Ինձ մի՛ գաղտնալսիր, ոստիկան

06/04/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի հեռախոսացանցը նորից իշխանությունների ու հասարակության ուշադրության կենտրոնում է: Ամեն ինչ սկսվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարօրինակ հայտարարությունից: Ազգային անվտանգության անունից հանդես գալով՝ այս հանձնաժողովը հեռախոսակապի ոլորտի ընկերություններին պարտադրեց հուլիսի 1-ից գրանցել իրենց բաժանորդներին: Մինչ այդ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլն» իրենց «իզի» եւ «ալո» քարտերն իրացնում էին ազատ վաճառքով: Հիմա նրանք պարտավորված են հականե-հանվանե գրանցել բոլորին: Այսինքն՝ պետությունը ծառայություն մատուցող երկու ընկերությանն ու նրանց բաժանորդ` խաղաղ բնակչությանը պարտադրում է իրենց փողի ու ժամանակի հաշվին ստեղծել տեղեկատվության հերթական բազան: Սոցիալական քարտերի ներդրման ժամանակ պետությունը գոնե գեղեցիկ հիմնավորում էր հորինել: Այն կատարվեց կոռուպցիայի ու ստվերային տնտեսության դեմ պայքարի խոստումների քողի տակ: Կոռուպցիան, իհարկե, չնվազեց: Ստվերային տնտեսությունն էլ: Փոխարենը պետության ձեռքին սկսեց կուտակվել մանրամասն ինֆորմացիա յուրաքանչյուր քաղաքացու մասին: Բայց սոցիալական քարտերի բազայում տեղեկություն չկա, թե յուրաքանչյուր քաղաքացի քանի՞ բջջային հեռախոս ունի եւ, որ ամենակարեւորն է, հարազատ անվտանգության մարմիններն ու ուժային կառույցները չգիտեն, թե յուրաքանչյուր քաղաքացի ո՞ւմ հետ եւ ինչի՞ մասին է խոսում հեռախոսով: Սա, հավանաբար, աններելի բացթողում է, եւ իրադրությունը կշտկվի մինչեւ նոյեմբերի 1-ը: Իսկ հուլիսի 1-ից քարտեր կվաճառվեն բաժանորդի անձնագրային տվյալները լրացնելուց հետո միայն: Տարօրինակ զուգադիպությամբ՝ 2005թ. հենց հուլիսի 1-ից բջջային կապի ոլորտ մտավ երկրորդ օպերատորը: «ՎիվաՍելլի» մուտքից հետո ոչ պայմանագրային քարտերի առեւտուրը սպեկուլյացիայի ոլորտից տեղափոխվեց հարկային դաշտ: Երբեմն համարյա 200 դոլարով վաճառվող քարտերը հայտնվեցին ազատ վաճառքում: Օրինական 14,5 հազար դրամ արժեքից դրանց գինը նվազեց մինչեւ 200 դրամ: Այս գինն արդեն մատչելի էր: Ոչ լրիվ երկու տարում «ՎիվաՍելլը» ձեռք բերեց մոտ 600 բաժանորդ: Մրցակցից ետ չմնալու համար անընդհատ նոր հրապուրիչ պայմաններ առաջարկելով՝ «ԱրմենՏելը» բջջային կապի բաժանորդների թիվը հասցրեց 400 հազարի: Այսինքն՝ բնակչության ակտիվ զանգվածն ամբողջությամբ օգտվում է բջջային հեռախոսակապից: Ընդունեք, որ նման պարագայում պետական կառույցների համար խիստ գայթակղիչ է դառնում այս ոլորտի վերահսկողությունը: Եվ պետությունը հրահանգում է մասնավորին՝ տեղեկատվական հերթական բազան ձեւավորել իր բնակչության մասին ու տրամադրել իրեն: Մասնավորը խելոք-խելոք հնազանդվում է: «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մամուլին տված բացատրության մեջ ասում է՝ «Հանձնաժողովի որոշումը կատարելը ահագին ջանք կպահանջի, բայց մենք այն կկատարենք նշված ժամկետներում»: «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը լրագրողներին բացատրում է, որ կփորձեն տեղավորվել ժամկետների մեջ եւ հանձնաժողովի