Նորից «Ջերմուկի» մասին

06/04/2007

Ապրիլի 2-ին «Լոս Անջելես Թայմսը»` «Արսենիումի հեքիաթն ու հին ուղիները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է հայկական «Ջերմուկի» մեջ մկնդեղի անթույլատրելի քանակության մասին ԱՄՆ-ի Սննդի եւ դեղորայքի գործակալության նախազգուշացմանը:

«Ջերմուկ քաղաքում շշալցված հանքային ջուրը Հայաստանում սերնդեսերունդ գործածվել է որպես ազգային տոնիկի պես մի բան… Եվ քանի որ հայաստանցի բնակչությունն ԱՄՆ-ում աճել է, աճել է նաեւ ջրի հանդեպ պահանջարկը: Ու երբ ամերիկյան գործակալությունը հայտնի պատճառներով ամերիկացիներին զգուշացրեց դադարեցնել ներկրված «Ջերմուկի» գործածումը, այն դիտվեց որպես վիրավորանք հայերի հասցեին՝ բորբոքելով տեղի հայկական համայնքի կրքերը»,- գրում է «Լոս Անջելես Թայմսը»: «Կալիֆոռնիա կուրյեր» թերթի հրատարակիչ ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն էլ ասել է. «Ես 55 տարեկան եմ, ու երեխա ժամանակվանից եմ լսել «Ջերմուկի» պատմությունը, դա նման է ամերիկյան՝ խնձորով կարկանդակին: Հայաստանում ուր էլ գնաս՝ ընտանեկան հավաքույթի, ռեստորան, սեղանին «Ջերմուկ» է դրված»: Մյուս կողմից, Սասունյանը չի հավատում մրցակցության հետ կապված այն հայտարարություններին, թե ԱՄՆ-ի Սննդի եւ դեղորայքի գործակալությունը դա արել է մրցակից որեւէ ջրի վաճառքը մեծացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի գործակալության հավաստմամբ, հանքային ջրում արսենիումի պարունակությունը թույլատրելի է մինչեւ 1 լիտրի մեջ 10 միկրոգրամը, այնինչ «Ջերմուկի» 1 լիտրի մեջ արսենիումի պարունակությունը հասնում է 400-700 միկրոգրամի: «Բայց դա հայկական անվտանգության չափանիշների մեջ տեղավորվում է,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության խոսնակ Նաիրա Մանուչարովան,- ՀՀ Առողջապահության նախարարությունը թույլատրում է մինչեւ 700 միկրոգրամ մեկ լիտրի մեջ»: Ճիշտ է, ԱՄՆ-ի Սննդի ու դեղորայքի գործակալությունը հաստատել է, որ իրենք մինչ օրս «Ջերմուկից» հիվանդանալու որեւէ ահազանգ չեն ստացել, սակայն, «Ազատության» փոխանցմամբ, գործակալության գլխավոր մասնագետ Դեյվիդ Էյչսոնի խոսքերով, օրական կես լիտր խմելը գուցե հիվանդություն չառաջացնի, բայց օրական 3-4 լիտրն արդեն թունավորման նշաններ կարող է ի հայտ բերել: