափոխական ժողովրդին ծնկի բերելու համար։ Սա էլ՝ իր հերթին, նպատակ ուներ գործող իշխանության PR-ը դարձնել ինքնարդարացում, ինչը, սակայն, չեղավ, որովհետեւ իշխանությունը մտածում էր, որ իր գործունեության մեջ եղած դրականը գերակշռում էր բացասականին, եւ այդ պատճառով առհասարակ PR-ի կարիք չէր զգում։
Իշխանությունն ապավինում էր ժողովրդի առողջ դատողությանը, հաշվի չառնելով, որ մեծ սթրեսից հետո մարդիկ ավելի զգայուն են, որ մեծ սթրեսից հետո վերականգնողական լուրջ աշխատանք է պետք, որպեսզի կասկածամտության տեղը գա, ասենք, համեմատական դատողությունը։
Կասկածամտությամբ տառապողները հաճույքով չեն լսում այն բաները, որոնք միտված են կասկածը փարատելուն, նրանց կասկածը սննդի կարիք ունի։ Եվ ամեն անգամ, երբ որեւէ տեղ հայտնվում էր ընդդիմության կարկառուն գործիչ Արշակ Սադոյանն ու սկսում խոսել մազութ լափելու մասին, զանգվածները հրճվանքից ալեկոծվում էին։
Մասնագետներից մեկին, ում օգնությամբ երկու տարի առաջ բացահայտում էի էներգետիկ ճգնաժամի գաղտնիքը, մի անգամ հարցրի, թե ինչո՞ւ այն ժամանակ չէին բացատրում ժողովրդին։ «Բացատրության պահանջը չկար, հիմա էլ երեւի չկա,- ծիծաղելով ասաց նա։ -Գաղտնիքը միշտ ավելի թանկ է, քան գաղտնիքի բացահայտումը»։
Նախագահական երկրորդ ընտրությունը սահմանագիծ էր լինելու։ Մի սահմանագիծ, որից այնկողմ էին մնալու անցյալի դառնությունն ու տառապանքը։
Ընդդիմությունը հասկանում էր, որ գործող իշխանությանը թույլ տալով անցնել այդ սահմանագիծը, կորցնելու է ժողովրդին։ Ժողովուրդն էլ վախենում էր, որ գործող իշխանության հետ այդ սահմանագիծն անցնելով՝ չի կարողանա վայելել անցյալի դառնության ու տառապանքի կորստյան բերկրանքը։
«Թող սրանք չլինեն՝ ով ուզում է լինի» իմաստազուրկ միտքը, որ այսօր էլ հաջողությամբ շրջանառվում է հասարակական գիտակցության մեջ, դառնում էր այդ ժամանակի ընդդիմության ընտրազանգվածի դրոշակը։ Ընտրազանգվածը կարող էր չհասկանալ, որ դա փայտ է՝ առանց փողփողացող մետաքսի, բայց մարդիկ, ովքեր պատրաստվում էին գալ իշխանության, պետք է գիտակցեին, որ «ազատագրված» ժողովրդի հետ հետո ավելի հեշտ էր լինելու աշխատել։
Պետք էր մի քայլ հետ կանգնել՝ ապագայում երկու քայլ անելու համար։ Բայց ի՞նչ իմանար ընդդիմության այն ժամանակվա առաջնորդը, որ 96-ի շռնդալից ընտրություններից մեկուկես տարի էլ չանցած ընդամենը տասներկու տոկոս ձայն էր ստանալու։
Շարունակելի