որոշման կատարումը չի կրճատի իրենց բաժանորդների քանակը: Ըստ նրա՝ «եթե մարդը տեռորիստ չէ եւ հանրապետությունում հեղաշրջում անելու չարանենգ պլաններ չի մշակում, ապա վախենալու ոչինչ չունի»: Ազատական արժեքների ու մարդու իրավունքների հերն էլ անիծած: Զբոսաշրջությունը գերակա ճյուղ հայտարարած Հայաստանի համար սա անհասկանալի որոշում է: Ամռանը Հայաստան ժամանող ցանկացած զբոսաշրջիկ կզարմանա: Ի տարբերություն այլ երկրների՝ մերոնք հեռախոսաքարտ վաճառելուց առաջ նրանից անձ հաստատող փաստաթուղթ կպահանջեն: Ու զբոսաշրջիկը կհասկանա, թե ինչ էր իրենից ներկայացնում Խորհրդային Միությունը` որպես չարիքի կայսրություն: Խորհրդային հսկողական համակարգի աշխատանքը կզգան սեփական մաշկի վրա: Ավելի ճիշտ՝ սեփական ականջների` արձանագրելով, որ իրենց զրույցները գաղտնալսվում են: Խորհրդային պետության վերջին տարիներին ձեւավորված բոլոր ազգային շարժումները իրենց քննադատության թիրախ էին դարձրել հսկողության բոլշեւիկյան համակարգը: Մեր Ազատության հրապարակում էլ 1998-90թթ. պարբերաբար հնչում էին ելույթներ այդ համակարգի, մասնավորապես՝ գրանցման համակարգի դեմ: Բնակչության համընդհանուր գրանցման համակարգը կոմունիստները հորինել էին տոտալ հսկողություն ապահովելու համար: Անկախ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չհաղթահարեցին գայթակղությունը եւ չվերացրին այն: Ճիշտ է, մի ժամանակ «գրանցում» բառի փոխարեն օգտագործվեց «հաշվառում» բառը, բայց դրանից երեւույթը չփոխվեց: Անկախ Հայաստանի բոլոր քաղաքացիներս միջնադարյան Եվրոպայի ճորտերի նման գրանցված ենք կոնկրետ հասցեում: Այս համակարգը պահպանելու կողմնակիցներն ասում են, որ այն արդյունավետ է հանցագործների հետախուզման համար: Ժողովրդավարական երկրներում հաշվառում-գրանցում են հասարակության մեկ-երկու տոկոսը կազմող հանցագործներին: Մեր մոտ հակառակն է` գրանցում ենք բոլորին, տեղեկատվական բազա ենք ստեղծում բոլորի մասին: Ռուս տնօրենն իրավացի է: Հեռախոսահամակարգի բաժանորդների թիվն իսկապես չի պակասի: Հեռախոսը վաղուց շքեղություն չէ, այլ հաղորդակցության միջոց: Ոլորտում ծառայություն առաջարկող երկու ընկերությունն էլ անմռունչ ենթարկվում են Ազգային անվտանգության սրսուռ անունից հրապարակվող բոլոր որոշումներին: Բնակչությունն ընտրության հնարավորություն չունի: Մեր օրերում հեռախոս չունենալն է շքեղություն: Պետությունն այս մասին գիտի ու փորձում է տոտալ վերահսկողության տակ պահել լայնամասշտաբ ցանկացած ոլորտ: Հեռախոսալսումների հնարավորություն ստեղծելն այս անգամ հանձնարարված է հեզ ու բարի անուն ունեցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ինչ լավ է, որ մենք՝ հայերս, մեր սպիտակեղենը լվացքատուն հանձնելու սովորություն չունենք: Թե չէ լվացքատներին կհանձնարարեին լաբորատոր հետազոտության ենթարկել սպիտակեղենի վրա հայտնված բոլոր բծերը: Ու պետությունը կամբողջացներ իր քաղաքացիների մասին տեղեկությունների բազան: Անկեղծորեն պիտի ասեմ, որ ես չեմ վախեցնում, ես վախենում եմ: Վախենում եմ անտրամաբանական ցանկացած որոշումից: Հատկապես, եթե դա հայտարարվում է ազգային անվտանգության անունից: