«Միկա-ցեմենտը» մեծ շահույթ չի՞ հետապնդում

06/04/2007 Ալինա ՊՈՂՈՍՅԱՆ

«2002 թվականին, երբ աշխատանքի ընդունվեցի Հրազդանի «Միկա-ցեմենտ» գործարանում, առաջնահերթ ստեղծեցի ղեկավարման համակարգը»,- ասում է գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Տնօրենի հետ շրջում ենք գործարանի տարածքում եւ ականատես ենք լինում, թե սեփականատերն ինչպես պետք է վարվի իր սեփական գույքի հետ: Բարեկարգ ու մաքուր են արտադրամասերը, եւ երեւում է, որ մեծ գումարներ են ծախսել: Հույս ունենանք, որ դա արվել է սեփական շահույթների հաշվին, որը չի անդրադարձել արտադրանքի ինքնարժեքի վրա: Նաիրա Մարտիրոսյանն այն եզակի կանանցից է, ովքեր աշխատանքային փորձը են կուտակել` աշխատելով բացառապես արտադրության մեջ: Ուստի հետաքրքիր էր իմանալ նրա կարծիքը Հայաստանում արտադրական միավորների հեռանկարի վերաբերյալ:

– Հայաստանում պետք է աշխատեն այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնց արտադրանքը նախ՝ ներքին շուկայում պահանջարկ ունի, այնուհետեւ՝ կարող են եւ մտածել արտահանման մասին: Վերջին տարիներին հատկապես սկսել է աճ արձանագրել շինանյութերի արտադրությունը, որը պայմանավորված է շուկայի պահանջարկով: «Միկա-ցեմենտ» գործարանն, օրինակ, 2002 թվից հետո արտադրության ծավալներն ավելացրել է 2,5 անգամ, որը կազմում է նախկին հզորությունների 35-40 տոկոսը: Շրջափակված շուկայի պարագայում, նշված ցուցանիշներն արդեն իսկ մեծ շարժ կարելի է համարել: Մենք արտադրության ծավալներն ավելացրինք Իրանի եւ Վրաստանի շուկաներ արտահանումների հաշվին: Եվ 2002թ. համեմատ նշյալ շուկաներում էլ ունենք պահանջարկի 50 տոկոս ավելացում:

-Դեռ խորհրդային տարիներին տեղական ցեմենտն իր որակական հատկանիշներով մրցունակ էր համարվում նաեւ եվրոպական շուկայում: Դեպի Եվրոպա արտահանելու ի՞նչ խոչընդոտներ ունեք:

– Եվրոպական շուկայում էլ մեծ պահանջարկ ունի մեր արտադրանքը: Այս պահին էլ 100-200 տոննայի պատվերների նամակներ եմ ստանում: Սակայն ինչպե՞ս արտահանել դեպի Եվրոպա: Ճանապարհ չունենք: Երկաթուղով բեռը Վրաստանի Բաթումի կամ Փոթի նավահանգիստ հասցնելուց հետո, տեղում բեռի կուտակման համար տարածքներ պետք է վարձակալել, այնուհետեւ՝ նավ բարձելու համար բեռի փաթեթավորում է անհրաժեշտ, որոնք զգալի ավելացնում են ապրանքի գինը: Այրումից-Փոթի նավահանգիստ 1 տոննա ցեմենտ հասցնելու համար 30-32 դրամ ծախս ենք ունենում: Իսկ ծովով տեղափոխելն ամենաթանկ փոխադրամիջոցներից է համարվում: Փաստորեն, տեղ հասցնելուց հետո մեր արտադրանքը գնային առումով կարող է եւ մրցունակ չլինել:

– Իսկ դեպի Ռուսաստան արտահանելու փորձ ունե՞նք:

– Նախկինում էլ այս գործարանի արտադրանքն արտահանվել է տարածաշրջանի երկրներ: Ռուսաստան արտահանելու համար էլ կրկին պետք է օգտվենք ծովային ճանապարհից, որն այնքան էլ իմաստավորված չէ ցեմենտի պարագայում: Ռուսաստանի ծովային դարպաս համարվող Նովոռոսիյսկ քաղաքում ցեմենտի մի քանի գործարան է աշխատում: Իսկ ցամաքային ճանապարհով ավտոմեքենաներով հնարավոր չէ մեծ ծավալներ տեղափոխել, որն էլ անուղղակիորեն կրկին բարձրացնում է ապրանքի գինը:

– 2002թ. տեղական շուկայում զգալիորեն բարձրացվեց 1 տոննա ցեմենտի գինը: Ինչո՞վ էր պայմանավորված նման վերանայումը, եթե երկրում էներգակիրների գների թանկացում չէր եղել:

– Հրազդանի ցեմենտի գործարանը խորհրդային տարիներին նախատեսված չի եղել ցեմենտի արտադրության համար, այն գործել է որպես քիմիական կոմբինատ: Հետագայում վերազինվել է որպես ցեմենտի գործարան, որն անընդհատ ներդրումներ է պահանջում, ինչն ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա: Բացի այդ, թանկացել է ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող հումքը, որը մենք հիմնականում ներկրում ենք: Նաեւ գազն է թանկացել: Եթե առաջ 1000 խորանարդ մետր գազի համար վճարում էինք 79 դոլար, ապա 2004 թվից այն դարձավ 94,5 դոլար, իսկ այս տարվա հունվարից վճարում ենք 101 դոլար: Թանկացել են նաեւ պահեստամասերը: Մետաղը, որը տոննաներով օգտագործում ենք մեր արտադրության մեջ, թանկացել է 2,5 անգամ: Նախկինում եթե մետաղը գնում էինք 1 տոննան 200 դոլարով, ապա ներկայումս այն 800 դոլարից պակաս չէ: Այս ամենով հանդերձ, անընդհատ առկա են ընթացիկ ծախսեր: Եթե ցիկլից հետո վառարանը կանգ է առնում, 12-20 մլն դրամի վերանորոգման ծախսեր են առաջանում:

– Հայաստանի գրեթե բոլոր արտադրական ձեռնարկություններն էլ աշխատում են հին տեխնոլոգիաներով: Գուցե արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրումը կբերի ծախսերի կրճատման եւ արտադրանքի գների աճի զսպման: Ի՞նչ եք պատրաստվում անել 3 տարի հետո, երբ պետությունն այլեւս չվճարի թանկացված գազի գների դիմաց:

– Եթե պետությունը չմիջամտեր, ապա տրամաբանական էր, որ ցեմենտի գինն ածանցվելու էր գազի գնից: Այստեղ խնդիրն այլ է: Կա՞ արդյոք արտադրանքի պահանջարկ եւ շուկաներ, որը կարդարացնի նման ծավալի ներդրումների անհրաժեշտությունը: Պարզ է, որ նոր տեխոլոգիաներն աշխատում են էներգախնայողության ռեժիմով եւ, բացի այս էլ, նման սարքավորումներ ունենալու դեպքում կարելի էր եւ աշխատել մեր ունեցած աշխատակազմի ճիշտ կեսով: Հին սարքավորումներով աշխատող մեր գործարանում ներկայումս աշխատում է մոտ 900 մարդ` ամսական միջինը 75 հազար դրամ աշխատավարձով: Մենք աշխատում ենք ցեմենտի արտադրության թաց եղանակով, որը նույնպես ավելորդ ծախսեր է առաջացնում, իսկ նոր տեխնոլոգիան ենթադրում է անցում` չոր եղանակին: Այս պահին ներդրումների ուղղությամբ բանակցում ենք 2-3 կազմակերպությունների հետ: Մեծ ներդրումները ռիսկային չենք համարում, եւ վաղ թե ուշ անցում է կատարվելու նոր տեխնոլոգիաներին: Սակայն, անշուշտ, այդ դեպքում ցեմենտի գինը պետք է բարձրանա:

– Ձեր արտադրական պրոցեսում այս կամ այն գործընթացը հեշտացնելու համար ընդհանրապես օգտվո՞ւմ եք տեղական գիտահետազոտական ինստիտուտների առաջարկներից:

– Ես երբեւէ նման առաջարկներ չեմ ստացել: Իսկ ընդհանրապես ցեմենտի արտադրության համաշխարհային փորձը շատ է առաջ գնացել, եւ պետք է դեռ կիրառել գործող փորձը: Տեղական գործարաններից համագործակցում էինք Չարենցավանի «Հաստոցաշինական», «Սարքաշինական» գործարանների հետ, սակայն նրանք չունեն արտադրական համապատասխան պոտենցիալ: Մեր գործարանի 2 հոսքագծերից միայն մեկն է աշխատում: Երկրորդ հոսքագիծը գործարկելու համար, այն էլ՝ հին տեխնոլոգիաներով, 10-15 մլն եվրո միջոց է անհրաժեշտ: Իսկ արտադրության չոր եղանակին անցնելու համար անհրաժեշտ է 150-200 մլն եվրո ներդրում: Սակայն կան կազմակերպություններ, որոնք համաձայնել են համագործակցել մեզ հետ:

– «Արարատի ցեմենտ» գործարանին համարո՞ւմ եք ձեր մրցակիցը: Սակագների առումով կարծես թե համաձայնությունն առկա է:

– Մրցակցության խնդիր չունենք: Շուկայի պահանջարկը մեծ է, եւ երկուսս էլ իրացնում ենք մեր արտադրանքը: «Արարատ ցեմենտն» աշխատում է չոր եղանակով, մենք` թաց: Մեր արտադրանքի վրա կատարվող ծախսերն ավելի շատ են, սակայն գների բարձրացումն իմաստ չունի: Մեծ շահույթներ չենք հետապնդում, հիմնականում աշխատում ենք ավելացնել արտադրանքի ծավալները: Մեր բնակչությունը դեռեւս պատրաստ չէ միջազգային գներին համապատասխան ցեմենտ գնել: Սակայն, եթե գազի գները Հայաստանում հասնեն միջազգային գների, ապա գների բարձրացումն անխուսափելի կլինի ոչ միայն ցեմենտի, այլեւ մնացած ապրանքատեսակների մասով:

– Որքա՞ն է ցեմենտի գինը միջազգային շուկայում:

– Տարբեր են: Օրինակ, Անգլիայում 1 տոննա ցեմենտն արժե 250-300 դոլար:

– Արտադրական ձեռնարկությունների համար բարձրացվել են բնապահպանական տույժերը: Կատարո՞ւմ եք ընդհանրապես գործարանի արտանետումների եւ արտադրական թափոնների ֆիլտրում:

– Մենք դեռ բնապահպանական տույժերի չենք արժանացել: Ցեմենտի արտադրության մեջ արտանետումները միշտ էլ անխուսափելի են: Հարցն այն է, թե ինչ քանակությամբ են դրանք: Քանի որ Ծաղկաձորը համարվում է հանգստի գոտի, ուստի առաջնահերթ մոտ 6 մլն դոլարի ներդրում ենք կատարել` վերազինելով ֆիլտրման համակարգը: Ներկայումս Դանիայի կառավարության տրամադրած 4 մլն եվրո ծրագրի շրջանակներում պետք է փոխենք որոշ սարքավորումներ, որը կնպաստի արտանետումների նվազմանը: Իսկ ջուրն արտադրության պրոցեսում օգտագործում ենք սարքավորումների սառեցման համար: Չկա ջրի քիմիական աղտոտվածության վտանգը: Հիմա պատրաստվում ենք ջուրն օգտագործել փակ ցիկլով, որն էլ կբերի ծախսերի խնայողության: