Ինչպե՞ս են հայերը պատրաստվում ընտրություններին

06/04/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Այսօր ողջ Հայաստանն` իր քաղաքականացված եւ ոչ քաղաքականացված հատվածով, իր դիվանագիտական եւ ոչ այնքան դիվանագիտական ներկայացուցիչներով, դիտորդներով եւ «գյոզ դնողներով», թոշակառուներով եւ «մալակասոսներով» պատրաստվում են ԱԺ առաջիկա ընտրություններին:

Բնական է, որ ընտրություններին յուրաքանչյուրը պատրաստվում է յուրովի, քանզի ամեն մեկն այդ ընտրություններից ունի իր սպասելիքը: Օրինակ, ժողովրդի մի մասի սպասելիքները շատ կոնկրետ են` փող կամ նյութական այլ բարիք (այս պարագայում շատ կարեւոր է, թե տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով քանի օլիգարխ է պայքարում. որքան շատ օլիգարխ՝ այնքան ընտրակաշառքի դրույքները բարձր կլինեն: Մայիսի 12-ի ժամը 18:00-ի դրությամբ նման ընտրատարածքներում մեկ ձայնի համար բաժանվող կամ առաջարկվող գումարի չափը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկին): Ժողովրդի մնացած հատվածը, իշխանությունների կարծիքով, «հարիֆ» զանգված է, որը հույս ունի, թե կարող է ընտրություններով ինչ-որ բան փոխել: Շատ հետաքրքիր սպասումներ ունեն բազմաթիվ շտաբների աշխատողները: Նրանց մի մասը (սա այն հատվածն է, որը թեկնածուի հետ անմիջական շփում չի ունենում) մանր-մունր փողեր է աշխատում մի քանի ձայն բերելու վրա, երկրորդ հատվածն ավելի մեծ փողեր է աշխատում կազմակերպչական աշխատանքներ եւ «բիրիքով» ձայներ բերելու վրա: Իսկ թեկնածուին առավել մոտ կանգնած անձինք փող չեն աշխատում, սակայն մեծ հույսեր են կապում, որ իրենց «պապան» պատգամավոր դառնալուն պես կապահովի իրենց ապագա առաջխաղացումը: Իշխանական անցողիկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործը համ հեշտ է, համ դժվար: Հեշտ է, որովհետեւ նրանց համար բոլոր պայմանները ստեղծվում են, որպեսզի նրանք չունենան լուրջ մրցակից եւ իրենց հարմարավետ զգան: Իսկ դժվար է, քանի որ այդ հարմարավետության ապահովումն ունի իր գինը` իրենց ընտրատարածքում առավելագույն ձայներն ապահովել համամասնական ցուցակի համար: Ոչ անցողիկ թեկնածուների մի մասի հույսերն արդեն արդարացել են` նրանք պաշտոն կամ որոշակի կլորիկ գումար են ստացել: Մնացածները հույս ունեն, որ բախտն իրենց էլ կժպտա: Բայց բնական է, որ նրանք ոչ թե կաշխատեն, այլ «էշ-էշ» կկորցնեն այն գումարները, որոնք որպես գրավ դրել են ընտրություններին մասնակցելու համար: Ընդդիմադիր թեկնածուները, որոնց մեծամասնական ընտրակարգով ընտրվելու հնարավորությունները, մեղմ ասած, տեսիլքային են, հույս ունեն, որ իրենց կուսակցությանը մի 5-6 տոկոս ձայն կտան, եւ իրենք մի հինգ տարի էլ տաքուկ տեղերով կապահովվեն խորհրդարանում: Առավել եւս, որ պատգամավորի աշխատավարձը արդեն 1000 ԱՄՆ դոլար է (այս արտահայտության համար ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն ինձ կարող է դատի տալ): ԱՊՀ-ից ժամանած դիտորդները հույս ունեն երեւանյան «քյաբաբնոցներում» լավ ուտել-խմել, որից հետո կհայտարարեն, որ ողջ հանրապետությունում ոչ մի խախտում չի արձանագրվել (թեպետ Երեւանից դուրս չեն գալու), իսկ արեւմտյան դիտորդները կասեն, որ որոշ խախտումներ եղել են, սակայն սա մեկ քայլ առաջ էր: Բայց… իրենց պետք եկած ժամանակ անմիջապես ԱՄՆ Պետքարտուղարության մի հաշվետվություն կհրապարակվի, որտեղ անպայման կնշվի, որ հայաստանյան ընտրություններն անցել են խայտառակ խախտումներով եւ, որ այդ ընտրությունները չեն համապատասխանել դեմոկրատական նորմերին:

Հեռուստատեսությունները լավ գումար կաշխատեն (եթե Բաղրամյան պողոտայից թույլ տան): Թերթերն էլ կաշխատեն, սակայն ոչ այդքան շատ (այստեղ ոչ մեկի թույլտվությունը հարկավոր չէ): Տպագրատներն արդեն աշխատում են: Բայց սա նորմալ է: Անիմաստ քաղաքական ուժերը Հանրային հեռուստատեսության եթերում մեկ ժամ ձրի «վիվիշկա» կլինեն՝ լցնելով առանց այն էլ դեմագոգիայով լեփ-լեցուն եթերը: Իսկ նորմալ մարդիկ այս ամենից կփորձեն հնարավորինս հեռու մնալ: Նրանք պարզապես մայիսի 12-ին կգնան ու կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Մինչ այդ երիտասարդները կսիրահարվեն (չէ՞ որ դրսում գարուն է), ոմանք կբացեն ամառանոցային սեզոնը, ոմանք էլ կշարունակեն իրենց առօրյա աշխատանքը (այլ ոչ թե աշխատանքի ժամերին սուրճի բաժակի շուրջ ժամերով կքննարկեն այս կամ այն քաղաքական գործչի «մտքի գոհարները»): Մի խոսքով, կյանքը կընթանա իր բնականոն հունով: Դուք արդեն հասկացաք, որ այս վերջին միտքը ֆանտազիայի ոլորտից է: Բայց չէ՞ որ ես լավատես եմ, իսկ լավատեսության մեջ միշտ էլ ֆանտազիայի տարր կա: Համաձայնեք, որ լավ կլիներ, եթե մարդիկ այս ամենից տեղյակ չլինեին: Իսկ դա կլիներ այն դեպքում, եթե ժողովուրդը սերմացուի եւ 5 կամ 10 հազար դրամի ողորմության կարիք չզգար, եթե ընդդիմությունը պայքարեր ոչ թե իր 5 տոկոսի, այլ ժողովրդի բարեկեցության համար, եթե իշխանությունն ընտրվեր ոչ թե տնտեսության եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների տոտալ վերահսկողության, այլ իրոք այն գաղափարների համար, որոնք նրան գեղեցիկ ներկայացնում են իրենց նախընտրական բուկլետներում, եթե թեկնածուների կողմնակիցներն աշխատեին ոչ թե փողի «խաթեր», այլ մարդկային հարթության մեջ… Ա՛յ դա կլիներ ոչ թե հայավարի, այլ հային վայել: